Հոգեբանի անկյուն 

Հղիության հոգեբանական առանձնահատկությունները

Դեռ վերջերս համարվում էր, որ երեխայի կյանքը և զարգացումը սկսվում է միայն նրա ծնվելուց հետո: Սակայն պետք չէ մոռանալ, որ երեխան ձևավորվում, զարգանում և մեծանում է իր մոր արգանդում 9 ամիս: Բնությունը մորը ժամանակ է տալիս, որպեսզի նա ընտելանա և բացահայտի իր մայրությունը , որպեսզի հասկանա և ընդունի փոքրիկ մարդուկի զգացմունքները, որը գտնվում է իր ներսում:

 

Բացի այդ, հղիությունը տարբեր հուզական ապրումների շրջան է կնոջ կյանքում, որից հետո կինը վերջնականապես բաժանվում է մանկությունից և պատասխանատվություն է վերցնում ոչ միայն իր, այլև իր ապագա երեխայի համար: Միևնույն ժամանակ նա նոր մանկություն է ձեռք բերում իր երեխայի հետ: Հղիությունը, հատկապես առաջինը, կնոջ կյանքում իր նույնականությունը ձեռք բերելու ճանապարհին ճգնաժամային կետ է, որից ետադարձ չկա: Հղիությունը ենթադրում է կնոջ` որպես անկախ, առանձին էակի գոյության վերջ և մայր-երեխա հարաբերությունների սկիզբ:

 

Հղիության ընթացքում կանանց խորհուրդ է տրվում լինել հանգիստ և ներդաշնակ միջավայրում, չէ որ նրա բոլոր զգացողությունները փոխանցվում են երեխային: Մայրը պետք է հղիության ընթացքում կենտրոնանա միայն իր երեխայի վրա և հոգեբանորեն պատրաստվի նրա լույս աշխարհ գալուն: Շատ կարևոր է երկու ծնողների շփումը երեխայի հետ, քանի որ նա զգում է երբ նրա հետ խոսում են, նա կարողանում է տարբերել հայրիկի և մայրիկի ձայները:

 

Հղիության ժամանակ կնոջ հուզական վիճակի վրա մեծ ազդեցություն են ունենում ինչպես ամուսնու հետ հարաբերությունները, այնպես էլ իր մոր, քանի որ մայր-երեխա հարաբերությունների մասին մեր պատկերոցումները ձևավորվում են մեր սեփական մայրիկի հետ հարաբերությունների հիման վրա, և եթե դրանք բացասական են, կինը կարող է դրանից լարվածություն ունենալ և նրան սկսեն վախեցնել իր և իր երեխայի հարաբերությունները:

 

Կազմվածքի փոփոխությունները ևս կարող են որոշ կանանց մոտ անհանգստության պատճառ հանդիսանալ: Նրանց հիմնականում անհանգստացնում է իրենց ամուսնու վերաբերմունքը իրենց գիրությանը և մտածում են, արդյոք նա չի դադարի սիրել իրենց:

 

Շարունակելի…

 

Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից