Առասպելաբանությունը, կրոնը, փիլիսոփայութունը բոլոր ժամանակներում մտահոգված են եղել մարմնի և հոգու փոխկապվածության հարցերով և տարբեր ժամանակներում տարբեր հեղինակներ յուրովի են մեկնաբանել այդ կապը: Պլատոնը պնդում էր, որ հոգին իշխում է մարմնին, իսկ մարմինը միայն հանդիսանում է հոգու ցանկությունների և գաղափարների կատարող: Հիպոկրատն, ընդհակառակը, կարծում էր, որ հոգեկան գործընթացները մարմնական գործընթացների երկրորդական, աննշան արտացոլումն են, որոնք ենթարկվում են ունիվերսալ ֆիզիկական օրենքներին: Այս երկու մոտեցումներն էլ ճիշտ են, սակայն միակողմանի են ներկայացնում հարցի էությունը: Փորձենք հասկանալ դրանք:
Մի շարք հոգեբանական բացահայտումներ մեզ հնարավորություն են տալիս հասկանալ ինչպես է հոգեկանը կառավարում մարմինը: Մենք դա տեսնում ենք անընդհատ, մեր կյանքի ողջ ընթացքում, առավոտից երեկո: Մարմինը՝ մեր հնարամիտ մեխանիզմը, կատարում է բազմաթիվ բարդ և ճշգրիտ շարժական գործողություններ այնպիսի հոգեբանական ֆենոմենների ազդեցությամբ, ինչպիսիք են մտքերն ու ցանկությունները: Խոսքը՝ մարդու բոլոր սոմատիկ (մարմնական) գործառույթներից ամենասպեցիֆիկը, ընդամենն արտահայտում է մտքերը բարակ երաժշտական գործիքի՝ ձայնային ապարատի միջոցով: Մենք արտահայտում ենք բոլոր հույզերը ֆիզիոլոգական գործընթացների օգնությամբ, տխրությանը համապատասխանում է լացը, ամոթին՝ այտերի կարմրությունը: Բոլոր հույզերը ուղեկցվում են ֆիզիոլոգիական փոփոխություններով. վախը՝ սրտխփոցի հաճախացմամբ, բարկությունը՝ արյան ճնշման բարձրացմամբ, հիասթափությունը՝ հոգոցներով: Այս բոլոր ռեակցիաները այնքան շատ են մեր առօրյա կյանքում, որ մենք դրանք ընդունում ենք սովորականի պես և անգամ չենք էլ գիտակցում, որ ներառված ենք կենսաբանական գիտության մի մեծ գաղտնիքի մեջ: Միևնույն ժամանակ, ինչպես հույզերն են ազդում են մեր մարմնական գործառույթների վրա, այնպես էլ տեղի է ունենում հակառակ երևույթը, այսինքն ֆիզիոլոգիական փոփոխությունները ազդում են մեր հոգեկանի վրա: Դա երկկողմ շարժում է: Օրինակ, մենք ընդունում ենք ալկոհոլ, որը փոխում է մեր օրգանիզմի քիմիական բաղադրությունը և արագ արձագանքում ենք դրան տրամադրության փոփոխությամբ, կամ երբ ցավում է որևէ օրգան, մենք ունենում ենք բացասական հույզեր, տխրում ենք:
Հոգեկանի և մարմնի կապն ուսումնասիրող ուղղությունը ընդունված է անվանել պսիխոսոմատիկա կամ հոգեմարմանական ուղղություն: Հոգեմարմնական մոտեցմանը հաճախ անդրադառնում են հիվանդությունների ուսումննասիրման ժամանակ, քանի որ ենթադրվում է , որ շատ հիվանդություններ ունեն հոգեբանական հիմքեր: Հոգեմարմնական հայացքը բժշկությանը ենթադրում է նոր մոտեցում հիվանդության պատճառների ուսումնասիրմանը: Ինչպես արդեն նշվել է, այն փաստը, որ ուժեղ հույզերը ազդում են մարմանական գործառույթների վրա, վերաբերվում են մեր առօրյա կյանքի փորձին: Յուրաքանչյուր հուզական իրավիճակին համապատասխանում է մարմանական փոփոխությունների, հոգեսմարմնական արձագանքների յուրատեսակ դրսևորում, այնպիսիք, ինչպիսիք են ծիծաղը, լացը, զարկերակի փոփոխությունը և այլն: Ակնհայտ է նաև այն փաստը, որ այնպես, ինչպես պաթոլոգիկ միկրոօգանիզմների համար որոշակի օրգաններ օժտված են յուրահատուկ գրավչությամբ, այնպես էլ որոշակի հուզական կոնֆլիկտներ ունեն յուրահատկություն և հակված են ազդել որոշակի ներքին օրգանների վրա: Զսպված բարկությունը յուրահատուկ կերպով ազդում է սիրտ-անոթային համակարգի վրա, ձգտումը կախվածության և աջակցության կապված է մարսողական համակարգի հետ: Սեռական ցանկությունների միջև կոնֆլիկտը յուրահատուկ կերպով է ազդում շնչառական համակարգի վրա:
Համաձայն որոշ տեսաբանների՝ հոգեմարմնական հիվանդությունների հիմնական պատճառը սթրեսն է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սթրեսի ազդեցությունը հանգեցնում է հոգեֆիզիոլոգիական խանգարումների, որոնց պատճառով խանգարվում է նաև մարդու հարմարվողականությունը, ապա և ծագում է հոգեմարմնական հիվանդություն։ Այլ հեղինակների կարծիքով հոգեմարմնական դժվարությունների պատճառը անհատի ներքին հակասություններն են: Մեկ այլ տեսակետի համաձայն` հոգեմարմնական հիվանդությունն առաջանում է պաշտպանելու համար մարդու հոգեկանը, այսինքն մեր մարմինն իր վրա է վերցնում հոգեկան տրավմատիկ ապրումների ազդեցությունը` դրանով իսկ մեզ պաշտպանելով հոգեկան խնդիրներից:
Ներկայումս առանձնացվում են մի շարք հիվանդություններ, որոնց պատճառները հոգեբանական են, այդպիսի հիվանդություններից են բրոնխիալ ասթման, հիպերտոնիան, ռևմատոիդ արթրիդը, տասներկումատնյա աղիքի խոցը, նեյրոդերմիտը, խոցային կոլիտը, քաղցկեղը, ինֆեկցիոն հիվանդությունները և այլն:
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ մի շարք հվանդություններ ունեն հոգեբանական ծագում, որոնց կարող ենք անվանել հոգեմարմնական հիվանդություններ: Այդ մասին սկսել են ենթադրություններ անել այն ժամանակներից, երբ մարդիկ մարմնական հիվանդությունների հիմքում օրգանական պատճառներ չէին կարողանում գտնել և գիտնականները փորձեցին դա կապել հոգեբանական գործոնների հետ. մասնավորապես հոգեվերլուծողները պնդում էին, որ հոգեսոմատիկ հիվանդությունը հոգեբանական կոնֆլիկտի տեղափոխումն է մարմնական դաշտ, այսինքն՝ մարմինը հիվանդանում է՝ դրանով պաշտպանելով մեր հոգեկանը:
Հարգելի ընթերցող, ձեզ մոտ որևէ հիվանդության առաջացման դեպքում նախքան բժշկի դիմելը, փորձեք հասկանալ ինքներդ ձեզ, ձեր ապրումները և գուցե պարզեք, որ բժշկի դիմելու հարկ չկա և դուք ինքներդ կարող եք <<բուժել>> ձեր հիվանդությունը:
Հովսեփյան Սյուզաննա