Վերլուծական 

Կառավարության ինչի՞ն է պետք տուրիզմ զարգացնել, եթե կարելի է լոլիկ աճեցնելով օլիգարխ դառնալ

Փաստ է, որ տուրիզմն այն եկամտաբեր ոլորտներից է համարվում ամբողջ աշխարհում, որի ընդհանուր շրջանառությունը միլիարդավոր դոլարների է հասնում: Աշխարհում քիչ չեն այն երկրները, որոնց բյուջեների առյուծի բաժինը ձևավորվում է հենց այս ոլորտում այդ երկրների կառավարությունների կողմից վարվող ճիշտ քաղաքականության արդյունքում ստացվող եկամուտներից: Իսկ ինչպիսի՞ պատկեր է տիրում մեզ մոտ՝ Հայաստանում, ու կոնկրետ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ:

 


Հայաստանը, որը վաղուց հայտարարել է, որ հավակնում է դառնալ տարածաշրջանում զբոսաշրջության կենտրոններից մեկը, իբրև հաղթահարելի ձող է նախանշել տարեկան 3 մլն ներգնա տուրիստ ունենալը: Սակայն արի ու տես, որ Հայաստանում առկա չեն տուրիստների համար նույնիսկ ամենատարրական հարմարավետություններից շատերը, որոնք էլ հենց,շատ հաճախ, այս ոլորտի աճը խափանող բացասական գործոններից են հանդիսանում. տարիներ ի վեր խոսվում է գոնե բենզալցակայաններին կից հասարակական զուգարաններ ունենալու գաղափարի մասին, սակայն այդպես էլ այդ գաղափարը կյանքի չի կոչվում:

 


 Մեկ այլ խնդիր է ճանապարհային քարտեզների ու երթուղիների հարցը: Չմոռանանք, որ շատ օտարերկրացիների համար մեծ նշանակություն ունի, թե իրենց կողմից այցելելիք երկրում ինչպիսի ճանապարհներ ու երթուղիներ են գործում և որքանով են դրանք անվտանգ:

 


Ուշագրավ է նաև կառավարության մեթոդոլոգիան Հայաստան այցելած տուրիստների քանակը որոշելիս: Պարզվում է, երբ կառավարությունը փորձում է հասկանալ, թե Հայաստանում տարեկան քանի զբոսաշրջիկ է իր հանգիստն անցկացում կամ որքան զբոսաաշրջիկ է ցանկություն հայտել  հյուրընկալվելու մեր երկրում, իր հաշվարկներում ներառում է նաև նրանց, ովքեր, ասենք, խոպաններում չարքաշ աշխատանքով զբաղվելով, հայրենիք են գալիս մի քանի կոպեկ աշխատելուց հետո, տոները Հայաստանում նշելու կամ այլ առիթներով:

 


Ակնհայտ է, որ ներկայումս ընդունված ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությամբ առաջնորդվելը, այսինքն`ամբողջ տարվա ընթացքում սահմանային այցելությունների վիճակագրական տվյալները որպես հիմք ընդունելը, այլևս սպառել է իրեն: Կարծում ենք՝ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե հաշվառում անցկացվեր տուրիստական խմբերի վրա հիմնվելով, այլ ոչ թե անհատական, կարճաժամկետ այցելությունները հաշվառել, քանի որ վերջիններիս մեջ կարող են մտնել նաև արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները, ովքեր կարճ ժամանակով վերադառնում են Հայաստան` ընտանիքի մոտ: Եվ այս ամենի ֆոնին,երբ ակնհայտ է,որ ոլորտը գտնվում է խորը ճգնաժամի մեջ ու կարիք է զգում հստակ պետական աջակցության, ակամա բախվում ես այս բնագավառի զարգացման համար նախատեսված 2015-ի բյուջետային հատկացումներին,որոնցով տուրիզմի ոլորտը կառավարությունից ստանում է ընդամենը՝ 188մլն. 400հազ. դրամ փող:

 

Պատկերացնո՞ւմ եք, մի ամբողջ ոլորտի զարգացմանը տրամադրվում է 188մլն. 400հազ. դրամ այն դեպքում, երբ  «Հրատարակչական, տեղեկատվական եվ տպագրական ծառայություններ» ծրագրին 2015 թվականի բյուջեով  հատկացվել է 314 000 000 ՀՀ դրամ: 


Մի՞թե նրանք չեն հասկանում,որ պետական գումարները պետք է ուղղորդել այն ոլորտներ, որոնք շահութաբեր են,որոնք կարող են 1-ի դիմաց՝ 10-ը եկամուտ տալ: Մի՞թե չէր կարելի կրճատումներ անել շատ ավելի անկարևոր ոլորտներից ու ազատ մնացած գումարները ուղղորդել, ասենք, ճանապարհային քարտեզների խնդիրը լուծելու համար: Կամ համապատասխան հատկացումներ կատարել՝ զուգարանային խնդիրը մեկընդմիշտ մեջտեղից վերացնելու ու համապատասխան գրավիչ պայմաններ ստեղծելու համար: Սրանք հարցեր են, որոնք 2015-ի բյուջեում այդպես էլ անպատասխան են մնում:

 


Հ.Գ.Կառավարության  ինչի՞ն է պետք տուրիզմ զարգացնել, եթե կարելի է լոլիկ աճեցնելով օլիգարխ դառնալ: 

Նույն շարքից