«Պետական պարտքի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ համաձայն առաջարկվող փոփոխության՝ ստացվում է, որ կառավարության պարտքը պետք է առանձնացվի պետության պարտքից:
«Վերջը կառավարությունն ո՞ւմ անունից է հանդես գալիս, էս տեսանկյունից կարո՞ղ ենք 10 միլիարդ պարտք վերցնել, եթե էս օրենքն ընդունվի ՀՀ-ն հնարավորություն կունենա՞ ևս 10 միլիոն դոլար պարտք վերցնել»,-հարցրեց նա գլխավոր զեկուցող Ատոմ Ջանջուղազյանին:
Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ՀՀ-ն դեռևս չի մոտենում պետական պարտքի վտանգավոր սահմանին, այն մայիսի 31-ի դրությամբ 4,6 միլիարդ դոլար է:
Փոխնախարարի խոսքով՝ պարտք-ՀՆԱ ցուցանիշը շուրջ 44% է եղել նախորդ տարվա ցուցանիշներով. «Էդ տեսակետից բավական հեռու ենք գտնվում նախատեսված վտանգավոր սահմանաչափերից»:
Ըստ նրա՝ այդ ցուցանիշների համաձայն ՀՀ-ն նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում է:
Փոխնախարարի խոսքով՝ այս սահմանափակումը կիրառելու հիմքում պարզ տրամաբանություն է դրված։
«Որոշակի չափից հետո ենթադրվում է, որ պետություն ավելի զգուշավոր քաղաքականություն պետք է վարի պարտք ներգրավելու հարցում: Տրամաբանական է, որ կառավարության պարտքի համար էլ կիրառվի սահմանափակումը»,-ասաց նա՝ նկատելով, որ այս մոտեցման համար ՀՀ-ն բացառիկ չէ՝ կիրառվում է և՛ ԵՄ, և՛ ԵՏՄ անդամ երկրներում:
Հովհաննես Մարգարյանն արձագանքեց, որ ՀՀ-ն արագ տեմպերով մոտենում է արտաքին պարտքի վտանգավոր եզրագծին՝ 6 մլրդ դոլարին:
Փոխնախարարը համաձայնեց. «Մենք իսկապես մոտենում ենք, բայց ոչ արագ տեմպերով, մենք էսօրվա դրությամբ 1,5 միլիարդ դոլար պարտք ներգրավելու հնարավորություն ունենք, բայց միայն հնարավորությունը բավարար չէ»,-ասաց Ջանջուղազյանը: