Հիշում եմ և պահանջում 

«Ակօսը» ներկայացրել է գաղթ տեսած հարուրամյա Հեղնա տատի պատմությունը

Ստամբուլի Օրթաքյոյ շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգը երբ ղողանջում է, տիկին Հեղնան է երևում ճանապարհին։ Մաքրամաքուր մաշկ, արծաթագույն մազեր ու ոսկե սիրտ ունի նա։ Սև հագուստով, ձեռքին գեղեցիկ պայուսակ, միշտ նորաձև ու ուշադիր, իրական ստամբուլցի տիկին է նա... Մտնում է եկեղեցի, և եթե անգամ դեռ ոչ ոք չի եկել, մնացածին հարգելով՝ եկեղեցու առաջին շարքերում չի տեղավորվում, անցնում է հետև, եկող-գնացողով չի հետաքրքրվում, աջ ու ձախ չի նայում, աղոթում է բոլորի համար...



 

Մոտ 100-ամյա կինն իր մանկությունից որոշ դրվագներ է ներկայացրել «Ակօս»-ին, խոսել 1915-ը տեսած իր ընտանիքի պատմության մասին։



 

«Ծնվել եմ Յոզգաթի Չորքոդան գյուղում՝ 1916 թվականին։ Երբ 6 տարեկան էի, ընտանիքս Յոզգաթից Ստամբուլ՝ Օրթաքյոյ է գաղթել։ Մեր կամքով չենք գաղթել, թույլ չտվեցին մնանք։ Մեր հողերը, տունը նրանց մնաց։ Երբ հասանք այստեղ՝ մի մեծ տանն էինք ապրում՝ Յոզգաթից գաղթած 10-12 ընտանիքների հետ. ամեն սենյակում՝ երկու ընտանիք։ Տան այգին հույների և հրեաների գերեզմանի մոտ էր։ Թռչուններ, այծեր, անգամ՝ ձի ունեինք։ Հավերից ձու, այծերից կաթ էինք ստանում։ Հայրս Օրթաքյոյի Հայրապետ պապն էր։ Ձիով գնում էր և կարտոֆիլ ու սոխ վաճառում։ Օրթաքյոյում բոլորը գիտեին հորս։



 

Իրական պոլսահայերը մեզ «գաղթականներ» էին ասում։ Մեր տան տեղը բացատրելիս ասում էին «Գաղթականաց տուն»։ Մանկությունս ու երիտասարդությունս այդտեղ անցավ։ Այդ տնից հարս գնացի։ Ավելի ուշ այդ շենքն այրվեց։

 



Մայրս որդուն և եղբորն այդպես էլ չտեսավ

 

 

«Մորս անունն Աննա էր, սակայն բոլորը նրան Եվա էին ասում։ Չորքոդան հարս էր եկել։ 1915-ին մեկ տղա, մեկ աղջիկ՝ երկու զավակ էր ունեցել։ Ամուսինը սպանվել էր, երեխաներն աքսորի ժամանակ կորել էին։ Ինքը չէր աքսորվել, չգիտեմ, երբեք չի պատմել, թե ինչպե՞ս է, որ չի գնացել։



 

Այստեղ-այնտեղ մնացել է սոված ու ծարավ։ Չգիտեմ ինչ է տեղի ունեցել, բայց եղբայրս ու Ավետիս քեռիս աքսորի ճանապարհն են բռնել։ Մայրս տարիներ շարունակ զավակներից լուր էր սպասում։ Այդ ժամանակ նամակներ, փոխադարձ գրությունները հաճախ չէին լինում։ Հեռախոս էլ չկար։ Եղբայրս քեռուս հետ աքսորից հետո Բեյրութ էր հասել, հետո գաղթել էր Ֆրանսիա, ամուսնացել էր, երեխաներ էր ունեցել։ Միայն լուր էինք ստանում, նամակ։ Այդ ժամանակ կապն այսպես չէր։ Մայրս որդուն ու եղբորն այդպես էլ չտեսավ։ Մենք նրանց չճանաչեցինք։ Մայրս էլ, հորս նման, միշտ տխուր էր։ Երբ երեկո էր լինում և բոլորը ցրվում էին, լալիս էր»։


 

Հայրս միշտ տխուր էր
 



«Հայրս՝ Հայրապետը, ծնվել էր 1871 թվականին՝ Յոզգաթի Չորքոդան գյուղում։ 1915-ին զինվոր է եղել։ Կին ու որդի է ունեցել։ Երբ տուն է վերադարձել, ոչ մեկին չի գտել։ Որդին սպանվել է 1915-ին։ Մեզ շատ բան չէր պատմում, բայց միշտ տխուր էր։ Ես և եղբայրս՝ Գրիգորը, մեր ծնողների երկրորդ ամուսնությունից ենք ծնվել։ Ես 1916-ին Չորոդանում եմ ծնվել, ինձնից երկու-երեք տարի անց էլ եղբայրս ծնվեց։



 

Աքսորի ժամանակ հորաքույրս՝ Եղսաբեթը, երկու որդի է ունեցել։ Ամուսինը սպանվել է, փոքր որդին մոտն է մնացել, իսկ մեծին աքսորել են։ Հորաքույրս երկար ժամանակ որդու մասին տեղեկություն չի ունեցել։ Ավելի ուշ Բեյրութից լուր ստացանք, այնտեղի որբանոցում էր։ Հորաքույրս կրտսեր որդու հետ մեզ հետ էր ապրում։ Բեյրութի որդին էլ նրանց միացավ։
Հայրս մահացավ 1969-ին՝ 98 տարեկան հասակում՝ Ստամբուլում»։

Նույն շարքից