Ոչ մի բան այնպես չի վեհացնում տիրակալին, որքան ռազմական ձեռնարկումներն ու բացառիկ արարքները. Ներկայիս տիրակալների մեջ ուսանելի է Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ Արագոնացու օրինակը։ Նրան կարելի կլիներ անվանել նոր տիրակալ, քանզի սկզբում թույլ լինելով, կարճ ժամանակամիջոցում իր փառքով ու շուքով նա դարձավ քրիստոնեական աշխարհի առաջին թագավորը։ Նրա բոլոր գործերը կրում են մեծության դրոշմ, իսկ որոշ գործեր ուղղակի ապշեցնում են։ Նա իր հզորության հիմքը դրեց Գրենադայի համար մղած պատերազմում, որը ձեռնարկեց գահ բարձրանալուց շատ չանցած։ Նա, նախ պատերազմն սկսեց այն ժամանակ, երբ երկրի ներսում հանգիստ իրավիճակ էր տիրում, և ոչ մեկից երկյուղելու պատճառ չկար։ Ընդսմին, նա պատերազմի մեջ ներգրավեց կաստիլիացի բարոններին և վերջիններս պատերազմով զբաղված լինելով, մոռացան խռովությունների մասին։ Այդ ժամանակամիջոցում նա անաղմուկ իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջ իշխանությունն ու նրանց հնազանդեցրեց։ Բանակը պահելու փողը նրան տվեցին եկեղեցին ու ժողովուրդը։ Քանի դեռ պատերազմը շարունակվում էր, նա կազմավորեց նաև բանակը, որը հետագայում նրան փառք բերեց։ Դրանից հետո է՛լ ավելի նշանակալից ձեռնարկումներ ծրագրելով և դարձյալ գործելով որպես հավատի պաշտպան, նա հանդես բերեց բարեպաշտությամբ քողարկված դաժանություն՝ վտարելով մառանոսներին ու նրանցից մաքրելով թագավորությունը։ Դժվար է պատկերացնել ավելի անգութ և միաժամանակ ավելի բացառիկ քայլ։ Նույն պատրվակով նա հողեր գրավեց Աֆրիկայում, զորքերը մտցրեց Իտալիա և, վերջապես, պատերազմի մեջ մտավ Ֆրանսիայի հետ։ Ահա այսպես, նա ծրագրում ու իրականացնում էր մեծ գործեր՝ մշտական հիացմունքի ու լարման մեջ պահելով հպատակներին, որոնք ակնդետ հետևում էին դեպքերի ընթացքին։ Եվ այդ բոլոր ձեռնարկումներն այնպիսի արագությամբ էին հաջորդում մեկը մյուսին, որ տիրակալի դեմ դավեր նյութելու ժամանակ չէր մնում։
Տիրակալի հզորացմանը նպաստում են նաև պետության ներսում ձեռնարկած քայլերը, որոնք վերագրվում են մեսսեր Բեռնաբո դա Միլանոյին, այլ կերպ ասած, երբ որևէ մեկը քաղաքացիական կյանքում որևէ նշանակալի բան է անում վատ կամ լավ, ապա անհրաժեշտ է արժանացնել պարգևի կամ պատժի այնպես, որ դա հնարավորինս ավելի երկար հիշվի։ Բայց տիրակալի համար ամենագլխավորն այն է, որ նա իր բոլոր արարքներով աշխատի իր համար ստեղծել խելամիտ մարդու համբավ։
Տիրակալին նաև հարգում են, երբ նա բացեիբաց իրեն թշնամի կամ բարեկամ է հայտարարում, այսինքն, երբ առանց տատանվելու հանդես է գալիս ի պաշտպանություն մեկի և ընդդեմ մյուսի,― դա միշտ ավելի լավ է, քան չեզոք մնալը։ Որովհետև, երբ երկու հզոր տիրակալ գոտեմարտի են բռնվում, ապա հնարավոր հաղթողը քեզ համար կամ վտանգավոր է, կամ ոչ։ Երկու դեպքում էլ շահավետ է առանց վարանելու մտնել պատերազմի մեջ։ Քանզի առաջին դեպքում պատերազմին չմասնակցելով կդառնաս հաղթողի ավարը՝ հուրախություն և ի գոհացումն պարտվածի։ Այդ ժամանակ այլևս ոչ մեկից չես կարող պաշտպանություն ակնկալել. հաղթողը երեսը շուռ կտա դաշնակցից, որը նրան լքել է փորձության պահին, իսկ պարտվածը չի կամենա քեզ ապաստանել, քանզի զլացել ես նրան օգնության ձեռք մեկնել։ Անտիոքոսը, որին էտոլացիները հրավիրել էին Հունաստան հռոմեացիներին դուրս քշելու համար, բանագնացներ ուղարկեց աքայացիների մոտ, որոնք հռոմեացիների դաշնակիցներն էին, նրանց համոզելու, որ չմիջամտեն։ Հռոմեացիներն, ընդհակառակը, աքայացիներին համոզեցին մտնել պատերազմի մեջ։ Այնժամ, իրենց անելիքը որոշերւ համար աքայացիներր խորհուրդ գումարեցին, որի ժամանակ Անտիոքոսի պատվիրակը նրանց կոչ արեց զենքի չդիմել, իսկ հռոմեացիների պատվիրակն այսպես ասաց․ «Quod autem isti dicunt non interponcndi vos bello nihil magis alienum rebus vestris est, sine gratia, sine dignitate, premium victoris eritis»[4]։
