Ծնունդդ շնորհավո՛ր և օրհնյալ լինես Հայո՛ց Բանակ՝ մեր Հայրենիքի ու Պետության ամենասիրելի՛ ԶԱՎԱԿ:
Թող մեր Ռազմի Աստված Վահագնը իր Ոգով զորավիգ լինի քեզ ու պաշտպանի երևելի և աներևույթ թշնամիներից , թեև համոզված եմ՝ Ոգիդ անպարտ է ու անվախ՝ցանկացած թշնամու հանդեպ...
Բանակը անկախ պետության խորհրդանիշերից մեկն է, թերևս՝ ամենակարևորը. չկա՛ բանակ, չկա՛ պետություն...մյուս խորհրդանիշերը ածանցյալ էլ Բանակից...Բանակաստեղծման գործը մեր նորանկախ պետության համար նման էր ցավոտ, ծանր, երբեմն՝ ճակատագրական հետևենքներով մի իսկական երկունքի...Բարեբախտաբար մանկամարդ Մայրը՝ Հայաստանս, դարերի փորձ ուներ կուտակած իր երակներում..
Ու ծնվեց ուշացումով , բայց ճիշտ ժամանակին , ճիշտ տեղում Մանուկը մեր...
Այս խոսքերս թող չթվան պատշաճ միայն տոնական օրվան, ես կարծում եմ ՝ մենք ամեն օր պիտի խոսենք մեր միամորիկ Զավակի մասին ու գնահատենք նրա հաջողությունները, բայց և աչքաթող չանենք նրա սխալները, որոնք կարող են լինել նրա երիտասարդությունից...
Կայացել է մեր Բանակը. կարողացանք ցուրտ ու մութի , սուգ ու սովի մեջ ծնված մեր Զավակին մեծացնել , կրթել ու դաստիարակել, Ոգի տալ, Հայոց անպարտ Արքաների Ոգեղենությամբ դրոշմել ու Հաղթանակներ բերել...
Կայացել է ու հզորացել Հայոց Բանակը և խաղաղության անվերապահ գործոն է դարձել տարածաշրջանում: Դրական փոփոխություններ, իհարկե՛, կան և նկատելի են ՝ հենց միայն լրատվական թափանցիկությամբ, ժամկետային ծառայության մեկնելու շրջանի պարզ վիճակահանությամբ, սպայական կազմի՝ Հայաստանում ստացած բարձրագույն կրթությամբ և բոլոր ժամանակների Հայոց բանակի լավագույն ավանդույթներով նրանց կրթելով ու դաստիարակելով, ժամանակակից ռազմատեխնիկայով ու զինատեսակներով համալրված լինելով, դրանց՝ մեր զինվորների տիրապետելու հմտությամբ, բարոյահոգեբանական պատրաստականությամբ և էլի շատ դրական բաներով...
Բանակաշինությունը տուն կառուցելու պես մի բան է. հիմքը պիտի խորն ու ամուր լինի , պատերը՝ ապահով,պատուհանները ՝չափավոր մեծ , որպեսզի արևը տան ներսը լուսավորի..Բայց այդ տանն ապրելիս աչքաթող չպիտի անել նրան . անդադար պետք է հետևել նրա հիմքի ամրությանը , պատերի կայունությանն ու պատուհանների մաքրությանն ու շրջանակների անխաթարությանը...
Մենք ոչ մի վայրկյան չպիտի մոռանանք ու չպիտի թուլացնենք մեր զգոնությունը,քանի որ պատերազմը շարունակվում է: Կարծում եմ՝ մեր Բանակը պետք է զենք ձեռք բերի ոչ միայն դաշնակից երկրներից , այլև խթանի տեղական արտադրությունը .այն գումարները , որ տրամադրվում են զենք գնելու համար , դրանց մի մասը կարելի է ներդնել մեր գիտնականների հայտնագործությունները կյանքի կոչելուն . այդ զենքերը և սահմանի պաշտպանության համար նախատեսված ժամանակակից էլեկտրոնային համակարգերը նվազագույնի կհասցնեն սահմանի ողջ երկայնքով տեղակայված դիրքերում հակառակորդի դիվերսիոն թափանցումները կանխելու՝ մեզ համար առանց զոհերի ու վիրավորների: Սեփական գիտնականների մշակած զենքի ու պաշտպանական համակարգերի արտադրությունն ու կիրառումը մի առավելություն էլ ունի՝ դրանց, այսպես կոչված, գաղտնաբառերը օտար արտադրողի մոտ չեն լինի,և նրանք էլ ,պատահաբար մի քանի վայրկյան չեն ուշանա....Մենք , փա՛ռք Աստծու, ունենք լավագույն գիտնականներ, և այդ խնդիրը լուծելի է....Կարծում եմ , ամեն հայի երազանքն է տեսնել իր Հայրենիքը անկախ , կայուն և հզոր, իսկ դա կարող է ապահովել ԲԱՆԱԿԸ՝ իր ռազմական ղեկավարության ճիշտ ու հայրենանվեր գործունեությամբ ....
Մի բան էլ. Հայոց բանակի սպաները՝ լեյտենանտից մինչև գեներալ, իհարկե, պիտի ապրեն ապահով, բայց ո՛չ շքեղ....Կյանքն ապացուցել է , որ շքեղ կենցաղը բթացնում է մարդու զգոնությունը , իսկ զորավարինը՝ առավել ևս..
Զգոն եղե՛ք, Հա՛յ զորավարներ:
ԵՎ դարձյալ՝ Ծնունդդ շնորհավոր, Հայո՛ց Բանա՛կ...Եվ իմ նվերը Հայոց Բանակին...
Հայոց Բանակ
Սուրբ է ծնունդդ, ո՜վ, Հայո՛ց Բանակ,
Ծնվեցիր մի օր՝ խառնակ ժամանակ,
Հայոց Մայրերի անուշ ծոցիկում ,
Հայոց Այրերի բազկով ոգեղեն
Ծնվեցիր, որ մենք պատասխանը տանք
Մոլորյալներին, ովքեր կարծում են ,
Թե Առյուծազարմ փոքր ՄՀԵՐԸ
Հավերժ փակված է Ագռավաքարում ...
Սխալվել եք դուք ձեր հաշիվներում ...
Չէ՜, Հայը երբեք իր զարմ Զինվորին
Չէր կարող բանտել ժեռ ապառաժում..
Մենք՝ որպես Զինվոր, ազգովին , հանուր,
Մեր սուրբ ժայռերի գագաթներին ենք,
Արծիվի նման թևերը բացած
Հայում ենք վերից Երկրիս սահմանին...
Ո՜վ, Հա՛յ Ժողովուրդ, Ո՜վ, Հայո՛ց Բանակ,
Ճամփադ երկար է՝ ԵՐԿԻ՛Ր պիտ հասնենք...
Հավերժ է երթդ՝ աննկուն , անհաղթ,
ԵՎ Հաղթանակներդ՝ մեծ ու անսակարկ...
Մ.Բ-Խ. 28.01.2015թ.