Վերլուծական 

Գյուղնախարարության հրապարակած գեղեցիկ, բայց ոչինչ չասող թվերը

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ամփոփեց 2014 թվականի ՀՀ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքները: Արդյուքներն էլ ինչ արդյուքննե՜ր` մեկը մեկից խոստումնալից ու խորհրդավոր, դե՛ , ինչպես յուրաքանչյուր տարի:


Սովորաբար, նման դեպքերում ասուլիս հրավիրողն իր ասելիքը սկսում է «վատ լուրով», որպեսզի «լավով» եզրափակի` տպավորություն ստեղծելու համար: Պարոն Կարապետյանը` հակառակը, գերադասեց «լավ լուրով» սկսել, իսկ դրանք այնքա՛ն շատ էին, որ նույնիսկ ներկա գտնվող լրագրողները չէին հավատում իրենց ականջներին…


Այսպես, պարզվում է` անցնող տարին (անկախ նրանից, որ շատ գյուղացիների համար բերքատվության առումով ամենավատն էր), և՛ բարեհաջող էր, և՛ արդյունավետ, և՛ դրական տեղաշարժերով լի: Թերևս զարմանալ կարելի է գյուղնախարարի կողմից հրապարակված այնպիսի վիճակագրական տվյալների վրա, որի համաձայն, ասենք օրինակ, դրական տեղաշարժեր են գրանցվել հողային ռեսուրսների (մասնավորապես` վարելահողերի օգտագործման բնագավառում, որի նպատակային օգտագործման մակարդակը  2014թ. կազմել է 74.2 տոկոս, նախորդ տարվա 71 տոկոսի դիմաց) ոլորտում:


Բանախոսի ներկայացմամբ, լայն թափ է ստացել բուսաբուծությունն ու անասնապահությունը` 2014 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են գյուղատնտեսական ցանքատարածությունները` 14.6 հազար հա-ով, բուսաբուծության համախառն արտադրանքն է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 6.3 տոկոսով: Բացի այդ, այս տարի, մթերքներից հացահատիկ և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալներն ավելացել են 7.8, ցորենինը` 9.2 , կարտոֆիլինը` 4.7, բանջարեղենինը` 8.1, խաղողինը` 7.1, խոտինը` 4.1 տոկոսով:

 

Այնուհետև պարզվում է, որ ցորենի բերքատվությունը կազմել է 32 ց/հա` նախորդ տարվա 31.3 ց/հա-ի դիմաց. և դա վերջը չէ. ներկայացված տվյալների հետ մեկտեղ բարձրացել է նաև ցորենի ինքնաբավության մակարդակը` 51 տոկոս, ինչը վկայում է հացահատիկային տնտեսության ինտենսիվ զարգացման մասին:

 

Ինչևէ, զարմանում ենք և շարունակում առաջ շարժվել . ՀՀ գյուղնախարարությունը դրական տեղաշաժ է արձանագրել նաև անասնաբուծության ոլորտում` 2014-ին նախորդ տարվա համեմատությամբ արձանագրելով բարձր ցուցանիշներ թե՛ անասնագլխաքանակի և՛ թե անասնաբուծական մթերքների արտադրության և իրացման ծավալների ավելացման առումով:
Երբ դիտում ես այս գեղեցիկ, բայց ոչինչ չասող թվերը, թվում է` այն մեր երկրի , առավել ևս մեր իրականության հետ ոչ մի կապ չունի : Եվ չգիտես` աչքիդ տեսածին հավատաս, թե՞ լսածին: Իհարկե, գյուղնախարարը խորհուրդ է տալիս ավելի շատ հավատ ընծայել սեփական ականջներին, և ոչ թե աչքերին, քանզի աչքի տեսածը ոչ միշտ է իրականությանը համապատասխանում…

 

Օրինակ, այսօր, շատ լրագրողների, գյուղնախարարության կողմից ներկայացաված այս «ֆանտաստիկ» վիճակագրական ցուցանիշներն անչափ անհավանական էին թվում , քանի որ ընթացիկ տարում ականտես էին եղել Հայաստանի տարբեր համայնքներում առկա գյուղացիական տնտեսությունների հետ կապված շատ խնդիրների , այդ առթիվ լսել ու տեսել բազմաթիվ բողոքներ ու դժգոհություններ:

 

Վերջիններիս համար, հատկապես, անհասկանալի էր, օրինակ՝  այն հանգամանքը, որ թեև գյուղնախարարը տեղեկացնում է թե ավելացել են ցանքատարածությունները, մթերքների արտադրության և իրացման ծավալները, այն դեպքում, երբ ողջ տարին մարդիկ բողոքում էին ոռոգման ջրի սակավությունից, բերքի պակասից և իրացման հետ կապված մի շարք խնդիրներից: Այդ ինչպե՞ս է պատահում նման անհամապատասխանություն, ո՞րն է դրա գաղտնիքը:

 

Ինչևէ,  լավ թե վատ, տարին փակվեց, ամփոփվեց նախարարության ողջ տարվա գործունեությունը, որպես կանոն ներկայացվեց հաշվետվություն. ներկայացվեց այնպես, ինչպես նպատակահարմար էր: Մնացածը, ինչպես ասում են, էական չէ:

 

Ամենակարևորը` նախարարը չմոռացավ համոզմունք հայտնել , որ գյուղատնտեսական հաջորդ տարին լինելու է ավելի բարենպաստ և ավելի խոստումնալից, իսկ նախարարությունն անելու է իրենից հասնող ամեն ինչ: Սա, բնականաբար, ևս «ավանդական կանոնների» շարքից է:

 

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից