Վերլուծական 

Խաչատուր Սուքիասյանն ուզում է զբաղեցնել Ծառուկյանի տե՞ղը

analitik.am

Քաղաքական վերջին դեպքերից հետո ընդդիմադիր օլիգարխները շտապեցին իրենց դիրքորոշումը հայտնել ՀՀ իշխանությունների նկատմամբ: Երկու օր առաջ  Խաչատուր Սուքիասյանը հարցազրույց է տվել Հանրային Հեռուստաընկերությանը:



Ինչպես հիշում ենք  Սուքիասյանի, այսպես ասած,  քաղաքականությունից դուրսմղումը տեղի ունեցավ  2008թ-ին, երբ  վերջինս սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչի արդյունքում կորցրեց իր քաղաքական լծակները, այնուհետև  2012թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ՝ Սարիբեկ Սուքիասյանը Կենտրոն վարչական շրջանում փորձեց վերադարձնել Սուքիասյանների ընտանիքի քաղաքական կապիտալը՝ առաջադրվելով ԱԺ ընտրություններում: Ընտրական պայքարում, սակայն,  հաղթեց Գարեգին Նուշիկյանը՝ ի դեպ, ինչքան էլ տարօրինակ լինի,  ԲՀԿ-ի օգնությամբ:


Սարիբեկ Սուքիասյանի ՛՛պարտությունից՛՛ հետո, Խաչատուր Սուքիասյանն ամբողջությամբ անցավ ընդդիմադիր դաշտ և իր տված բոլոր հարցազրույցներում ակտիվ քննադատում էր իշխանություններին և վերջիններիս վարած քաղաքականությունը:


 

07.05.2013թ-ին Սուքիասյանն իր հարցազրույցներից մեկում ասել է՝


Խաչատուր Սուքիասյան. - Տիգրան Սարգսյանի պես դպրոց, փորձ, այդ կարգի ինստիտուտներում պաշտոն ունեցած մարդ չկա: Շատ լուրջ փորձ ունի այս երկրում: Այս երկրի ամեն մի հատվածից տեղյակ է: Հիմա պարզ է` ճգնաժամի տարիները ընկավ, բայց ինքը բարեփոխիչ է` բոլորս լավ գիտենք, ինքը լավ տիրապետում է:

Հրայր Թամրազյանը. - Այդ դեպքում ինչո՞ւ չի բարեփոխում:


 

Խաչատուր Սուքիասյան. - Ես կարծում եմ քաղաքական համակարգից է, իր անձից չէ:



Այնուհետև, արդեն 18.09.2014 թ-ին տված հարցազրույցում Խաչատուր Սուքիասյանը ՀՀ տնտեսության զարգացման վերաբերյալ արտահայտում է  հետևյալ դիրքորոշումը՝ 

ՀՀ տնտեսությունը միշտ էլ ճգնաժամի մեջ է, ես չեմ վստահում պաշտոնական թվերին, նրանց ներակայացրած աճերին:  Պաշտոնական թվերը նույնպես հուսադրող չեն: Չեն ստեղծվել պայմաններ տնտեսության զարգացման համար: Տեղական արտադրողները վախ  ունեն: Մենաշնորհների դեմ պայքարը վատացել է, տեղաշարժ չեմ նկատում:


Նույն հարցազրույցում Սուքիասյանը նշում է, որ տեղաշարժ չի լինի մինչև  քաղաքական համակարգի փոփոխություն չլինի: Հիշեցնենք, որ այդ ժամանակ վարչապետ էր արդեն Հովիկ Աբրահամյանը:

 


Խաչատուր Սուքիասյանը մինչև վերջին օրերը բազմիցս խոսել է քաղաքական համակարգի փոփոխության մասին՝ այն ժամանակ, երբ վարչապետ էր Տիգրան Սարգսյանը, այնուհետև՝ Հովիկ Աբրահամյանը, ինչից կարելի է հետևություն անել, որ քաղաքական համակարգ ասելով Սուքիասյանն ի նկատի ունի ՀՀԿ-ին՝ մասնավորապես Սերժ Սարգսյանին,  չէ՞ որ, ըստ նրա խոսքերի ստացվում է, որ Տիգրան Սարգսյանը չի կարողանում ոչինչ փոխել՝ քաղաքական համակարգի պատճառով, Հովիկ Աբրահամյանը՝ նույնպես:


Ինչևէ,  Խաչատուր Սուքիասյանն իր երկու օր առաջ տված հարցազրույցում հայտնեց հետևյալ կարծիքը, որ  դրական միտումներ է տեսնում ՀՀ տնտեսական բնագավառում:

 


Սուքիասյանը  թվերով հիմնավորեց, որ ներդրումային վիճակը ՀՀ տնտեսությունում գրեթե նախանձելի է, ասելով, որ 2009թ-ին  ՀՀ-ի  ընդհանուր վարկային պորտֆելը եղել է 712 միլիարդ, այսօր 2 տրիլիոն 120 միլիարդ է՝ պատկերացնո՞ւմ եք ինչ աճ է եղել: Այդ գումարները գնացել են բիզնես նպատակների իրականացման համար:

Խաչատուր Սուքիասյանը հիացմունքով խոսեց  գյուղատնտեսության ոլորտում ստեղծված ինստիտուտների մասին,  որոնք գյուղացիների հետ պայմանագրեր են կնքում և արտահանում են ապրանքները ՀՀ-ից:

 

Դրսևորեց չափազանց սիրալիր վերաբերմունք ԵՏՄ-ի նկատմամբ՝ բավականին գործուն խորհուրդ տալով, որ ընդհանուր սահման չունենք՝ չունենք, պետք է  համոզենք Վրաստանին ՀՀ-ի համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի, այլ ոչ թե մտածենք խնդիրների մասին:


Սուքիասյանը համոզված է, որ ՀՀ բիզնես ոլորտում  մրցակցություն կա՝  մի քանի ամիս առաջ նա պնդում էր, որ մենաշնորհների դեմ պայքարում առաջընթաց չի տեսնում, բայց այսօր արդեն  ՀՀ-ում մենաշնորհ չկա:


Մենք ուրախ ենք, որ ընդդիմությունը վերջապես սկում է առողջ տրամաբանել և գնահատում է իշխանությունների ՛՛դրական՛՛ քայլերը: Ստվերային տնտեսության հետ կապված հարցին Սուքիասյանն ուղղակի պատասխանեց, որ  ամենամեծ գործոնը  մարդն է, ամեն քաղաքացի պետք է մտածի, որ ինչ-որ մի բանով պետք է զբաղվի՝ այդպես էլ չպատասխանելով ՀՀ-ում ստվեր կա, թե ոչ հարցին:


Սուքիասյանի նման կտրուկ քաղաքական մտածելակերպի փոփոխությունը գուցե պայմանավորված  է նրանով, որ նա  ընդդիմադիր հարթակում ցանկանում է զբաղեցնել Ծառուկյանի տե՞ղը, սակայն ձևավորել առողջ ընդդիմադիր ճակատ,  և մինչև քաղաքական ակտիվ գործունեություն սկսելը իր բուռն համակարա՞նք է հայտնում իշխանությունների, ԵՏՄ-ի ,ՌԴ-ի, վարչապետի և այսպես շարունակ, նկատմամբ:


Ինչևէ, ամեն դեպքում Սուքիասյանի ունեցած քաղաքական և բիզնես փորձը բացի օգուտից այլ վնաս չի կարող տալ Հայաստանին, ուստիև գուցե ավելի լավ լիներ, որ վերջինս դեռ տարիներ առաջ իշխանությունների հետ համագործակցելու որոշում կայացներ: 

 

 

Սուքիասյանի հեռահար քաղաքական նպատակներին կանդրադառնանք առաջիկա հոդվածներում:


 


 

Շարունակելի

 

 

 

Նույն շարքից