Հոգեբան Խաչատուր Գասպարյանը ընտանիքի միջազգային օրվա առթիվ Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտանիքը ինքնին համակարգ է, իսկ հայկական ընտանիքն իր կառուցվածքով փակ համակարգ է, և հաճախ լինում է, որ երբ մենք զրույցներ ենք ունենում երեխաների հետ, և նրանք ամենակարևոր խնդիրների մասին միշտ լռում են.
«Հոգեկան առողջության մեջ շատ կարևոր է ընտանիքի անցյալը: Մենք ծնվում ենք, երբ մեր ընտանիքներում արդեն ինչ-որ բաներ են կատարվել, և դա իր ազդեցությունն է ունենում մեր հետագա կյանքի վրա: Վառ օրինակ է Ցեղասպանությունը, որի միջով անցնում է ցանկացած հայ ընտանիք՝ անկախ նրանից իր նախնիներից որևէ մեկը եղել է ցեղասպանության անմիջական զոհ, թե ոչ:
Երկրորդ խնդիրն այն է, որ եթե ընտանիքի անդամներից մեկն ունի որևէ խնդիր՝ հոգեբանական, աշխատանքային, դա անմիջականորեն անդրադառնում է բոլորի վրա: Երեխաները չունեն սեփական հոգեբանական խնդիրները, նրանք իրենց վրա են կրում ընտանիքի խնդիրների ազդեցությունները, այսինքն ցանկացած խնդիր կապված է ընտանիքի հետ: Օրինակ, երբ երեխան գալիս է մեզ մոտ՝ գիշերամիզության խնդրով, բայց նա չունի օրգանական խնդիր, այդ դեպքում մենք միանշանակ անցնում ենք ընտանիքում առկա խնդիների քննարկմանը»: