Եթե մանկությունը կյանքի սկիզբն է, լուսաբացը, ապա ծերությունը կյանքի վերջն է` մայրամուտը: Եթե մանկական օրգանիզմը առավելագույնս ճկուն է, ապա ծերունական օրգանիզմը առավելագույնս ոչ ճկուն է, բայց միևնույն ժանամակ նրանք երկուսն էլ շատ փխրուն են:
Շատ հետաքրքիր է այն փաստը, որ գոյություն ունի ծերության տիպոլոգիա, այսինքն որոշ հեղինակներ որոշակի սկզբունքներով դասակարգել են ծերությունը մի քանի տիպերի: Դրանք են.
Ակտիվ, ստեղծագործական ծերություն- այն դեպքն է, երբ մարդիկ, թողնելով մասնագիտական աշխատանքը, շարունակում են մասնակցել հասարակական կյանքին, ապրում են լիարժեք կյանքով, չունեն անպետքության և ավելորդության զգացում:
Անձնական բարեկեցության բարելավմանն ուղղված ծերություն- երբ ծերերը ունեն բավականաչափ էներգիա և լավ հարմարված են կյանքին, սակայն նրանց ողջ էներգիան ներդրվում է սեփական կյանքի բարելավման համար` նյութական ապահովվածություն, հանգիստ, ժամանց:
Երրորդ տիպը , որտեղ գերակշռում են կանայք, իրենց ուժերն ուղղում են դեպի ընտանիք : Նրանք ժամանակ չունեն բողոքելու և տխրելու համար, սակայն դա չի նշանակում, որ նրանք բավարարված են իրենց կյանքով, ուղղակի խուսափում են մտածել իրենց սեփական կյանքի մասին` իրենց ողջ ժամանակը տրամադրելով ընտանիքին:
Չորրորդ տիպի ծերերի համար սեփական առողջության պահպանումը դառնում է կյանքի հիմնական նպատակ, ամեն ինչ անում են իրենց առողջական վիճակը բարելավելու համար: Նրանք հաճախ գերագնահատում են իրենց հիվանդությունները և մի չնչին բանի համար անգամ կարող են դիմել բժշկի և ընտանիքի ուշադրությունը պահանջել:
Նշեմ, որ առաջին երկու տիպերն ավելի բավարարված են իրենց կյանքով, քան վերջին երկուսը:
Իսկ դուք մտածե՞լ եք, թե ինչպիսի՞ն կլինեք, երբ ծեր լինեք: Շատ բան կախված է ձեր այսօրվա կյանքից:
Հովսեփյան Սյուզաննա