Հիշում եմ և պահանջում 

Ավանդապաշտ երևանցի ենք, բայց տոնական սեղանին, ի տարբերություն «քյավառցիների», կոկորդիլոսի միս ենք դնում

«Քյավառացի» մեր «ուտող-խմող» հայրենակիցներին, ովքեր սովոր են տոն օրերին (և ոչ միայն) իրենց սեղանը զարդարել «քյավառա քյուֆթայով», «Սևանա սիգով», (թեև սիգից այսօր Սևանում բան չի մնացել), ավանդական գաթայով ու փախլավայով, այս օրերին ոչ մի ճաշատեսակով չես զարմացնի, լինի դա խոզի ապխտած բուդ, հնդուհավ, կոկորդիլոսի միս, խեցգետնի կամ չգիտես ինչի քյուֆթա: Մի խոսքով, եթե ամանորյա սեղանին պակասում է պասուց դոլման, նշանակում է` սեղանը դատարկ է: Իսկական քյավառցին, երբ նոր տարվան հյուր է գալիս Երևան, իր քաղաքաբնակ հարազատների մոտ, սիրում է ճաշակել հենց պասուց դոլմա: Վերջին տարիներին ոչ միայն Գավառում, այլ Գեղարքունիքի մարզի շատ համայնքներում սկսել են պատրաստել պասուց դոլմա, և դա բացատրում են նրանով, որ պասուց դոլման իր խորհուրդն ունի:


Ազգագրագետները նույնպես նշում են, որ պասուց դոլման հայկական ավանդական ճաշատեսակ է: Այն պատրաստվում է յոթ տարբեր հատիկներից: Պասուց է կոչվում, որովհետև քրիստոնեական Նոր տարին պահքի օրեր են, և պահքը լուծարվում է Հիսուսի ծննդյան տոնին, իսկ յոթ հատիկները խորհրդանշում են 7 աստվածային թիվը, որի խորքում ընկած են աշխարհի յոթ տարերքները: Այնպես որ, ուտեստները նույնպես պետք է լինեն համապատասխան:


Խորհրդային ժամանակներում ավանդական սեղանից անպակաս էր «տարեհացը», որը նույնպես լցոնվում էր պասուց բաղադրիչներով, երբեմն էլ մետաղադրամ էին դնում հացի մեջ և ում բաժին ընկներ դրամը, նրա համար Նոր տարին պետք է հաջողակ լիներ:


Ավանդապաշտ ժողովուրդ ենք, բայց ասօր մեր ամանորյա սեղանի անբաժան մասն են կազմում խոզի ապխտած բուդը, մսով բլինչիկը, թփով դոլման, սուջուխը, բաստուրման, արևադարձային տարատեսակ մրգերը, գիշատիչների խորովածը, որոնք թեև «տոնական» համուհոտ ունեն, բայց չունեն այն կարևոր խորհուրդը, որով անհրաժեշտ է «կերակրել» մեր մարմինն ու հոգին:


Հ.Գ. Գովելի է, որ գոնե մարզերում պահպանում են հայկական հին ու բարի ավանդույթները:


Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից