Հիշում եմ և պահանջում 

Տոն Սուրբ Խաչի Գյուտի

Խաչվերացի յոթերորդ կիրակին Սուրբ Խաչի Գյուտի տոնն է: Քահանաները զգեստավորված գալիս են ատյան և ասում «Հրաշակերտ և զօրեղ» օրհնությունը: Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ»: 

 

Երբ մեր Տերն ամբողջացրեց Իր փրկական տնօրինությունները և համբարձվեց երկինք, փրկական Սուրբ Խաչն անխնամ մնաց Գողղոթայում՝ իբրև դատապարտության և մահվան գործիք: Եվ գարնանը, երբ բույսերը ծաղկում են, ու մանուկներն իրենց սովորության համաձայն խաղում դալար խոտի վրա, մի կաղ մանուկ, իր ընկերների հետ խաղալիս, հանկարծ դիպչում է կենարար խաչափայտին, ինչից ամրանում են նրա ոտքերը, և նա անմիջապես սկսում է վազել և օրհնել Աստծուն ու գոհանալ կենսակիր նշանից: Այդ դեպքն առիթ հանդիսացավ, որպեսզի Սուրբ Խաչի համբավը տարածվի, և կաղերը, կույրերը, բորոտներն ու առհասարակ բոլոր հիվանդները բժշկվեն խաչափայտի միջոցով: Դրանից հետո Ս. Հակոբոս Տյառնեղբայրը խաչափայտը վերցրեց իր մոտ:

 

Սուրբ Խաչի գյուտով հավատացյալներն ուրախացան, իսկ անհավատները հույժ տրտմեցին: Իսկ հրեաները, ովքեր կամովին իրենց հեռացրին ճշմարիտ Լույսից, գլխահակ դարձան, որոնց մասին Ս. Եսային ասում է. «Ո՞վ է կույրը, եթե ոչ Իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթե ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց» (Եսայ. 42:19): Հրեաները, տեսնելով Սուրբ Խաչի սքանչելագործությունները, նախանձից այրվելով՝ Ս. Հակոբոսից հափշտակեցին խաչափայտը և դրեցին Երուսաղեմի տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որտեղ մի անդամալույծ էր մշտապես նստում՝ ողորմություն խնդրելու համար: Մի օր, երբ անդամալույծը երկար նստելուց նիրհում էր, Խաչի զորությունից հանկարծակի արթնանում է և ամբողջովին բժշկված՝ տեղից վեր թռնում և փառաբանում Քրիստոսին: Ապա մի բորոտ է բժշկվում, ամբողջովին իր վրայից թափելով ապականված մորթը և գոհություն հայտնում աստվածընկալ Խաչին: Այդ տեսնելով՝ հրեաները Սուրբ Խաչը տանում են ու դնում Տիրոջ գերեզմանի մեջ և մի վեմով փակում: Սակայն վեմի ճեղքերից հրաշալի լույս է ելնում ու բժշկում այն նեղյալներին, ովքեր այցելում էին Տիրոջ գերեզմանին: Այս անգամ հրեաները Աֆրոդիտեի պատկերն են կանգնեցնում վեմի վրա, որպեսզի ժողովուրդը կարծի, թե Աֆրոդիտեն է նրանց բժշկում:

 

Այդ օրերին Ս. Պետրոս առաքյալի միջոցով հավատի է գալիս Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, ով մեծ հույսով իր որդիների ու դուստրերի հետ Հռոմից գալիս է Երուսաղեմ՝ երկրպագելու տերունական վայրերին: Թագուհին այնտեղ շրջելուց հետո Ս.  Հակոբոս Տյառնեղբոր ընկերակցությամբ այցելում է Տիրոջ գերեզման և այն մաքրելուց, բացելուց և կարգի բերելուց հետո այնտեղ գտնում Տիրոջ Աստվածընկալ Խաչափայտը՝ դրված ավազակների խաչափայտերի հետ միասին: Այն պահին, երբ տիկինն ուրախացած մտնում է Տիրոջ հարության վայրը, նրա դուստրերից մեկը հանկարծամահ է լինում: Սուրբ Հոգու ազդեցությամբ նրանք մահացածի վրա հաջորդաբար դնում են խաչափայտերն ու աղոթում: Ձախակողմյան ավազակի խաչափայտից ոչ մի օգուտ չի լինում, իսկ աջակողմյան ավազակի խաչափայտի ազդեցությամբ բացվում է արքայադստեր միայն աջ աչքը:



Իսկ երբ մահացածի վրա դնում են Տիրոջ Խաչափայտը, արքայադուստրն անմիջապես կենդանանում է, և ներկաները, տեսնելով հրաշքը, խոնարհվում են ու երկրպագում կենարար խաչափայտը: Այսպիսով՝ երեք խաչափայտերից գտնվում է այն մեկը, որը պատկանում էր Տիրոջը: Ապա թագուհին խաչափայտը հանձնում է Ս. Հակոբոս Տյառնեղբորը և փոխարենը կենարար փայտից մի մասունք խնդրում, որը գոհությամբ վերցնելով՝ գնում է Հռոմ: Ս. Հակոբոս Տյառնեղբայրը խաչափայտը պահում էր եկեղեցում և Ծաղկազարդի տոնից սկսած մինչև սեպտեմբերի 14-ը, ամեն կիրակի՝ առավոտյան և երեկոյան, այն դուրս էր բերում, բարձրացնում ու ասում. «Խաչի Քո Քրիստոս երկիր պագանեմք...»:



Ապա խաչափայտը դրվում էր եկեղեցու սրբարանում՝ մինչև հաջորդ Ծաղկազարդի տոնը: Կլավդիոս կայսեր վախճանվելուց հետո իշխանությունն անցնում է Ներոնի ձեռքը, ով հալածանքներ է սկսում Տիրոջ Եկեղեցու դեմ: Հրեաներն էլ, օգտվելով առիթից, սպանում են Ս. Հակոբոս Տյառնեղբորը և խաչափայտը թաղում Գողգոթայի վրա, մի խոր փոսի մեջ, և այդ տեղը վերածում աղբանոցի: Խաչափայտն այդտեղ մնում է շուրջ երեք հարյուր տարի՝ մինչև Կոստանդիանոս բարեպաշտ կայսեր ժամանակները, երբ Եկեղեցին խաղաղություն է գտնում:

Նույն շարքից