Ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնումը, Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրումների կրճատումը և էներգակիրների սակագների բարձրացման հետևանքով արտադրության ծախսերի ավելացումը հանգեցրել է 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա վերլուծությունը: «Տարվա երկրորդ կեսին տնտեսական աճի տեմպը որոշ չափով կարագանա՝ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովմամբ, ինչպես նաև արդյունաբերության ճյուղի վերականգմամբ»,- ասաց Ջավադյանը:
Նա նշեց, որ պահանջարկի տեսանկյունից կարևոր խթան է հուլիսից պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը և զբոսաշրջության գծով արձանագրված աճի բարձր տեմպը: Ի տարբերություն նախորդ տարվա առաջին 7 ամիսներին արձանագրվել է բյուջեի փոքր պակասուրդ. 2013թ. հունվար-հուլիսին բյուջեն հավելուրդային էր, որի պարագայում ձևավորված ցուցանիշների ներքո հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է ընդլայնող ազդեցություն: «Ընդ որում, ողջ կիսամյակի ընթացքում հարկաբյուջետային ընդլայնում ակնկալածից ցածր է եղել, որը նպաստել է գնաճային միջավայրի մեղմմանը: 2014թ. ընթացքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար նվազել է՝ 2013թ. վերջին գրանցված 5.6 տոկոսից մինչև 2014թ. օգոստոս հասնելով 0.8 տոկոսի, իսկ սեպտեմբերին դարձել է 1.5 տոկոս»,- նշեց Ջավադյանը:
Դեռևս 2013թ. վերջին եռամսյակից ԿԲ-ն իրականացրել է դրամավարկային պայմանների թուլացում՝ նպատակ ունենալով նպաստել համախառն պահանջարկի վերականգմանը: Արդյունքում մինչև 2014թ. սեպտեմբեր ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.75 տոկոսային կետով՝ այն հասցնելով 6.75 տոկոսի: «Ըստ մեր գնահատումների՝ դրամավարկային պայմանների վերոնշյալ թուլացումը, զուգակցելով հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականության հետ, 2014թ. երկրորդ կեսից կնպաստի տնտեսական ակտիվության աճի տեմպերի վերականգմանը և նպատակային մակարդակի շուրջ գնաճի կայունացման 2015թ. առաջին կիասամյակում»,- ընդգծեց ԿԲ նախագահը:
2014թ. 7 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու դրամաշնորհները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 4.1 տոկոսով: Ըստ 2014թ. ՀՀ պետբյուջեի մասին ՀՀ օրենքի՝ տարվա ընթացքում հարկային եկամուտները կկազմեն ՀՆԱ-ի 23.24 տոկոսը: Պետբյուջեի ծախսերի կատարումը տարվա առաջին կիսամյակում ընթացել է ծրագրված համամասնությունների նկատմամբ զգալի տնտեսումների ձևավորմամբ: Այդուհանդերձ, փաստացի իրականացված ծախսերը 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ապահովել են շուրջ 10.3 տոկոս աճ: «Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայությունների ներքո ծրագրված ծախսերին համահունչ, 2014թ. հուլիսից սկսած, սկսվեց պետական աշխատավարձերի նոր համակարգի ներդրումը: Ըստ՝ 2014թ. պետբյուջեի մասին օրենքի՝ տարվա արդյունքում պետական ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 26.4 տոկոսը՝ նախորդ տարվա նկատմամբ ավելանալով մոտ կես տոկոսային կետով: Նշված զարգացումների ներքո 2014թ. Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի պլանավորած 2.3 տոկսը՝ փոքր ինչ գերազանցելով նախորդ տարվա պակասուրդի մակարդակը»,- ընդգծեց ԿԲ նախագահը:
Ամփոփելով Արթուր Ջավադյանն ընդգծեց, որ միջնաժամկետ հատվածում մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի, դրանք դրամավարկային քաղաքականության հետ կոորդինացված իրականացման շարունակականության ապահովման պայմաններում հնարավոր կլինի նախապայմաններ ստեղծել տնտեսական աճի արագացման և գնաճը նպատակային մակարդակի տատանումների թույլատրելի միջակայքում պահպանելու համար: