Հիշում եմ և պահանջում 

Խաչի երկրորդ գյուտը

Երեք հարյուր տարի անց Հեղինե թագուհին՝ Կոստանդիանոս կայսեր մայրը, տեսիլքով Աստծուց հրաման է ստանում գնալ Երուսաղեմ, փնտրել ու գտնել Քրիստոսի Խաչափայտը և տնօրինական վայրերում տաճարներ կառուցել: Հեղինեն տեսիլքը պատմում է Կոստանդիանոսին և նրան հայտնում Աստծո հրամանը: Կայսրը հոժարությամբ ու մեծ հավատով ընդունում է մոր խոսքերը, միջոցներ է տրամադրում այդ գործն իրականացնելու համար և թագուհուն՝ մեծ շքախմբով ու բազում օգնականներով, ճանապարհում դեպի Երուսաղեմ:



Թագուհին, գալով Երուսաղեմ, քաղաքը գտնում է ավերված ու թալանված, այնպես՝ ինչպես մարգարեացել էր Եսային. «Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ, թշնամի ցեղերից ավերված ու ամայացած, ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում: Սիոնի դուստր Երուսաղեմը պիտի մնա լքված, ինչպես տաղավարը՝ այգում, մրգապահների հյուղակ՝ սեխի պարտեզում, ինչպես պաշարման մեջ գտնվող քաղաքը» (Եսայ. 1:7-8): Երբ 70թ. հռոմեական զորքերն ավերեցին Երուսաղեմը և հիմնահատակ քանդեցին տաճարը, սովից ու պատերազմներից մեկ միլիոնից ավելի հրեաներ կոտորվեցին, իսկ մնացածն էլ գերվեցին և ցրվեցին աշխարհով մեկ: Այդ օրերին Երուսաղեմն արդեն չուներ իր նախկին փառքը: Բացի այդ 64 թվականից սկսած մինչև 313 թվականը` մինչև Կոստանդիանոս Մեծի գահակալության երկրորդ տարին, Քրիստոսի Եկեղեցին մեծ հալածանքների ենթարկվեց: Հրեաներն ու հեթանոսները, չհանդուրժելով քրիստոնյաների մատուցած պաշտամունքը Խաչյալին, ամեն կերպ ցանկանում էին աշխարհի երեսից վերացնել Տիրոջ փառքը հիշեցնող ամեն ինչ, որպեսզի դրանով իսպառ ջնջեն Նրա հիշատակը: Այդ պատճառով էլ նրանք թաքցրեցին Տիրոջ Խաչափայտը` ավազակների երկու խաչափայտերի հետ միասին թաղելով այն հողում, և այդ տեղում կառուցեցին հեթանոսական կռատուն:

 

Այդ օրերին Երուսաղեմում միայն Հուդա անունով մեկը գիտեր խաչի գտնվելու վայրը, ինչին տեղյակ էր իր նախնիների գրավոր ավանդություններից: Սակայն նա չէր ցանկանում հայտնել և թագուհու խնդրանքներին ու հորդորներին անտարբեր է մնում, մինչև որ թագուհին ճարահատյալ բանտարկում է նրան: Հուդան վեց օր առանց հացի մնալով մի ցամաքած ջրհորի հատակում՝ ի վերջո հայտնում է խաչափայտի տեղը, և թագուհին ձեռնարկում է խաչափայտի որոնումները Գողգոթայի վրա: Խաչափայտը բավականին խորն էր թաղված հողի տակ, ինչը մեծ աշխատանք և շատ ժամանակ էր պահանջում որոնողներից: Սակայն Աստծո շնորհով թագուհին գտնում է երեք խաչափայտներն էլ և անգամ՝ Պիղատոսի ձեռքով գրված եռալեզու տախտակը:

 

Գտնելով խաչափայտը՝ թագուհին տրտմում է, քանի որ չի կարողանում զանազանել, թե այդ երեք խաչափայտերից որն էր տերունականը: Սակայն Երուսաղեմի պատրիարք Մակարիոս եպիսկոպոսը հավատով լուծում է այդ խնդիրը և փարատում թագուհու տրտմությունը: Նա աղոթքով Աստծուց նշան է խնդրում՝ ցույց տալու, թե որն է Սուրբ Խաչը: Եվ հրաշքը չի ուշանում: Մի կին երկարատև հիվանդությունից հետո մահամերձ վիճակում է լինում: Մակարիոս եպիսկոպոսը հավատում էր, թե Տիրոջ խաչը, որի վրա թափվել է Նրա Արյունը, կառողջացնի այդ կնոջը, եթե նրան մոտեցնեն Խաչափայտին:
Առաջին երկու խաչերը, որոնք ավազակներինն էին, կնոջը ոչ մի օգուտ չեն տալիս, սակայն երբ նրան հպում են Տիրոջ Խաչին, կինը լիովին առողջանում է, ոտքի կանգնում և Աստծուն փառք տալիս: Այնուհետև այդ Խաչի միջոցով, որով Տերը հաղթեց մահին և ավերեց դժոխքը, հարություն առավ մի պատանի, և էլի բազում հրաշքներ կատարվեցին, ինչը տեսնելով՝ շատ հրեաներ դարձի եկան ու մկրտվեցին: Հուդան էլ, ով ցույց էր տվել խաչափայտի գտնվելու տեղը, իր ցեղակիցների հետ մկրտվեց և անվանվեց Կյուրեղ**, մեծ շնորհների արժանացավ ու հասավ եպիսկոպոսի աստիճանի: Հետագայում նա Տիրոջ անվան համար նահատակվեց՝ արժանանալով մարտիրոսական պսակի:

 

* Ենթադրվում է, որ խաչափայտը գտնվել է 327 թ.-ին:

** Սա այն Կյուրեղն է, ում հիշատակում ենք Մեծի պահոց երկրորդ շաբաթ օրը, և տոնացույցում նա անվանվում է «մյուս Կյուրեղ», որպեսզի չշփոթենք Կյուրեղ Երուսաղեմացու հետ: Ըստ ավանդության՝ այդ Հուդա-Կյուրեղը Ս. Ստեփանոս Նախավկայի ցեղից էր:

Նույն շարքից