Հոգեբանի անկյուն 

Ընթերցե՛ք և փորձեք հասկանալ Ես-նույնականության որ տեսակն է Ձեզ մոտ առկա

analitik.am

Ես-նույնականությունը կարելի է սահմանել որպես է մարդու ընդունակությունը ընկալել իր վարքը և կյանքն ընդհանրապես որպես կապակցված ամբողջություն: Այն հեշտությամբ ձեռք չի բերվում, անգամ կան մարդիկ, որը դրան լիարժեք կերպով չեն կարողանում հասնել: Դրան հասնելը հաճախ ուղեկցվում է ճգնաժամով: Մարսիան առանձնացրել է նույնականության 4 տեսակ` հիմքում դնելով այն հանգամանքը, արդյոք անձի նույնականությունը ձևավորված է թե ոչ, ինչես նաև, ուղեկցվել է այդ գործընթացը ճգնաժամով թե ոչ: Ահա դրանք.

 


Վաղաժամ  նույնականություն

Այս կարգավիճակը վերագրվում է այն մարդուն, ով երբեք չի ապրել նույնականության ճգնաժամ, բայց այնուամենայնիվ ունի որոշակի արժեքներ, նպատակներ և համոզմունքներ: Այդպիսի մարդկանց մոտ նույնականությունը ձեռք է բերվում ոչ թե փնտրման արդյունքում, այլ ծնողների կամ այլ նշանակալի մարդկանց հետ նույնականացման արդյունքում:


Ձեռքբերված  նույնականություն

Այս կարգավիճակով օժտված է այն  մարդը, ով հաղթահարել է ճգնաժամերը և ձեռք է բերել  արժեքների,   նպատակների և համոզմունքների որոշակի համակարգ: Այդպիսի մարդը գիտի ով է և ինչ է ուզում, նա ինքն է կառուցում իր կյանքը: Նրան հատուկ է կայունության և վստահության զգացումը, ապագայի հանդեպ լավատեսությունը: Իր արժեքները,   նպատակները և համոզմունքները նրա համար անձնային նշանակություն ունեն և ապահովում են նրա կյանքի ուղղվածությունը և իմաստավորվածությունը:


Դիֆուզ նույնականություն

Այս կարգավիճակը բնորոշ է այն մարդկանց, ովքեր չունեն հստակ արժեքներ,   նպատակներ և համոզմունքներ և չեն էլ փորձում ձևավորել դրանք: Նրանք կամ չեն հայտնվել ճգնաժամային իրավիճակում, կամ էլ հայտնվել են, բայց չեն կարողացել լուծել առաջացած խնդիրները: Նույնականության բացակայության հետևանքով մարդիկ բազմաթիվ բացասական ապրումներ են ունենում` հոռետեսություն, ձանձրույթ, տագնապ, օտարացում, անօգնականության զգացում:


Մորատորիում

Սա ճգնաժամի մեջ գտնվող մարդու վիճակն է, որն ակտիվորեն փորձում է հաղթահարել այն: Այդպիսի մարդը անընդհատ գտնվում է այնպիսի տեղեկությունների փնտրման վիճակում, որոնք կարող են օգտակար լինել խնդրի հաջող լուծման` ճգնաժամի հաղթահարման համար :


Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից