Ապրելն ավելի ու ավելի դժվար է դառնում: Եթե անգամ դու խելացի ես, քեզ քչերն են գնահատում, մանավանդ, որ անընդհատ նորանոր գիտունիկներ են ի հայտ գալիս: Հիմարացված լինելու լավագույն միջոցը ինքդ քեզ գիտունիկ կարծելն է: Գիտունիկի ախտանիշները հեշտ ճանաչելի են: Օրինակ, նրանք բժշկին պատմում են, որ պետք է ճիշտ բուժում իրականացնել, հոգեբանին՝ ինչ խորհուրդներ պետք է տալ իրեն՝ գիտունիկին, իսկ ահա փաստաբանին՝ ինչպես ճիշտ պաշտպանել:
Նման դեպքերում ուզում ես հարցնել. եթե այդքան խելացի ես և ամեն ինչ գիտես, ինչո՞ւ ես եկել: Դրանից հետո ամենախելացին պետք է կողմնորոշվի՝ ինքն իսկապես ամենախելացին է, թե կան նաև այլ մարդիկ, ովքեր ինչ-որ բան են հասկանում: Ամենահամառ գիտունիկները միշտ իրենցն են պնդում՝ չճանաչելով ոչ մի հեղինակություն: Սովորաբար, նման համառությունը վատ է վերջանում: