Ֆեյսբուք 

Ծաղրը հումոր է դարձել, փողոցային ժարգոնն՝ առօրյա խոսակցական

analitik.am

Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքկան իր էջում գրում է.

Վերջին կես դարվա ընթացքում պայծառ տոնական օրերի շարքը սկսել է համալրվել տարաբնույթ պայքարի օրերով: Վատն այն է, որ դրանք գնալով շատանում են՝ ապացուցելով համամարդկային թույլ կամքը մերժելի երևույթներն իսպառ վերացնելու հարցում:
Միջազգային օրացուցային օր է բռնության դեմ պայքարի օրը, ինչը, մեկ կամ մի քանի հիշեցման առիթ ունենալով, չի կարող անհետանալ:
Բռնություն կա յուրաքանչյուր բնագավառում: Դրան նպաստող գործոնների շրջանակը բավական լայն է՝ անտարբերությունից մինչև քարոզչություն:
Այսօր մեկ-երկու ֆիլմ կա ընդամենը հայրենական մեդիայում, որտեղ չկա բռնության ուղղակի կամ անուղղակի քարոզ: Մնացած բոլոր դեպքերում անհասկանալի, երբեմն անպետք ուժի ցուցադրությունն է՝ ժարգոնով, ծաղրով, զենք-զինամթերքի աքսեսուարներով:
Համբերությունը, հանդուրժողականությունը մեր եթերից հեռացել են, խոհանոց կամ բռնություն է մատուցվում:
Առողջ մտածելակերպ ձևավորելու պահանջն օրակարգային չէ ցավոք, իսկ մեր երեխաների բռնության դեմ իմունիտետը ձևավորվում է բռնությունների փոքր չափաքանակներով պատվաստումներով:
Վիճակագրությունն իրավացի է մի հարցում. նոր սերնդին, ինչպես և միջին, հին ու անգամ անցած սերունդներին ամենաշատը հետաքրքրում են ժամանցային և քրեական նյութերը: Քարոզչության սահմանը բռնությունն է, դաստիարակության հակաքայլը՝ դարձյալ բռնություն, բայց պաշտպանվելու նպատակով:
Հնարավոր չէ չնկատել, որ բարի մուլտերն ու ֆիլմերը ռիթմից ընկել են վաղուց, ծաղրը հումոր է դարձել, փողոցային ժարգոնն՝ առօրյա խոսակցական: Գուցե հենց վաղը բռնության ցանքսն իր հունձը դժվարանա արդարացնել…

Նույն շարքից