Վերլուծական 

«Արա՜, տեսա՞ք, Սերժ Սարգսյանի ախպորը բռնեցին…». «Հայոց աշխարհ»

analitik.am

«Հայոց աշխարհ»  թերթը գրում է. «Հունիսի 25-ին, ինչպես հայտնի է, իրավապահ մարմինները կարճ ժամանակով, «Անի» հյուրանոցից ելնելիս բերման էին ենթարկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, «ապօրինի զենք պահելու» կասկածանքով: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նրան նույն օրվա երեկոյան բաց են թողել, որեւէ մեղադրանք կամ այլ քրեաիրավական պահանջ, որքան հայտնի է, նախկին նախագահի եղբորը չի ներկայացվել:

Կառավարության երեկվա նիստը հարմար առիթ էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հարց ուղղելու. Ալեքսանդր Սարգսյանի մոտ եղած զենքն օրինակա՞ն է եղել, թե՞ ոչ: Լրագրողի այդ «ճակատային» հարցին Վալերի Օսիպյանը բառացիորեն պատասխանեց. «Ուրեմն տեսեք. մենք ի սկզբանե չգիտեինք՝ զենքն օրինակա՞ն ա, թե՝ ոչ: Բայց էն, որ մենք տեղեկություն ենք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանն իր մոտ եւ հետեւի երկրորդ մեքենայի մեջ կան զենքեր, դա փաստ է:

Եվ այդ փաստը ստուգելու համար ներկայացրեցինք ոստիկանություն: Ստուգեցինք, այո, այդ զենքերն օրինական են եւ հիմա փորձաքրեագիտականում են, անցնում են համապատասխան փորձաքննություն»: Ինչեւէ: Եղել է զենք։ Ու ոստիկանությունը, որ հարկ է ենթադրել, խիստ պատահաբար է դրա մասին տեղեկացել, ուրիշ այլ կերպ չէ՞ր կարող ստուգել՝ տվյալ զենքն օրինակա՞ն է, թե՞ ոչ:

Չի կարող որեւէ քաղաքացի օրինական հիմունքներով ունենալ զենք, կոնկրետ՝ հրազեն (ատրճանակ, ակոսափող կամ թեկուզ հենց որսորդական ողորկափող հրացան), որի մասին ոստիկանությունը տեղյակ չլինի կամ անտեղյակ լինի։ Չէ՞ որ հենց ոստիկանության համապատասխան բաժինն է զբաղվում օրինական զենքերի հաշվառմամբ (տեսակ, գործարանային համար եւ այլն):

Լավ, ենթադրենք, ունեին տեղեկություն: Եթե առանց «մասկի շոուի» պարզապես մոտենային, թեկուզ հյուրանոցի մուտքի մոտ, մարդավարի ասեին՝ այսպես ու այսպես, խնդրեմ, պետք է զենքի օրինականությունը ստուգենք, ի՞նչ էր լինելու: Բայց այդպես անհետաքրքիր է: Աղմուկ չկա: «Պատահական» նկարող չկա: Ձանձրո՜ւյթ։ Սակայն այս պատմությանը նետված թռուցիկ հայացքն իսկ բավարար է պարզորոշ հասկանալու համար, թե իրականում ինչ նպատակներ էին հետապնդում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, իսկ նրա միջոցով, հնարավոր է, նաեւ թավշյահեղափոխական կառավարությունը՝ ժողվարչապետի գլխավորությամբ: Այդ նպատակներից մեկը հենց աղմուկն էր՝ «արա՜, տեսա՞ք, Սերժ Սարգսյանի ախպորը բռնեցին…»:

Այսինքն՝ հանրությանն էլի մի աղմկահարույց տեսարանով ապահովելը: Աղմուկին զուգահեռ, դա նաեւ «ուժի ցուցադրություն» էր, որ տեսեք՝ իսկապես մորուսակիր երիտասարդները շատ լուրջ են տրամադրված: Կարճ ասած, ընդհանուր գովազդ, «փի-ար», ցուցադրականություն («պակազուխա»), ով որ տարբերակը կամ բնորոշումը հարմար կնկատի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից