Բիզնես 

Հայաստանում երկրաջերմային էներգետիկայի զարգացման համար կներդրվի 9 մլն դոլար

analitik.am

Հայաստանում երկրաջերմային էներգետիկայի զարգացումը հեռանկարային նշանակություն ունեցող ուղղություն է, որը կարող է էականորեն լուծել Հայաստանում էներգետիկ անվտանգության հարցը, այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը՝ տեղեկացնելով, որ «Կլիմայի ներդրումային հիմնադրամ»-ից շուրջ 9 մլն դոլար դրամաշնորհ է տրամադրվել Հայաստանին, որը կուղղվի երկրաջերմային էներգետիկայի զարգացման հնարավորությունների ուսումնասիրմանը: 

Նրա խոսքով՝ դա միակ տեխնոլոգիան է, որով հնարավոր է ապահովել էլեկտրաէներգիայի երաշխավորված արտադրություն, քանի որ և՛ արևային, և՛ հողմային, և՛ վերականգնվող էլեկտրաէներգիայի ստացման մյուս աղբյուրներն ունեն սեզոնային բնույթ։


«Կիրականացվի հետախուզական հորատում, որը ցույց կտա, արդյոք մեր երկրաջերմային էներգիան բավարար է կայան կառուցելու համար: Եթե պարզվի , որ անհրաժեշտ ռեսուրսներն առկա են և բավարար, ապա պետությունը մասնավոր ներդրողների կհրավիրի` այստեղ ներդրումներ անելու համար»,- ասել է Բաբայանը:


Թամարա Բաբայանը նշել է, որ երկրաջերմային կայան կառուցելու դեպքում սակագինն ավելի էժան կլինի, սակայն քանի դեռ ռեսուրսներն ուսումնասիրված չեն, դժվար է ասել, որքան կարժենա էներգիան:


«Որևէ մեկը ներկայում չի կարող ասել սակագինն ինչքան կլինի: Կախված ընդերքի ջերմաստիճանից և ռեսուրսների ծավալներից` կարող է տարբեր սակագին սահմանվել: Երբ ասում ենք, որ դա համեմատաբար էժան է, նկատի ունենք աշխարհում ընդունված սակագները»,- ասել է նա Բաբայանը:


Հիմնադրամի տնօրենի խոսքով` երկրաջերմային էլեկտրակայաններն աշխատում են օրը 24 ժամ և տարին 365 օր, որը թույլ է տալիս էներգիայի մեծ արտադրություն իրականացնել: Հայաստանի հեռանկարային տեղանքները երկրաջերմային էներգետիկայի զարգացման տեսանկյունից համարվում են Ջերմաղբյուրն ու Քարքարը` Սյունիքի մարզում և Գրիձորը` Գեղարքունիքում:


Մասնագետի հավաստմամբ` համեմատաբար նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանի Հանրապետությունը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում: Հայաստանի երկրաջերմային պոտենցիալը ներկայում գնահատվում է մոտ 30 մեգավատտ:

Նույն շարքից