Գիտություն 

Հայ ժողովրդի ծագման մասին Մովսես Խորենացու ավանդազրույցի ճշմարտացիությունը

Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում նշում է, որ հայ ժողովուրդը ծագել է Ք.ա. 2492 թվականին: Թեև պատմիչը նշել է, որ ճանապարհորդել է Բաբելոն և ուսումնասիրել հնադարյան աղբյուրները, այդ ժամանակաշրջանը երկար տարիներ համարվում էր առասպելական: Սակայն ամերիկացի գիտնականների կատարած վերջին հետազոտություններն ապացուցում են Խորենացու պատմության արժանահավատությունը:



Ինչպես հաղորդում է «Նյու Յորք Թայմսը», գենետիկները սկանավորել են Հայաստանի և Լիբանանի 173 հայերի գեները և դրանք համեմատել աշխարհի այլ 78 ազգերի գեների հետ: Պարզվել է, որ հայերը հնագույն ժողովուրդների խառնուրդ են, ում ժառանգներն այսօր բնակվում Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և մի քանի այլ տարածաշրջաններում: Գենետիկական ուսումնասիրությունների համաձայնˋ այդ ժողովուդների միախառնումը տեղի է ունեցել Ք. ա. 3000-2000 տարի առաջ, ինչը լիովին համընկնում է Մովսես Խորենացու տված թվագրության հետ:



Ք. ա. 1200 թվականից հետո Միջերկրական ծովի արևելյան ափի բրոնզեդարյան քաղաքակրթությունների անսպասելի անկումը, կարծես թե, հանգեցրել է մյուս ժողովուրդներից հայերի մեկուսացմանը: Հետագա տարիներին հայերի և մյուս ժողովուրդների միջև էական միախառնումներ տեղի չեն ունեցել, ինչի մասին վկայում են գենետիկ հետազոտությունները:



Այս մեկուսացումը պայմանավորել է հայկական մշակութային մի շարք առանձնահատկություններˋ լեզուն, այբուբենը, կրոնը:



Բացի այդ, գենետիկ հետազոտությունները շեղումներ են ցույց տվել հայկական արևելյան և արևմտյան հատվածների միջև, որն առաջացել է 500 տարի առաջˋ Օսմանյան և Սեֆյան դինաստիաների միջև բռնկված պատերազմի սկզբներին, երբ Հայաստանը բաժանվեց թուրքական և պարսկական կայսրությունների միջև:



Հետազոտողների հետաքրքիր բացահայտումներից է նաև այն, որ հայերը շատ ավելի մոտ են կանգնած 8 հազար տարի առաջ գյուղատնտեսությունը Եվրոպա բերած նեոլիթյան երկրագործներին, քան Մերձավոր Արևելքի ներկայիս բնակիչները:

Նույն շարքից