Հոգեբանի անկյուն 

Ձեռքբերման դրդապատճառի կարևորությունը լիդերի կայացման հարցում

Պատմության բոլոր ժամանակներում մարդիկ կարիք են ունեցել առաջնորդների, այնպիսի մեկի, ով կկարողանա համախմբել մարդկանց, կազմակերպել նրանց գործունեությունը և կառավարել նրանց: Մարդն այդ դերում պատահականորեն չի հայտնվում: Դրա համար նա պետք է շատ առանձնահատկություններով օժտված լինի:

 

Հաճախ առաջնորդի (լիդերի) կերպարը վերլուծելու համար օգտվում են այն հատկանիշներից, որոնց միջոցով լիդերն ազդում է մարդկանց վրա և նրանց նկատմամբ իշխանություն ձեռքբերում: Լիդերության հարցը քննարկվել է դեռևս անտիկ ժամանակներից հույն փիլիսոփաների կողմից (Սոկրատես, Պլատոն, Արիստոտել, Պլուտարքոս): Լիդերության թեման փակ էր համարվում միջնադարում` կրոնական արգելքների և միջնադարյան խավարամտությամբ պայմանավորված:  Եվ միայն XV-XVI դարերում Ն. Մաքիավելու կողմից վերսկսվեց այդ հարցի քննարկումը: Այժմ կառավարման ոլորտում դժվար է գտնել գիտական կամ հանրամատչելի որևէ ստեղծագործություն, որտեղ չհիշատակվի նրա անունը: Ն. Մաքիավելին լիդերության հիմքում դնում է անձի բնավորության գծերը: Նրա գաղափարները հիմք են ծառայել անձնային գծերի լիդերության հոգեբանական դպրոցի համար: Հետաքրքիր է նրա այն միտքը, որ լիդերը պարտադիր չէ, որ ունենա շատ առավելություններ կամ դրական կողմեր, սակայն խիստ անհրաժեշտ է այնպիսի տպավորություն ստեղծել, որ նա դրանք ունի. այս միտքն ընկած է PR միջոցառումների հիմքում: Հաշվի առնելով ղեկավարի անձնային որակները` Ն. Մաքիավելին կարևորում էր նաև իրավիճակի գործոնը. չի կարելի ժողովրդավարություն հաստատել բռնապետության մեջ և հակառակը:

 

Այսինքն` իրադրությունը, լիդերի անձնային որակները և ժողովրդի կողմից դրանց ընկալումը պետք է համապատասխանեն իրար կամ, գոնե, չհակասեն, որպեսզի լիդերը կայանա և արդյունավետ կատարի իր դերը:

 

Ինչպես վերը նշվեց, Ն. Մաքիավելու գաղափարներով ստեղծվեց անձնային գծերի լիդերության հոգեբանական դպրոցը: Այս դպրոցի տարբեր ներկայացուցիչներ (Ֆ. Գալտոն, Վ. Վուդս) տարբեր անձնային որակներ էին դնում լիդերության հիմքում: Ժամանակակից ուսումնասիրություններով Ս. Զախարոն, Ս. Կեմփը, Ռ. Բադերն առանձնացրել են լիդերին բնորոշ հետևյալ առանցքային հատկությունները, որոնցից մեծ կարևորություն են ներկայացնում դրդապատճառները, դրանք են՝ իշխանության հասնելու դրդապատճառ, ղեկավարման դրդապատճառ, ձեռքբերման դրդապատճառ :

 

Այս հոդվածի շրջանակներում մենք կանդրադառնանք լիդերի դրդապատճառային ոլորտին, մասնավորապես ձեռքբերման դրապատճառին, քանզի դրդապատճառներն են լիդերին մղում  առաջ: Լիդերին վերլուծել առանց հաշվի առնելու այն հենքերը, որոնք դրդում են նրան, կարելի է համարել տան կառուցում առանց հիմքը փորելու:

 

Շատ հոգեբաններ մարդու վարքի հիմքում տարբեր պահանջմունքներ ու դրդապատճառներ են դնում. սեռական պահանջմունք (Զ. Ֆրեյդ), ինքնաիրականացման պահանջմունք (Ա. Մասլոու, Կ. Ռոջերս), թերարժեքության բարդույթ կամ առավելության ձգտում (Ա. Ադլեր) : Այսպիսով դրդապատճառն այն է, ինչը մարդուն մղում է նպատակաուղղված ակտիվության: Մարդու վարքը դրդվում է մի քանի դրդապատճառներով, այսինքն ` վերը նշված բոլոր դրդապատճառներն էլ կարող են իրենց մասնաբաժինն ու յուրօրինակ դրսևորումն ունենալ մարդու, ինչպես նաև լիդերի վարքում:

 

Ձեռքբերման դրդապատճառն առաջին անգամ առանձնացրել է Գ. Մյուրրեյը: Նա տվել է հետևյալ սահմանումը . Հաղթահարել խոչընդոտները և հասնել բարձր դիրքի: Գերազանցել ինքդ քեզ: Մրցել ուրիշների հետ և գերազանցել նրանց: Ավելացնել սեփական ինքնահարգանքը սեփական հնարավորություների հաջող կիրառման շնորհիվ: Այնքան սերտ է  այս սահմանումը կապված լիդերի որակավորման հետ, որ կարելի է այն շփոթել լիդերի վարքը բնութագրող տեքստի հետ:

 

Ըստ գերմանացի գիտնական Հ. Հեկհաուզենի՝ ձեռքբերման դրդապատճառը փորձ է մեծացնել կամ պահպանել ցանկացած տեսակի գործունեության նկատմամբ մարդու ընդունակությունների բարձր մակարդակ: Ձեռքբերման դրդապատճառի բնութագրական ցուցանիշներից են` ա)ձեռքբերման գաղափարն ենթադրում է երկու հնարավորություն` հասնել հաջողության և անհաջողություն կրել: Ձեռքբերման դրդապատճառի բարձր մակարդակ ունեցող մարդիկ միտված են հաջողության հասնելու, բ) ձեռքբերման դրդապատճառը դրսևորվում է այն ժամանակ, երբ գործունեությունը կատարելագործվելու հնարավորություն է տալիս, գ)այն ուղղված է որոշակի վերջնական արդյունքի, նպատակի: Ընդ որում ձեռքբերման դրդապատճառին բնորոշ է նպատակի անընդհատ վերանայումը,դ) ձեռքբերման դրդապատճառի բարձր մակարդակ ունեցող մարդկանց բնորոշ է վերադառնալն իրենց կիսատ մնացած գործողություններին :

 

Ինչպես արդեն նշվեց, ձեռքբերման դրդապատճառը կարելի է դիտարկել նրա կազմի մեջ մտնող երկու դրդապատճառի միջոցով` հաջողության հասնելու և անհաջողությունից խուսափելու: Հաջողության հասնելու դրդապատճառն իրենից ներկայացնում է այն, որ հաջողության հասնելու ձգտումն է մարդուն մղում գործունեության: Այն իր մեջ ներառում է համարձակություն, համառություն, կամք և այլն: Այս դրդապատճառի առկայության դեպքում մարդուն չի վախեցնում գործունեության դժվարությունը, անորոշությունը, նրա համար ամենակարևորն այն հաջողությամբ իրականացնելն է: Անհաջողությունից խուսափելու դրդապատճառն այն է, երբ մարդը գործունեությունը փորձում է կազմակերպել այնպես, որ խուսափի անգամ ամենաչնչին ռիսկերից և խուսափում է այնպիսի գործունեությունից, որում կա որևէ բան կորցնելու վտանգ: Սա մարդու մոտ պահպանում է հնարավորինս հավասարակշռված վիճակ, որը գուցե չի տանում նրա վիճակի վատթարացմանը, բայց և ակնառու առաջընթացի էլ չի բերում:

 

Այսպիսով, եթե ամփոփենք լիդերին բնութագրող տեսությունները, կհասկանանք, թե որքան մեծ տեղ է հատկացվում նրա դրդապատճառային ոլորտին, մասնավորապես կարևորվում է հաջողության հասնելու դրդապատճառի (ձեռքբերման դրդապատճառի բարձր մակարդակը) դերը, քանի որ այն որակները, որոնք անհրաժեշտ են լիդերին (համարձակություն, կամք, ռիսկի դիմելու հակում, կատարելագործվելու միտում, գործը կիսատ չթողելու և այն միշտ ավարտին հասցնելու պատասխանատվություն), սերտորեն կապված են այդ դրդապատճառի հետ և դրանց դրսևորումը դժվար է պատկերացնել առանց հաջողության հասնելու դրդապատճառի:

 

Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից