Հոգեբանական մթնոլորտը խմբի հոգեբանական տրամադրվածությունն է, որը ձևավորվում է այդ խմբին հատուկ սոցիալ-հոգեբանական գործոնների ազդեցությամբ: Հոգեբանական մթնոլորտը անձնային հարաբերությունների որակական կողմն է, որը դրսևորվում է հոգեբանական պայմանների միասնության ձևով, որն էլ նպաստում կամ խոչընդոտում է արդյունավետ համատեղ գործունեությանը և անձի համակողմանի զարգացմանը այդ խմբում:
Բարենպաստ հոգեբանական մթնոլորտի ցուցանիշներ են.
- Խմբի անդամների վստահությունը և պահանջկոտությունը մեկը մյուսի նկատմամբ:
- Բարեկամական և գործնական քննադատությունը:
- Սեփական կարծիքի ազատ արտահայտումը:
- Ղեկավարության կողմից ճնշման բացակայությունը:
- Կոլեկտիվի տեղեկացվածությունը իրենց պարտականությունների և գործերի վիճակի մասին:
- Բավարարվածություն կոլեկտիվին կամ խմբին պատկանելուց:
- Հուզական ներգրավվածություն խմբում:
- Խմբի յուրաքանչյուր անդամի կողմից սեփական պատասխանատվության ընդունում գործի համար:
Շատ կարևոր է նշել, որ հոգեբանական մթնոլորտի բնույթը կախված է խմբի զարգացման մակարդակից: Հաստատված է, որ զարգացած կոլեկտիվի հոգեբանական մթնոլորտի և նրա անդամների համատեղ գործունեության արդյունավետության միջև դրական կախվածություն կա:
Կազմակերպություններում գործունեության և հոգեբանական մթնոլորտի օպտիմալ կառավարման համար ղեկավարից պահանջվում են հատուկ գիտելիքներ: Որպես հատուկ միջոցներ կարող են օգտագործվել հետևյալները` կադրերի ընտրության գիտական հիմնավորումը, ղեկավարող կադրերի ուսուցումը և պարբերական ատեստացիան, կոլեկտիվի կազմավորումը հոգեբանական համատեղելիության հիման վրա, աշխատակիցների մոտ փոխհասկացման և արդյունավետ փոխազդման հմտությունների ձևավորման նպատակով սոցիալ- հոգեբանական մեթոդների կիրառում: Այսպիսով, հոգեբանական մթնոլորտը կոլեկտիվում միջանձնային և խմբային հարաբերությունների վիճակն է, որն արտացոլում է գործնական տրամադրվածությունը, աշխատանքային մոտիվացիան և կազմակերպության աշխատակազմի սոցիալական լավատեսության մակարդակը:
Հովսեփյան Սյուզաննա