Աշխատանքային գործունեությունը մարդու ակտիվությանամենակարևոր ձևերից մեկն է, որը նրան ինքնադրսևորման, ինքնազարգացման, սոցիալական և ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման հնարավորություն է ընձեռում: Այդ իսկ պատճառով աշխատանքային և մասնագիտական գործունեության հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրությունը հնարավորություն կտա բացահայտել այն գործոնները, որոնք պայմանավորում են յուրաքանչյուր աշխատանքի արդյունավետ կատարումը, ինչպես նաև հնարավորություն կտա խուսափել մասնագիտական գործունեության հնարավոր բացասական հետևանքներից, (մասնագիտական այրում, հոգեմարմնական խանգարումներ, անձնային և մասնագիտական ձևախեղումներ և այլն):
Մասնագիտական այրումը աշխատանքի, կոլեկտիվի և կազմակերպության հետ կապված բացասական ապրումների ամբողջությունն է: Այն հաճախ դրսևորվում է այն մասնագետների մոտ, որոնք ստիպված են շատ հաղորդակցվել մարդկանց հետ: Մասնագիտական այրման ցուցանիշներից են անտարբերության զգացումը, հուզական սպառվածությունը, բացասական դիրքորոշումը գործընկերների և հաճախորդների նկատմամբ, բացասական մասնագիտական ինքնաընկալումը, սեփական ոչ կոմպետենտության զգացումը:
Ցավոք, մասնագիտական այրումը վտանգավոր երևույթ է առաջին հերթին այն պատճառով, որ մարդը հաճախ չի կարողանում իրեն քննադատորեն վերլուծել և հասկանալ, որ ‘’այրվում է’’: Իսկ ինչպե՞ս հասկանալ, արդյոք մեզ մոտ առկա է մասնագիտական այրում թե ոչ: Դա հասկանալու համար կարելի է ծանոթանալ մասնագիտական այրմանը բնորոշ որոշ սիմպտոմների, դրանք են՝ խրոնիկական հոգնածության զգացում, հաճախակի և անհիմն գլխացավեր կամ ստամոքսաաղիքային տրակտի խանգարումներ, քաշի կտրուկ փոփոխություն, խրոնիկ անքնություն, ճնշվածություն, լարվածություն, աշխատանքը ձախողելու մշտական վախ, մշտական ուշացումներ աշխատանքից կամ ժողովներից, մեկուսացում կոլեկտիվից:
Մասնագիտական այրումը իրականանում է հետևյալ փուլերով.
Առաջին փուլ- սկսվում են թերացումներ աշխատանքի մեջ, և դրանք ընկալվում են անտարբերությամբ կամ հեգնանքով, անկախ նրանից, որ այդ սխալը կարող է բերել անգամ անդառնալի հետևանքների: Կախված գործունեության տեսակից, նյարդա-հոգեբանական ծանրաբեռնվածության մակարդակից, անհատական-հոգեբանական առանձնահատկություններից առաջին փուլը կարող է ձևավորվել տվյալ գործունեությունը սկսելուց հետո 3-5 տարվա ընթացքում:
Երկրորդ փուլ- աշխատանքի նկատմամբ հետաքրքրության կորուստ, շփման պահանջմունք /աշխատանքից դուրս/, ապատիա, դժգոհություն: Այս փուլում նկատվում են բացասական հոգեֆիզիոլոգիական երևույթներ, ինչպիսիք են գլխացավերը, արյան ճնշումը : Այս փուլն ընթանում է 5-ից 15-րդ տարիների միջակայքում:
Երրորդ փուլ- անձնային այրման փուլն է: Այն բնորոշվում է աշխատանքի և առհասարակ կյանքի նկատմամբ հետաքրքրության լիակատար կորստով, հուզական դատարկվածությամբ, կենսական ուժերի բացակայությամբ: Մարդը ձգտում է ավելի շատ շփվել կենդանիների հետ կամ առանձնանալ: Կարող են առաջանալ սուիցիդալ մտքեր: Ուժգնանում են հոգեմարմնական դրսևորումները: Այս փուլն ընթանում է 15-ից 20-րդ տարիների միջակայքում:
Այսպիսով, ինչպես հասկացանք, մասնագիտական այրման երկրորդ փուլից սկսած դրսևորվում են հոգեֆիզիոլոգիական և հոգեսոմատիկ սիմպտոմները, իսկ երրորդ փուլում արդեն ուժգնանում են և կարող են խանգարել մարդուն լիարժեք կյանք վարել: Հոգեմարմնական խանգարումները մարմանական խանգարումներ են, որոնք ունեն հոգեբանական պատճառներ: Այդպիսի պատճառներ են հիմանականում ներանձնային կոնֆլիկտներն ու ճնշված, չարտահայտված հույզերը, տվյալ պարագայում դրանք կապված են հիմնականում մասնագիտական գործունեության հետ: Եթե անձը, վերը նշված սիմպտոմները հաշվի առնելով, կարողանա հասկանալ, որ իր մոտ առկա է մասնագիտական այրում կամ իր մարմնական խանգարումները և հիվանդությունները ոչ թե ֆիզիոլոգիական հիմք ունեն, այլ հոգեբանական, նա առավել մեծ հավանականությամբ և արագությամբ կկարողանա դրանք հաղթահարել և վերադառնալ իր կյանքի բնականոն ընթացքին: Հաղթահարման քայլերից ամենակարևորը ինքդ քեզնից գլուխ հանելն է, այսինքն հասկանալ սեփական նպատակները, պատկերացնել ապագան, իմաստավորել սեփական կյանքն ու արարքները:Մյուս քայլը այն է, որ կարող եք փորձել այդ իրավիճակին նայել վերևից, ավելի գլոբալ տեսակետից:
Արդյունավետ են նաև հետևյալ միջոցները.
Կարծրատիպերի կոտրում- շաբաթվա մեջ մեկ կամ երկու անգամ շեղվեք սովորական գործերից, ինչ որ նոր բան արեք, որ երբևէ չեք արել:
Ֆիզիկական ծանրաբեռնվածության ավելացում- օրինակ զբաղվեք սպորտով, յոգայով և այլն:
Լիարժեք հանգիստ – օգտագործեք հանգստանալու ամենաչնչին հնարավորությունները, արձակուրդները մի օգտագործեք գործերի համար, այլ միայն հանգստի:
Գործունեության փոփոխություն- խնդրեք ղեկավարին փոխել ձեր պաշտոնը կամ առհասարակ փոխեք աշխատանքը:
Սրանք միայն մի քանի հնարներ էին մասնագիտական այրումը հաղթահարելու համար, սակայն ավելի գրագետ կլինի դիմել հոգեբանի, ինչը հնարավորություն կտա իրավիճակը հաղթահարել նվազագույն կորուստներով:
Հովսեփյան Սյուզաննա