Վերլուծական 

Դատապարտված անասնաբուժության անհաջող մեյքափը

2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից՝ արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար, թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր: Այս մասին հայտարարել են Սննդի անվտանգության պետական ծառայությունից:

Մսի սպառման շուկայում խնդիրներ միշտ էլ եղել են, և այն կարգավորելը բազմաշերտ է: Սկսենք այն հանգամանքից, որ ցանկացած հիվանդության դեպքում անասնատերն արագ մորթում է կենդանուն և միսն իրացնում: Նման դեպքեր հատկապես շատ են բրուցելյոզով հիվանդ կենդանիների դեպքում:

Նշենք, որ միսը ջերմային մշակման ենթարկելիս, դառնում է անվտանգ, կամ գրեթե անվտանգ: Որոշ մասնագետները խորհուրդ են տալիս, չօգտագործել այդ միսը, քանի որ մինչև վերջ ուսումնասիրված չէ բրուցելյոզով հիվանդ կենդանու միսը ինչպես է ազդում օրգանիզմի վրա, թեև եռացնելուց բրուցելլան ոչնչանում է:

Ինչո՞ւ բորւցելյոզ, որովհետև այս տարի ևս բրուցելյոզը արձանագրվում է անասնապահական շրջաններում, և անասնատերերը կենդանուն մորթում, իսկ միսը վաճառում են, քանի որ պետական աջակցություն որպես այդպիսին չի լինում, վերջին հույսը որոշ եկամուտ ստանալն է:

Իհարկե անառոջ միսը օրգանիզմի վրա այս կամ այն կերպ ազդելու է, իսկ ո՞վ է մեղավոր:

Այստեղ դարձյալ խնդիրը անասնաբուժական ծառայությունները հզորացնելն է, սակայն, ինչպես գիտենք, այս համակարգը գնալով անկում է ապրում: Անասնաբույժների միջին տարիքը մոտավորապես 60 տարեկանն է, և մտավախություն կա, որ որոշ ժամանակ անց պատկան կառուցները մասնագետ չեն գտնի՝ անգամ բարձր աշխատավարձով համապատասխան ծառայությունների համար: Այսօր 60 տարեկան և բարձր անասնբույժներն աշխատում են, քանի որ այլ տարբերակ չունեն, այն մասնագիտություն է, սակայն ոլորտը դատապարտված է. Ցածր աշխատավարձ, անտեսված վիճակ, արդյունքում անասնաբուժական ոլորտը արդեն խոցելի է:

Ինչո՞վ է սա վտանգավոր:

Ոչ թե պետք է տարբեր մսավաճառանոցներում ցուցադրական ման գալ և խնդիրները վերհանել (դրանք պետք է անեին տեսուչները), այլ պետք է անասնաբուժական ոլորտը և վերահսկողությունը հզորացնել, որ հիվանդ կենդանու միս շուկայում չհայտնվի:

Խնդիրը հիմքից լուծելու փոխարեն, կոսմետիկա են օգտագործում, որը վաղ թե ուշ մաքրվելու է:

Անասնատերերին մեղադրելը դժվար է, քանի որ մտածում են եկամտի աղբյուրի մասին, շատերը կորցնում են վերջին կենդանիներին, իսկ դիմացը ոչինչ չեն ստանում, եսասիրական է, սակայն անասնատիրոջ կորուստը ոչ ոք չի փոխհատուցում, միայն հիվանդ կենդանին: Իհարկե կան հիվանդություններ, որոնց դեպքում կենդանուն հարկադիր մորթի են ենթարկում և հողով ծածկում. այստեղ ևս խնդիր կա:

Լաբորատորիաները նմուշառման իսկության մասին լռում են, քանի որ նախ ոլորտը կխայտառակվի, նաև մարդկանց կորուստը պետք է որևէ կերպ փոխհատուցվի, նաև երկրի սննդամթերքի հեղինակության հարցն է:

Իսկ փոխհատուցելու մտադրությունը ոչ նախկին իշխանությունները ունեին, ոչ էլ ներկա իշխանություններն են տոգորված, այնպես որ հատկապես խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքերը չեն բացահայտվում, քանի որ պաշտոնական հաստատում լաբորատորիաները չեն տալիս, և չեն էլ տալու:

Եթե բրուցելյոզով հիվանդ կենդանու սեփականատերը կարող է իր հիվանդ կենդանուն մի կերպ, կոպեկներով իրացնել, ապա աֆրիկյան ժանտախտի դեպքում կորուստը 100 տոկոս է, որին գումարվում է նաև վարկային ծանր բեռը, որը մարդիկ մտադիր էին խոզի մսի վաճառքից ծածկեին:

Ահա այսպիսին է անասնաբուժական ընդհանուր իրավիճակը մեր երկրում, իսկ ՍԱՊԾ պետը, փոխարենը պատճառները վերացնի, փորձում է արդյունքը կարգավորել, իսկ նման դեպքում, որպես կանոն, արդյունավետությունը զրո է:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից