Տնտեսական և կառավարման համակարգի զարգացմանը զուգընթաց փոփոխվում և բարդանում են այդ համակարգերի վերևում կանգնած մարդկանց առջև դրվող պահանջները:Այդ իսկ պատճառով շատ կարևոր խնդիր է դառնում ղեկավար օղակներում աշխատող մարդկանց հոգեբանական առանձնահատկություններին անդրադառնալը, ինչը նրանց կօգնի ավելի արդյունավետ կատարել իրենց աշխատանքը: Բայց նախ անդրադառնանք ղեկավարների կենսագրական առանձնահատկություններին, որոնք ոչ պակաս կարևոր են կառավարչական գործունեության մեջ: Առաջինը տարիքն է, ապա սեռը, մշակութային –կրթական մակարդակը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը: Ղեկավարի համար նախընտրելի է է հասուն տարիքը, այն ներառում է գիտելիքների մեծ պաշար և փորձի առկայություն: Ինչպես նաև հետաքրքրական է այն փաստը, որ տարիքի հետ ղեկավարման ոճը խիստ է դառնում: Սեռի պարագայում մեծ դեր են խաղում սոցիալական ստերիոտիպերը, ըստ որոնց տղամարդը ավելի նախընտրելի է ղեկավարի դերում, բայց ժամանակի ընթացքում այդ մոտեցումը փոխվում է. կանայք ապացուցում են, որ կարող են լավ և արդյունավետ ղեկավար լինել: Ուղիղ կապ կա մշակութային-կրթական մակարդակի և արդյունավետ կառավարչական գործունեության միջև: Այն հաճախ պայման է, որպեսզի մարդը որևէ կառավառչական պաշտոն զբաղեցնի: Սոցիալ-տնտեսական կարգավիճակը պայմանավորվում է մարդու միջավայրը. ինչ ընտանիքում է ծնվել, ինչ շրջապատ ունի և այլն: Սրա հետ կապված Ֆ. Ֆիդլերն ասել է. «Որևէ կազմակերպության կառավարիչ դառնալու ամենահուսալի միջոցներից մեկը դրա սեփականատիրոջ ընտանիքում ծնվելն է »:
Կատարվել են մի շարք հետազոտություններ ղեկավարի անձնային որակների ուսումնասիրման և բացահայտման նպատակով, որոնց վերլուծության հիման վրա կարելի է առանձնացնել հետևյալ որակները.
Դոմինանտություն /բառացի- ազդեցություն/ -այն ենթադրում է մարդու` ուրիշներին իրեն ենթարկելու և նրանց վրա ազդելու հակումը: Այն ավելի շատ բնորոշ է ավտորիտար ոճին:
Ինքնավստահություն – սա ունի երկակի նշանակություն. այն մի կողմից օգնում է հենց իրեն` ղեկավարին, լավ անել իր գործը` վստահ լինելով սեփական ուժերի վրա, և մյուս կողմից էլ ազդում է աշխատակիցների վրա, որոնք ևս սկսում են վստահությամբ վերաբերվել նրան և նրա որոշումներին: Սրա պակասը բերում է անկայունության:
Հուզական կայունություն և սթրեսակայունություն – ղեկավարի հուզական վիճակները շատ արագ փոխանցվում են աշխատակիցներին: Նա պետք է այդ առումով կայուն լինի և կարողանա կառավարել սեփական հույզերը և չտրվի դրանց: Ինչպես նաև ավելորդ հուզականությունը խանգարում է ճիշտ և ռացիոնալ որոշումներ կայացնելուն: Սթրեսակայունությունը կարևոր է, քանի որ բիզնեսում սթրեսները շատ են, իսկ եթե ղեկավարը չկարողանա դրանց դիմակայել, ապա չի կարողանա արդյունավետ կատարել իր գործը:
Կրեատիվություն – ստեղծագործ մոտեցում ցուցաբերելու կարողությունն է տարբեր, մասնավորապես կառավարչական հարցերի վերաբերյալ:
Ձեռքբերման ձգտում և նախաձեռնողություն – սա պայմանավորված է ձեռքբերման դրդապատճառով: Սա ենթադրում է անիմաստ ռիսկերի չդիմել, բայց և չխուսափել դրանցից, քանի որ դրանք են զարգացման հիմնական միջոցը: Այս դրդապատճառն ունեցող մարդիկ սիրում են այն իրավիճակները, որոնք կառավարելի են իրենց կողմից և իրենք են պատասխանատու այդ իրավիճակի համար:
Պատասխանատվություն և հուսալիություն – սա դրսևորվում է սեփական խոստումը պահելու միջոցով: Շրջապատը սկսում է հույս դնել նրա խոսքի վրա:
Անձի անկախությունը – վերևից և ներքևից լինում են տարբեր կարծիքներ, հետաքրքրություններ և դիրքորոշումներ, որոնք երկու կողմից ճնշում են գործադրում ղեկավարի վրա: Նա պետք է կարողանա դրանցից ոչ մեկին չենթարկվել և դրանց միջև հավասարակշռությունը պահել: Պետք է ինքնուրույն կարողանա որոշել ինչն է ճիշտ, ինչը` սխալ: Հակառակ դեպքում մենք գործ կունենանք կոնֆորմիզմի հետ:
Շփվողականություն – միջանձնային հարաբերություններ հաստատելու, լայն սոցիալական շփումներ կառուցելու կարողություն: Սա ընկած է կառավարման հիմքում:
Դիտարկված բնութագրերն ու որակները շատ կարևոր են արդյունավետ կառավարում իրականացնելու համար, բայց չեն հանդիսանում այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա համար:
Հովսեփյան Սյուզաննա