Եվ միշտ թշնամին կոչ է անում մի կողմ քաշվել, մինչդեռ, բարեկամն առաջարկում է դառնալ իր զինակիցը։ Անվճռական տիրակալները, որպես կանոն, գերադասում են չմիջամտել, որպեսզի խուսափեն վերահաս վտանգից, և, որպես կանոն, դա նրանց կործանում է։
Բայց եթե անվարան անցնես կռվողներից մեկի կողմը և քո դաշնակիցը հաղթի, ապա որքան էլ որ նա հզոր լինի, ինչքան էլ որ նրանից կախված լինես, միևնույնն է նա քեզ պարտական է, իսկ մարդիկ այդքան էլ ապերախտ չեն, որ հարվածեն նաև դաշնակցին։ Բացի այդ, հաղթանակը երբեք այնքան կատարյալ չի լինում, որ հաղթողը համարձակվի իրեն սանձարձակ պահել և նույնիսկ կոխկրտել արդարությունը։ Իսկ եթե քո դաշնակիցը պարտվի, նա քեզ կպատսպարի, և քանի դեռ ի վիճակի է կօգնի, այնպես որ դժբախտության առումով կդառնաս նրա բախտակիցը, իսկ բախտն այնպիսի բան է, որ գուցե մի օր ժպտա նրան։
Երկրորդ դեպքում, երբ պատերազմողներից ոչ մեկից էլ վախենալու հարկ չկա, մեկին կամ մյուսին միանալը է՛լ ավելի խելամիտ քայլ կլինի։ Քանզի մեկի օգնությամբ կջախջախես մյուսին, թեև, եթե այդ առաջինը խելացի լինի, պիտի ոչ թե կործանի այլ փրկի հակառակորդին։ Իսկ հաղթանակից հետո դաշնակցիդ կենթարկես քո իշխանությանը, չէ որ միայն քո օգնությամբ է նրա հաղթանակն ապահովվում։
Այստեղ տեղին է նշել, որ ավելի լավ է խուսափել քեզանից ուժեղների հետ դաշինք կնքելուց, եթե դա թելադրված չէ անհրաժեշտությամբ, որովհետև, ուժեղ դաշնակցիդ հաղթանակի դեպքում կհայտնվես նրա բռի մեջ, իսկ տիրակալները պիտի զգուշանան իրենց նմաններից կախման մեջ ընկնելուց։
Վենետիկցիներն, օրինակ, դաշինք կնքեցին Ֆրանսիայի հետ ընդդեմ Միլանի դքսի, թեև կարող էին խուսափել դրանից։ Հենց դա էլ դարձավ նրանց կործանման պատճառը։ Եթե դաշինքից խուսափելու հնարավորություն չկա, ինչպես ֆլորենցիացիների պարագայում, երբ պապն ու Իսպանիան զորքերը շարժեցին դեպի Լոմբարդիա, ապա տիրակալը պարտավոր է մտնել պատերազմի մեջ, ինչի պատճառները վերևում նշել եմ։ Միայն թե մի կարծիր, որ ընդունածդ որոշումն այլընտրանք չունի, ընդհակառակն, պետք է կանխավ հաշտվել այն մտքի հետ, որ բոլոր որոշումներն էլ կասկածահարույց են, քանզի հայտնի բան է մի անախորժությունից խուսափելով ընկնում ես մյուսի մեջ։ Խելացի է նա, ով ծանրութեթև անելով բոլոր հնարավոր անախորժությունները, չարյաց փոքրագույնը համարում է որպես բարիք։
Տիրակալը նաև պետք է հովանավորի տաղանդներին, հյուրընկալի շնորհալի մարդկանց, խրախուսի այս կամ այն արհեստի կամ արվեստի բնագավառում աչքի ընկածներին։ Նա պետք է քաղաքացիներին խթանի հանգիստ խղճով զբաղվել առևտրով, հողագործությամբ ու արհեստներով, որպեսզի ոմանք կարգի բերեն իրենց կալվածքները՝ չվախենալով դրանք կորցնել, մյուսներն առևտուր անեն՝ չվախենալով, որ հարկերի պատճառով կսնանկանան։ Ավելին, նա պետք է պարգևներ ունենա նրանց համար, ովքեր հոգ են տանում քաղաքի կամ պետության բարգավաճման համար։ Նա նաև պետք է ժողովրդին զբաղեցնի տոնակատարություններով ու հանդիսություններով՝ դրանց համար տարվա մեջ հարմար պահ ընտրելով։ Հարգանք ցուցաբերելով համքարությունների նկատմամբ, որոնք միավորում են քաղաքների արհեստավորներին, տիրակալը երբեմն պետք է մասնակցի նրանց ժողովներին՝ իրեն դրսևորելով որպես առատաձեռնության ու մեծահոգության տիպար, ընդսմին, ամենայն բծախնդրությամբ ընդգծելով իր վսեմությունը, ինչը պիտի տեսանելի լինի նրա յուրաքանչյուր շարժման մեջ։
Հատված Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալը» աշխատությունից:
Սկզբնաղբյուր` grapaharan.org