Երեխայի ներարգանդային զարգացման յուրաքանչյուր փուլի հետ մեկտեղ կնոջ մոտ զարգանում է նաև մայրական բնազդը և այն շարունակում է զարգանալ նաև երեխայի ծնվելուց հետո: Ոչինչ և ոչ ոք երբեք չի կարող բացատրել կնոջ ապրումները, երբ նա իր կրծքի տակ զգում է իր մանկիկի առաջին շարժումները, բայց դրա հետ մեկտեղ նրան պարուրում են բազմաթիվ վախեր, որոնք նրան ուղեկցում են ամբողջ հղիության ընթացքում: Ապագա մայրիկը անհանգստանում է բալիկի առողջության մասին, այն մասին, թե արդյոք նրա մոտ ճիշտ են ընթանում զարգացման փուլերը: Այս ամենով հանդերձ նա նաև իրեն թերարժեք է զգում, մտածելով, որ չի կարողանա հոգ տանել փոքրիկ և անօգնական էակի մասին, ում համար պատասխանատու են ամուսինը և ինքը: Այս ամիսների ընթացքում չափազանց կարևոր է նաև հայրիկի գործոնը, դեռ չծնված մանկիկը առաջինը լսում է հոր ձայնը, զգում է նրա ներկայությունն ու վերաբերմունքն իր հանդեպ: Վարկած կա, որ հենց դրանով է պայմանավորված ծնվելուց հետո երեխայի սերն ու կապվածությունը հոր հանդեպ: Ամուսնու կողմից ցուցաբերած անգամ փոքրիկ անուշադրությունն ու ոչ հոգատար վերաբերմունքը կնոջ հանդեպ կարող է հանգեցնել վատ հետևանքների, որովհետև կնոջ ապրած ցանկացած բացասական հույզ անմիջապես փոխանցվում է երեխային: Այսպիսով, եթե ընտանիքում տիրում է առողջ մթնոլորտ և այնտեղ իշխում են սերն ու համերաշխությունը, այդտեղ կձևավորվի հոգեպես և ֆիզիկապես առողջ մանկիկ:
Հովսեփյան Քնքուշ