Ֆրուստրացիան բացասական հոգեկան վիճակ է, որն առաջանում է այս կամ այն պահանջմունքի չբավարարման հետևանքով /թարգմանաբար նշանակում է խաբեություն, անհաջողություն, նպատակների խափանում/: Այս վիճակը դրսևորվում է հիասթափության, տագնապի, բարկության և հուսալքության ձևով: Այս վիճակում մարդու գործունեության արդյունավետությունը կտրուկ ընկնում է: Ֆրուստրացիայի ուժը կախված է այն իրադարձության կարևորությունից, որի արդյունքում անձը ֆրուստրացվել է: Որպես հետևանք կարող է առաջանալ անինքնավստահություն: Հաճախ այն կարող է դառնալ նևրոզի պատճառ: Ֆրուստրացիայի առավել հաճախ հանդիպող հետևանքներից է դեպրեսիան:
Ֆրուստրացիայի պատճառները կարող են տարբեր լինել` սկսած հարազատ մարդու մահվանից` վերջացրած անարդար կերպով ստացած գնահատակամից: Առանձնացնում են պատճառների երեք հիմնական խմբեր`
- Բացասական սոցիալական գնահատական, որոնք շոշափում են անձի համար կարևոր ոլորտներ,
- Անսպասելիություն,
- Անտակտություն ու կոպտություն:
Ֆրուստրացիայի ժամանակ մարդը կորցնում է կյանքի կողմնորոշիչները, չի տեսնում առաջացած խնդիրների լուծումները: Իսկ որոշ մարդկանց համար ֆրուստրացիայի մեջ ընկնելն էլ յուրովի ելք է համարվում, քանի որ նրանք կարծում են, որ եթե անօգնական և հուսալքված ձևանան, մարդիկ և խնդիրները իրենց հանգիստ կթողնեն, այսինքն սա յուրօրինակ փախուստի մեխանիզմ կարող է լինել, որը մարդը հաճախ չի գիտակցում:
Ֆրուստրացիայի հետևանքով մարդու մոտ կարող են մի շարք վատ սովորություններ առաջանալ, օրինակ` ծխել, խմել, համակարգչային խաղերի չարաշահումը և այլն, սրանք արվում են ֆրուստրացիայից շեղվելու, այդ իրավիճակից դուրս գալու համար, բայց իրականում ավելի վատ են անդրադառնում անձի վրա և խորացնում են հոգեկան լարված և ճնշված վիճակը:
Հասուն և կայացած մարդիկ ֆրուստրացիայի վիճակում հազվադեպ են հայտնվում, իսկ հայտնվելիս էլ նրանց ռազմավարությունը հետևյալն է‘ ''Ես դեռ չգիտեմ, թե ինչ անեմ, բայց անպայման կսովորեմ և կհաղթահարեմ այն: Այս գլուխ կհանեմ, ես կկարողանամ’’: Համոզված եմ, որ մեր ընթերցողների մեծ մասը հենց այդպես էլ վարվում է:
Իսկ ֆրուստրացիայի հաղթահարմանը կանդրադառնանք հաջորդ հոդվածներից մեկում:
Հովսեփյան Սյուզաննա