Հայաստան 

ՀՀ-ն հնարավորություն ունի դիմելու ՄԻԵԴ՝ Սիսի նստավայրը վերադարձնելու գործում որպես 3-րդ կողմ հանդես գալու համար.միջազգայնագետ

Հայաստանի Հանրապետությունը տեսականորեն հնարավորություն ունի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան`Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու գործում որպես երրորդ կողմ հանդես գալու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբան-միջազգայնագետ Վիգեն Քոչարյանը:

«Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի կարևոր պահանջներից է սեփականության ռեստիտուցիայի (սեփականության վերադարձ) իրականացումը, ինչի շնորհիվ պետք է վերականգնվեն խախտված իրավունքները և պատմական արդարությունը: Նշված պահանջը վերաբերվում է նաև Թուրքիային, որը, դրանից ելնելով, վերջին շրջանում որոշակի գործողություններ է սկսել կատարել այդ ուղղությամբ: Ընդհանուր կարգի համաձայն`այդ խնդիրները պետք է լուծվեն պետության ներսում, ինչով էլ պայմանավորված էր Արամ Ա Կաթողիկոսի հայտարարությունը` Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու օրինական պահանջը բավարարելու հայցով թուրքական դատարաններ դիմելու մտադրության մասին»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

2012 թվականի տվյալներով` վերջին տարիների ընթացքում Ստամբուլի հայկական հիմնադրամներից բռնագրավված 1328 միավոր անշարժ գույքից Թուրքիայի իշխանությունների կողմից վերադարձվելէ 143 միավոր անշարժ գույք:

Վիգեն Քոչարյանի խոսքով` թուրքական դատարաններում պահանջը չբավարարելու դեպքում հնարավորություն կստեղծվի դիմել միջազգային դատական ատյաններ, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

«ՄԻԵԴ դիմելու համար նախապայման պետք է հանդիսանա իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը: Այսինքն` պետք է պետության ներսում փորձել այդ հարցը լուծել, և դրական արդյունք չստանալու դեպքում հնարավորություն է ընձեռվում դիմել ՄԻԵԴ` համապատասխան կոնվենցիայի խախտված դրույթների վերականգնման համար»,- պարզաբանեց իրավաբանը:

Չնայած նրան, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները նախադեպային բնույթ ունեն, իրավաբանը չի գերագնահատում բացասական արդյունքի դեպքում հնարավոր հետևանքները: Նրա կարծիքով` գործը վերաբերում է հայցվորի կոնկրետ իրավունքների վերականգմանը, ուստի համապատասխան որոշումն էլ կոնկրետ այդ խնդրին պետք է վերաբերի: Իսկ դրական արդյունքի դեպքում` այդ դատավարությունը կարող է զգալի ազդակ լինել հենց Թուրքիայի կառավարության համար` իր պարտավորություններն այդ ոլորտում ավելի ակտիվ կատարելու համար:

Մեր հարցին, թե ինչ իրավական հնարավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը գործին մասնակցելու և աջակցելու համար` իրավաբանը պատասխանեց. «Տեսականորեն հնարավոր է, որ ՀՀ այդ դատավարությունում հանդես գա որպես երրորդ կողմ` հանդիսանալով շահագրգիռ անձ: Նման օրինակ եղել է Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործում, ուր դատավարության առաջին փուլում որպես երրորդ կողմ ներգրավված էր Թուրքիան, իսկ 2015թ. հունվարի 28-ին սպասվելիք դատավարության ընթացքում նման կարգավիճակով հանդես է գալու արդեն Հայաստանի Հանրապետությունը»:

Նույն շարքից