Վրույր Թադևոսյան
Մեդիահաղորդակցության ոլորտի միջազգային փորձագետ
Այսպիսի հասկացություն կա՝ զարգացած ու քաղաքակիրթ հասարակությունում իշխում է հարմարավետ ժողովրդավարական անազատությունը: Մենք կառավարվում ենք, ու ոչ թե այն պատճառով, որ քաղաքակիրթ ու զարգացած ենք, այլ՝ որովհետև այդ հոսանքի տակ ենք:
Դոգմատիկ ձևակերպումներից խուսափելով ու քննարկումների կիզակետից իջնելով, Գյումրիից՝ շփման գիծ ու սահմանամերձ գյուղեր անցնելով, չդադարող մոմավառությանը հետևելով, ռուսահայկական քոմենթահարումներով ու քաղաքացիական մտորումներով՝ մենք կորցնում ենք իրականը տեսնելու ժամանակը:
Հայ-Ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը գրեթե միշտ նկատվում են: Ու վախը, որ վաղը գուցե դու, կամ ընտանիքիցդ որևէ մեկը լինի հաջորդը, ստիպում է շնչառության վերջին դողով հետևել կենսագրությունների ավարտին: Հաջորդը…հաջորդը..հաջորդը… Ու ինչքա՞ն…
Ուզենք, թե ոչ՝ հային բնորոշողը, կամ կասեք՝ հայկականության առանձնահատկությունը հավաքվելն է, ցավակից լինելը, գլուխը կախ «դագաղ բռնելը»: Գյումրու ոճրագործությունը հերթական անգամ դժբախտության շուրջ հավաքեց հայերին, հերթական անգամ ոտքի հանեց, ու ցավոք՝ ընդդեմ սեփական իշխանությունների, սեփական ուժային կառույցների:
Այսպիսի մի արտահայտություն լսվեց կադրերում՝ «… արի ստեղ էղնինք օր գյուլլի բաժին չդառնանք...»: Դժվարը այս ամենը գյումրեցու ակցենտով մարսելն էր… Գյումրեցին, որ ապահովված չէր Ավետիսյանների ընտանիքի փոխարեն լինելուց, Գյումրեցին, որ չնայած 25 տարի է՝ դոմիկներում է օրվա հացի համար կռիվ տալիս, բայց մեկ է՝ առավոտյան բանակ է գնալու, ու սահման պահի, պաշտպանի նրան, ում գյուլլից թաքնվում է: Հասարակական պանիկան ամբողջացավ, երբ ակնհայտ ու անհասկանալի իրադարձությունների դեմ բողոքող ժողովուրդը ևս մեկ անգամ շիվար մնաց՝ չիմանալով՝ ինչ անել. Գնալ ընդառաջ այն հորդորներին, որ հանուն սահմանները հսկող զինծառայողների անվտանգության չպետք է շարունակել ընդվզումը, թե՞ բողոքել, պայքարել ու արդարություն փնտրել հանուն 3մլն-ի անվտանգության:
Ամեն անգամ քաղաքացիական կամքի դրսևորումն ընդդեմ քաղաքական կամայականության զուգորդվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ուժգնացմամբ: Ու այստեղ, եթե նույնիսկ գիտակցաբար չուզես էլ կանգ առնես, ենթագիտակցությունդ խոշտանգվողի բնազդով արգելակում է քեզ: Բա թշնամին, բա մենք աղքատ ենք, բա մենք թույլ ենք… բա մենք… բա մյուսները… Այստեղ՝ ընդմիջում: Տեսական մոտեցման կարիք կա:
Ճնշումը անընդունելի, անհանդուրժելի պատկերացումների ու գաղափարների հեռացումն է գիտակցությունից: Ում համար ընդունելի, ում համար՝ ոչ. սա է թեական հարցը: Մարդիկ դուրս են գալիս բողոքի այն դեպքում, երբ թաքուն հավատում են դրա արդյունավետությանը, երբ գիտեն, որ ոչ թե ձախողվելու են, այլ ձեռք են բերելու ավելին, քան ունեն, պաշտպանվելու են՝ պաշտպանելով: Մասսայական ղեկավարումն ու գիտակցության տևական կոդավորումը բերել է հակառակին. ավերակների վրա թագավորելու դյուրին լինելը թեորեմ է:
Մի ամբողջ համակարգ այժմ գործում է արհեստականացման, մտածածին կարիքների, վախերի ու պահանջների ստեղծման համար, հասարակությանը վերածելով անդեմ ու կտոր-կտոր գործիչների:
Եվ այս համատեքստում է, որ ազատությունը, որին այդքան ձգտում է անհատը, ընդամենը պատրանք է, ընտրություն պեպսիի ու կոլայի միջև, կախաղանի ու գնդակահարման միջև:
Մեր իշխանություններն այստեղ կիրառում են ճնշման բոլոր մեխանիզմները՝ թաքնված իդեալոգիաներով, թույլ տալով, որ մահկանացուներս ծածուկ հավատանք մեր աշխարհի ազատությանը: Ու քանի դեռ սահմանն անհանգիստ է, պատերազմը՝ քնած արջի պես, ու գյուլլեն՝ քոռ, մեզ ասում են՝ լռեք:
Ամենայն հայոց բանաստեղծը 1915-ին ազգի հոգեհանգստին կարդաց. «…մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կմնա…»: Գիտեր երևի, բայց չգիտեր, որ մի օր իր ազգն է սկսելու ինքնասնվել: