Բանակը սոցիալական ինստիտուտ է, որը պետության մեջ կատարում է իր գործառույթները և սերտորեն կապված է պետության հետ: Այն պետության անվտանգությունն ապահովող զինված ուժերի համախումբ է: Բանակը սերտորեն կապված է հասարակական կյանքի հիմնական ոլորտների հետ: Եթե որոշ երկրների համար բանակը ունի սիմվոլիկ նշանակություն, ապա մեր երկրի բանակը` սկսած իր ստեղծման պատմությունից և պայմանավորված սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակով, աշարհագրական դիրքով, ունի կենսական և խիստ սռազմավարական նշանակություն: Այս հարցում կարևոր է հասարակության, հատկապես երիտասարդության վստահությունը զինված ուժերի նկատմամբ: Այդ վստահությունն էլ կախված է բանակի հեղինակությունից: Բանակի հեղինակությունը ուղիղ կապ ունի ժողովրդի կողմից նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ: Չկա հասարակություն, չկա հեղինակություն: Այդ պատճառով էլ բանակի նկատմամբ վերաբերմունքը հանդիսանում է պետության հեղինակության անքակտելի մասը: Հեղինակությունը հաճախ նույնացվում է իմիջի հետ: Իմիջն արտացոլում է հասարակության սպասելիքները, որոնք պայմանավորված են հասարակության կենսական պահանջմունքներով և հետաքրքություններով: Բանակի հեղինակությունը կերպար-պատկերների ամբողջություն է բանակի մասին, որը ոչ միշտ է ունենում իրական հիմք, բայց ունենում է մեծ սոցիալական նշանակություն ընկալողի համար: Այն սահմանափակում է մարդու ռացիոնալ- ճանաչողական բլոկը և ստեղծում է սոցիալ-հոգեբանական դիրքորոշում բանակի նկատմամբ: Այդ կերպար-պատկերների ամբողջությունը ներառում է մի շարք բաղադրիչներ, որոնք առանձին-առանձին պայմանավորում են հեղինակության էությունը: Բանակի հեղինակության հիմնական բաղադրիչներն են.
- Արտաքին ատրիբուտիկան /զինանշան, դրոշ, բանակի հիմն/
- Ռազմական համազգեստ
- Զորամասեր /սնունդ, կենցաղային պայմաններ/
- Զինված ուժերի պատմություն
- Բանակային ավանդույթներ
- Ֆինանսական վիճակ
- Սպայական կազմ
- Շարքային զինծառայող
- Ղեկավարման առանձնահատկություններ
- Պաշտոնական և ոչ պաշտոնական հաղորդակցման ձևեր
- Կորպորատիվ մշակույթ
Վերոնշյալ բաղադրիչներից յուրաքանչյուրի որակը, զարգացման մակարդակը էապես ազդում է բանակի ամբողջական ընկալման և նրա նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման վրա: Բանակի հեղինակության բարձրացումը զինված ուժերի ձևավորումից ի վեր եղել է պաշտպանության նախարարության գերակա խնդիրներից մեկը: Կարևոր է ոչ միայն իմիջի ստեղծումը , այլ ստեղծած իմիջի պահպանումը: Բանակը պետք է փորձի համապատասխանել իր ստեղծած իմիջին` այն արդարացնելով ու ամրապնդելով: Հակառակ դեպքում այն իր ազդեցությունը կկորցնի:
Հեղինակության բարձրացման աշխատանքները պետք է հիմնվի հետևյալ սկզբունքի վրա` «to live up to one`s image». ապրել սեփական իմիջին համապատասխան: Դժվար է իդեալական հեղինակության հասնել առանց ապահովելու զինծառայողների իրավական պաշտպանությունը, սոցիալ-տնտեսական համալիր խնդիրների լուծումը, ժամանակակից զիտեխնիկայի տրամադրումը: Վերոհիշյալ ֆունկցիաների իրականացումը քիչ տեսանելի է հասարակության կողմից, բայց դրանք առավել տեսանելի են դառնում, երբ այն լուսաբանվում է հաղորդաշարերի, ֆիլմերի, հոդվածների տեսքով:
Կատարվել է փոքրիկ հարցում երիտասարդ տղաների շրջանում բանակի հեղինակության վերաբերյալ, ինչի տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ մեր բանակի հեղինակության հարցն ունի երկու կողմ, նախ այն, որ կան բացթողումներ բանակային ծառայության կազմակերպման գործում, ինչն էլ հանգեցրել է հասարակության մեջ այն կարծիքի ձևավորմանը, որ օրինակ մեր բանակում սնունդը այնքան էլ լավը չէ կամ որ մեր սպայական կազմը բարեխիղճ չէ: Եվ կա երկրորդ կողմ, որ այդ կարծիքները այնքան էլ հիմնավոր չեն, բայց դրա պատճառն այն է, բանակի գործունեությունը ոչ պատշաճ ձևով է լուսաբանվում, ինչն էլ հանգեցնում է թյուր կարծիքների կամ ապատեղեկացվածության:
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ բանակի հեղինակությունը էական դեր է կատարում դրա զարգացման մեջ, քանի որ եթե երիտասարդ տղան, համոզված չլինի, որ իր բանակը լավն է ու հեղինակավոր, և որ իր երկրի բանակում ծառայելը պատվաբեր է իր համար, չի ցանկանա ծառայել և կխուսափի դրանից, ինչն էլ կհանգեցնի բանակային ռեզերվի նվազմանը և թուլացմանը: Այդ իսկ պատճառով ՀՀ բանակը պետք է զբաղվի ոչ միայն իր գործունեության պատշաճ կատարմամբ և վերը նշված գործոնների բարելավմամբ, այլև լրջորեն զբաղվի իր հեղինակության բարձրացմամբ, չնայած որ իր առաքելությունը լավագույնս կատարելու դեպքում, հեղինակությունը ինքնաբերաբար կբարձրանա, առանց որևէ միջամտության:
Հովսեփյան Սյուզաննա
Ոսկանյան Անի