Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց պատմությունը չի մոռացվել. The Fresno Bee

Թուրքերի կողմից մի քանի տարի տևած հայերի կոտորածն ավարտվելուց հետո 1958 թվականին Ֆրեզնոյում բնակվողները դեռ վերամիավորվում էին պայքարի ընթացքում կորած ընտանիքի անդամների հետ։



Այդ նոյեմբերին տիկին Պերսապ Եգավյանը, ով առևանգվել էր թուրքերի կողմից 1914 թվականին, Ֆրեզնոյի օդանավակայանում իջավ օդանավից՝ ընկնելով երկու քույրերի գիրկը, որոնց չէր տեսել մոտ 45 տարի։

 

«Աստվա~ծ իմ,- ասաց նա հայերեն։- Աստվա~ծ իմ, ես ազատ եմ»։



Սան Խոակին հովտի հայերը հաջորդ ամիս կնշեն Ցեղասպանության 100-րդ տարելիցը. 1915 թվականի ապրիլի 24՝ օր, երբ հարյուրավոր մտավորականներ ձերբակալվեցվին և այնուհետև մահապատժի ենթարկվեցին։ Մինչև 1923-ի ավարտը մոտ 1.5 մլն հայեր՝ բնակչության 2/3-ը զոհվեց, երեխաներ որբացան։



Ցեղասպանության մեկնարկից մոտ 100 տարի անց Ֆրեզնոյի հայերը, ովքեր ուրախացել են նույն ազատությամբ, ինչ առաջին անգամ 1958-ին՝ տիկին Եգավյանը, վստահեցնում են, որ իրենց պատմությունը չի մոռացվել։



Հովտի հայկական պատմությունը սկսվել է Ցեղասպանությունից մի քանի տասնամյակ առաջ։ Առաջին հայը եկել է 1881 թվականին։ Հակոբ Սերոբյանը Մասաչուսեթսից այնտեղ էր տեղափոխվել իր առողջության համար։ Այնուհետև ներգաղթյալներին գրավել է տարածքի գյուղատնտեսական հողն ու կլիման։



1894 թվականին Ֆրեզնոյում 360 հայեր էին բնակվում՝ համաձայն Ուիլսոն Ուոիսի 1965 թվականին հրատարակված՝ «Ֆրեզնոյի հայերը» գրքի։ 1918-ին բնակչության թիվը 10.100 էր։



Նրանք, ովքեր աշխուժացրել են Ֆրեզնոն, անցել էին ծանր ճանապարհորդություններով։ 1922 թվականին մի պատմություն էր հրապարակվել The Bee-ում, ըստ որի՝ անապատում 4 տարի տևած պայքարից հետո Ռուսաստանից 11 հոգուց կազմված Աղաջանյանների ընտանիքը ժամանել էր Ֆրեզնո։

Նրանց ցավը չի դադարել ամերիկյան հողի վրա ոտք դնելով՝ գրում է հոդվածագիր Անդրեա Կաստիլոն։ Բարլոու Տեր- Մուգրդեիչյանը, ով զբաղվում է Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայկական ուսումնասիրությունների հարցերի համակարգմամբ, ասել է, որ բնակարանային և զբաղվածության հարցերով խտրականությունը լայնորեն տարածված էր վաղ օրերին։ Տարիներ են տևել մինչև առաջին հայն աշխատանքի է անցել որպես ուսուցիչ կամ ոստիկան։



1923 թվականին հպատակագրմամբ զբաղվող ծառայողները հարցաքննվել են դատարանում, թե արդյոք հայերը կարո՞ղ են լինել մոնղոլական ռասայի և հետևաբար՝ ոչ իրավասու քաղաքացիության համար։ Երբ 1927 թվականին բացվել է Pacific Southwest շենքը, հայ գործարարներին մերժել են գրասենյակային տարածքների հատկացման հարցում։



Ժամանակի ընթացքում հայերը Ֆրեզնոյում աղքատ աշխատողներից դարձան հաջող վաճառականեր և ֆերմերներ, թզի ու չամիչի արտադրության պիոներներ։ Շատերը լքել են Ֆրեզնոն և տեղափոխվել Լոս Անջելես և Սան Ֆրանցիսկո՝ 1930 թվականին Մեծ ընկճախտի վրա հասնելուն պես։



Հայերը շարունակեցին գաղթել հովիտ Խորհրդային Միության փլուզումից հետո։ 50 հազարանոց համայնքը պարծենում է տեղի կրթական հաստատություններով, կրոնական կազմակերպություններով և ամենամյա մշակութային փառատոնով։



Մուգրդեչյանի խոսքով՝ հայերին վերացնելու փորձն անհաջող էր։ Ներգաղթյալը երկու-երեք սերնդի ընթացքում հասցրել է հաջողության հասնել։



Ցեղասպանությունը վերապրած Սարգիս Պողոսյանը պատմել է իր պատմությունը պարբերականին 1995-ին և 1997-ին՝ հիշելով, թե ինչպես էին հայերը աղբի միջից սնունդ հայթայթել գոյատևելու համար։ Նա կորցրել է իր ողջ ընտանիքը։



Հայերն այժմ ներթափանցել են յուրաքանչյուր տեղական արտադրություն։ Պուլիտցերյան մրցանակակիր Վիլյամ Սարոյանն ու առաջատար գործարար ու բարերար Լեոն Փիթերսը եղել են հովտից։ Ջորջ Դեքմեջյանը, թեև Ֆրեզնոյից չէր, սակայն դարձավ Կալիֆոռնիայի հայ համայնքի հպարտությունը, երբ 1979 թվականին նահանգապետ ընտրվեց։ Անդրադարձ է կատարվում նաև քաջ նահատակ Մոնթե Մելքոնյանին։



Արդարության որոնման ջանքերը շարունակվում են։ Այս ամիս ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի 40 օրենսդիրներ վերսկսել են Ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերջին ջանքը, որը մշտապես առերեսվել է քաղաքական և դիվանագիտական դիմակայության։ Տարիների ընթացքում փոքր ու մեծ այլ ջանքեր են ձեռնարկվել։ Մի քանի վավերագրական ֆիլմեր են նկարահանվել Ֆրեզնոյում, գրքեր հրատարակվել, UCLA-ի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի ուսանողներն ավելի քան 800 վերապրածից հարցազրույց են վերցրել։



Ալան Ջենդյանը (Ցեղասպանության 100-ամյա Ֆրեզնոյի կոմիտեի անդամ) ասել է, որ Ցեղասպանության ճանաչումը կերաշխավորի, որ ապագայում կոտորածներ տեղի չունենան, սակայն հայերը չեն մոռանա տեղի ունեցածը ճանաչման կամ չճանաչման դեպքում։

Նույն շարքից