Կոնֆլիկտը մարդկանց շահերի, նպատակների հակասությունն ու բախումն է, որի հիմքում ընկած է մարդու պահանջմունքը: Կոնֆլիկտող կողմերից յուրաքանչյուրը ձգտում է բավարարել իր այս կամ այն պահանջմունքը` անկախ նրանից գիտակցում է դա այդ պահին թե ոչ:
Կոնֆլիկտների պատճառները լինում են օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ պատճառների շարքին են դասվում կոնֆլիկտի միջավայրի այն գործոնները, որոնք հանգեցնում են կոնֆլիկտող կողմերի շարժառիթների, հետաքրքրությունների, շահերի, կարծիքների, դիրքորոշումների բախմանը: Օբյեկտիվ գործոնները հանգեցնում են նախակոնֆլիկտային իրավիճակի ստեղծմանը: Որպես կոնֆլիկտի օբյեկտիվ պատճառ առանձնացվում են ռեսուրսների սահմանափակությունը, իրավունքների և պարտականությունների սխալ բաշխվածությունը,գործունեության վերահսկողության թերությունները, հաղորդակցման խզումները: Սուբյեկտիվ գործոնները հիմնականում կապված են կոնֆլիկտող կողմերի այնպիսի անհատական առանձնահատկություննեի հետ, որոնք դրդում են նրանց ընտրելու խնդրի կամ հակասության լուծման հենց կոնֆլիկտային, այլ ոչ մեկ ուրիշ տարբերակ: Դրանք են` մարդու վարքի հիմնական հոգեբանական դոմինանտները /արժեքային ուղղվածություն, շարժառիթներ, նպատակներ, հետաքրքրություններ, պահանջմունքներ և այլն/, բնավորության գծերն ու անձի տիպը, անձի դիրքորոշումները, անհամապատասխան ընկալումներն ու գնահատականները, վարքի ձևերը և բարոյական արժեքները:
Անդրադառնանք վերը նշված պատճառներից որոշներին ավելի մանրամասն.
- Ռեսուրսների բաշխվածություն. cանկացած, անգամ ամենամեծ ու ամեն ինչով ապահովված խմբում, ռեսուրսները միշտ սահմանափակ են: Դրանք բաշխելու անհրաժեշտությունը միշտ հանգեցնում է կոնֆլիկտների, քանի որ մարդիկ միշտ ուզում են ավելին, իրենց պահանջմունքները իրենց միշտ ավելի հիմնավորված են թվում, քան ուրիշներինը:
- Առաջադրանքների փոխկախվածությունը. Երբ մի մարդու աշխատանքը կախված է մյուսի աշխատանքից և մեկի թերացման պատճառով կարող է տուժվել նաև մեկ ուրիշը, կոնֆլիկտի առաջացման հավանականությունը մեծանում է:
- Նպատակների տարբերություններ. յուրաքանչյուր մարդ ունի իր նպատակը և եթե նրանց նպատակները էապես տարբերվում են, իսկ առավելևս հակասում կամ բացառում են իրար,շատ հեշտությամբ կարող է առաջանալ կոնֆլիկտ:
- Նպատակին հասնելու միջոցների տարբերություններ. երբ մարդիկ կարող են ունենալ նույն նպատակը, սակայն տարբեր կերպ պատկերացնեն դրան հասնելու ճանապարհը, ինչն էլ կհանգեցնի կոնֆլիկտի:
- Անբավարար հաղորդակցում. երբ մարդկանց միջև շատ սուղ է հաղորդակցումը, թե ինֆորմացիոն առումով, թե հուզական: Սա ոչ միայն կոնֆլիկտի պատճառ է, այլև հետևանք:
- Հոգեբանական առանձնահատկությունների տարբերություններ. խառնվածք, բնավորություն, ընդունակություններ, երբ սրանք անհամատեղելի են, մարդիկ կարող են հաճախակի կոնֆլիկտել միմյանց հետ: Նշեմ, որ հաճախ անհամատեղելի են լինում հենց նույն բնավորությունը կամ խառնվածքն ունեցող մարդիկ, այսինքն համատեղելիության հիմքում ընկած է ոչ թե նույնությունը, այլ փոխլրացման սկզբունքը:
Սովորաբար կոնֆլիկտի հիմքում միայն մեկ պատճառ ընկած չի լինում, դրանք մի քանի պատճառների համախումբ են, որոնցից որոշները կարող են անգամ չգիտակցվել կոնֆլիկտող կողմերի կամ կողմերից մեկի կողմից: Այսպիսով, կոնֆլիկտի առաջացման պատճառ հանդիսանում են ոչ թե միայն կենսաբանական, սոցիալական կամ հոգեբանական գործոններն առանձին-առանձին, այլ դրանց համատեղ ազդեցությունը:
Հովսեփյան Սյուզաննա