Հիշում եմ և պահանջում 

«Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» մենագրությունը ներկայացվեց հանրությանը

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանի «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում»երկլեզու (հայերեն, թուրքերեն) մենագրությունը նոյեմբերի 14-ին ներկայացվեց հանրությանը:


 500 տպաքանակով տպագրված գրքի խմբագիրն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը։  


Թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, շնորհավորելով հեղինակին և գիտական հանրությանը գրքի լույսընծայման առթիվ, նշել է, որ հայերի բռնի կրոնափոխությունը հայագիտության կարևոր խնդիրներից մեկն է` այն հարցերից, որն անընդհատ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ դեռևս համակողմանի ուսումնասիրված չէ։ Թեման, ըստ Մելքոնյանի, գերքաղաքականացված վիճակում է հատկապես Թուրքիայում և օրակարգային, արդիական հարց է այդ երկրի թե՜ քաղաքական համակարգում, թե՜ հասարակական-գիտական քննարկումներում։ «Կրոնափոխ հայերի խնդիրն առնչվում է մի քանի գիտակարգերի՝ պատմագրություն, թուրքագիտություն, ազգագրություն և այլն, ուստի, հետազոտողի համար բավականին բարդ է այս բոլոր գիտակարգերի ընձեռած հնարավորություններն օգտագործելով՝ ներկայացնել համակարգված, կուռ աշխատանք, ինչը հաջողվել է Հայկազուն Ալվրցյանին։ Հայերի բռնի կրոնափոխությունն ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության հետ, և գիրքը պետք է դիտարկել նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում»,- ասել է Մելքոնյանը՝ շեշտելով, որ թուրքական արխիվները, հայկական տարբեր աղբյուրներ հարուստ են փաստերով, որոնք ապացուցում են բռնի կրոնափոխության բազմաթիվ դրվագներ։  


Համշենագետ, «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանն էլ նկատել է, որ մենագրությունը կարող է հետաքրքրել և՜ ուսանողությանը, և՜ լրագրողներին, և՜ լայն հանրությանը։


Գրքի հեղինակ Հայկազուն Ալվրցյանն ընդգծել է, որ մենագրությունը պատրաստել է որպես տեղեկագիր, որը հետաքրքրվողներին մանրամասնում է կրոնափոխ հայերի խնդիրները։ Գրքում ներկայացվում է Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում հայերի կրոնափոխության մի քանի կարևոր դրվագների համառոտ պատմությունը: Առանձին գլուխ է հատկացված համշենահայերի և Դերսիմի հայերի կրոնափոխության խնդրին: Առավել հանգամանորեն արծարծվում են Հայոց ցեղասպանության շրջանը և դրան հաջորդած ժամանակաշրջանի իրադարձությունները մինչև մեր օրերը, ինչպես նաև՝ կրոնափոխ հայերի արդի խնդիրները և դրանց նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքը:


Գրքի շնորհանդեսին անակնկալ են մատուցել մշեցի հայերը, ովքեր միջոցառմանը ժամանել են հենց Մուշից։


Հայկ Ասլանը Թուրքիայում հիմնել է «Տարոն» հայրենակցական միությունը։ Պատմել է, որ Մուշ քաղաքում իշխանությունները որոշել էին քանդել հայկական գերեզմանատունը, որտեղ, ըստ Հայկ Ասլանի, թաղված է եղել նաև Գևորգ Չաուշը։ «Տարոն» հայրենակցական միության բողոքի ցույցերի շնորհիվ միայն հայկական գերեզմանատունը հնարավոր եղավ փրկել կործանումից։


Մշեցի Արմեն Գալուստն էլ պատմել է, որ փոքր հասակում թուրք մեկը ծեծել է իրեն՝ անվանելով «գյավուր»։ Երեխան լացելով գնացել է տուն և պապից իմացել, որ ինքն իսկապես հայ է։ Արմեն Գալուստնն ասել է, որ շնորհակալ է այդ ծեծին, քանի որ այն բացահայտեց իր ակունքներն ու հայ լինելը։


Մշեցի հայերն ստացան «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» թուրքերեն մենագրության 100 օրինակ։ Նրանք բարձր են գնահատել աշխատությունը, քանի որ այն կօգնի մարդուն ճանաչել ինքն իրեն, իր ակունքները։


«Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» մենագրությունը հրատարակվել է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Մշակույթ և հասարակություն» ՀԿ-ի իրականացրած ծրագրի արդյունքում։ Այն թուրքերեն է թարգմանելԱրևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը:

 

Նույն շարքից