Հիշում եմ և պահանջում 

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կարող է լուծել նաև Սփյուռք դպրոցների խնդիրը. մարզային լսումներ Էջմիածնում

Եթե ունենք հզոր Հայաստանի տեսլական, ուրեմն բարեփոխումը պետք է սկսվի կրթությունից: Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում կայացած Կրթության գերազանցության ազգային ծրագրի հանրային լսումներին այսպես ներկայացրեց ծրագիրը «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը դահլիճում հավաքված ուսուցիչներին ու մի շարք դպրոցների տնօրեններին:

Տեր Մեսրոպը նշեց, որ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը ըստ արժանվույն կյանքի կոչելու համար հայ մասնագետներին օգնելու են Քեմբրիջի համալսարանն ու Լոնդոնի կրթության ինստիտուտը:

«Մենք պետք է կարողանանք մեր երեխաների տաղանդը զարգացնելու հնարավորություն ստեղծել, իսկ տաղանդների պակաս մենք երբևէ չենք ունեցել, նույնիսկ ավելին ենք տվել, քան պետք էր, երևի, փոքրիկ Հայաստանին: Դրա համար մեզ պետք է պատշաճ մակարդակի կրթություն, իսկ դա ապահովելու համար համապատասխան ուսուցիչներ է պետք պատրաստել»,- ասաց նա:

Տեր Մեսրոպն ընդգծեց, որ ծրագրով նախատեսվում է ՀՀ դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր՝ «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ), որին համապատասխան որակավորում էլ պետք է ստանան ուսուցիչներ:

«Ծրագրի հենց առաջին փուլում նախատեսվում է ուսուցիչների վերապատրաստումը, որից հետո 12 ավագ դպրոցներում՝ երկուսը Երևանում, մեկական յուրաքանչյուր մարզում և մեկ դպրոց էլ Արցախում, կսկսենք ծրագիրը: Մինչև 2023թ-ը Արարատյան բակալավրիատը մտնելու է բոլոր ավագ դպրոցներ՝ առնվազն մեկական հոսքային դասարաններում»,-ասաց նա:

Տեր Մեսրոպն ընդգծեց, որ ծրագրի շրջանակում նախատեսում են սերտ համագործակցություն կրթական բարձրագույն հաստատությունների հետ, որոնք պատրաստում են ուսուցիչներ:

«Ծրագիրը կարող է նաև դառնալ համահայկական և լուծում նաև Սփյուռքի մեր դպրոցների համար, քանի որ նրանք էլ որակի բարձրացման կարիք ունեն»,– նշեց նա:

Հանրային լսումների ընթացքում Գրիբոյեդովի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերգեյ Թադևոսյանը նշեց, որ ինքը ևս կարևորում է ազգային արժեհամակարգի ձևավորումը, բայց այդ դեպքում ի՞նչ պետք է անեն Քեմբրիջի համալսարանի մասնագետները, արդյո՞ք օտար արժեքներ չեն ներմուծի Հայաստան:

Ի պատասխան Տեր Մեսրոպը ընդգծեց, որ Քեմբրիջի համալսարանի կողմից արժեքներ չեն պարտադրվելու, և ընդհանրապես որևէ բան չի պարտադրվելու:

«Մենք ենք որոշելու, թե որոնք են մեր արժեքները, արժեքային պարտադրանքը բացառված է: Քեմբրիջը 800 տարեկան է և աշխարհի 125 երկրներում կրթական ռեֆորմներ է իրականացրել և իրականացնում: Մենք չենք պատճենահանելու որևէ բան, մեր հայրերի ուղղուց ու նպատակներից չենք պատրաստվում շեղվել ու արատներ ներմուծել»,-ասաց նա:

Այգեկ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք հայագիտությունը չի տուժի նոր կրթական ծրագրի շրջանում և ինչո՞ւ ծրագրի իրականացումը չի սկսվում տարրական կրթությունից, այլ ավագ դպրոցներից:

«Հայագիտությունը մեծ տեղ է գրավում մեր ծրագրում, բայց այսօր այն վատ է դասավանդվում: Ամեն ինչ հիմնված է 
հիշողության վրա, երեխաները ոչ թե հայոց լեզու ու գրականություն են պարապում, այլ՝ շտեմարան: Մեն նպատակն է դպրոցներում զարգացնել լեզվամտածողություն: Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա մեր սկզբնական ցանկությունը եղել է միաժամանակ ծրագիրը սկսել տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներում, բայց պետք է ելնենք մեր երկրի հնարավորություններից և ռեսուրսներից, որոնք խիստ սահմանափակ են: Որոշել ենք այսպես շարժվել առաջ, բայց զուգահեռաբար աշխատել տարրական ու միջին կրթական ծրագրերի վրա»,-ասաց նա:

Նույն շարքից