Նկատե՞լ եք՝ ինչպիսի տրամադրությամբ են Ամանորը շնորհավորելու գալիս ձեր հյուրերը: Առաջին հայացքից թվում է անհոգ են, ուրախ, դուռդ թակում և ծիծաղով ու զվարթ դեմքերով տեղավորվում են սեղանի շուրջ, սկսում զրուցել դեսից դենից:
Առաջին կենացներից, բարեմաղթանքներից հետո միանգամից խոսակցության թեման փոխվում է. Մոռանալով առիթն ու նպատակը՝ սկսում են հերթով հիշել, թե որ խանութում կամ սուպերմարկետում որ մթերքն էր թանկ, որում` ավելի էժան, որտեղից ինչ որակի մթերք են գնել, և, առհասարակ, երևանյան ո՞ր խանութներն են ավելի մատչելի և այլն:
Այնուհետև, զրույցի թեման կտրուկ փոխվում է և կանգ առնում ամենակարևոր հարցի վրա. Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը /«այս ամեն» ասելով` նկատի ունեն երկրի տնտեսական վճակը/: Անդարադառնալով ժողովրդի սոցիալական վիճակին, երկրի անորոշ հեռանկարին` մի խո՜րը հոգոց են հանում, միմյանց սիրտ տալիս հուսադրող «լավ կլինի»-ով ու չխկացնում բաժակները: Մի հարցում նրանք բոլորն իրավացի են` լավատեսությունն ու հույսը այն վերջին բարիքն է, որից հրաժարվել ոչ մեկս չի ուզում: