Հիշում եմ և պահանջում 

«Հայոց ցեղասպանության ժառանգությունը 100 տարի անց» խորագրով խորհրդաժողով Հաագայում

analitik.am

Մարտի 6-ից 7-ը Հաագայի Գլոբալ արդարադատության ինստիտուտում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ժառանգությունը 100 տարի անց» խորագրով խորհրդաժողով, որը կազմակերպվել էր Նիդերլանդների պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտի («ՆԻՈԴ»), Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի և «Հարյուրամյակի նախագիծ» հիմնադրամի կողմից:

 

Ինչպես այդ մասին տեղեկացնում է ՀՀՀ ԱԳՆ-ն, խորհրդաժողովը մեկնարկել է մարտի 5-ին Հաագայի «Մարդկության տուն» թանգարանում կայացած քննարկումով, որի ժամանակ ցուցադրվել է «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը: Հիմնական ելույթով հանդես եկավ դոկտոր Ռոնալդ Սյունին, իսկ իր դիտարկումներով` դոկտոր Ուգյուր Ումութ Ունգյորը:

 

Մարտի 6-7-ի խորհրդաժողովի ընթացքում ելույթ են ունեցել հայտնի գիտնականներ ու ուսումնասիրողներ, ովքեր տարբեր դիտակետերից քննարկել են Հայոց ցեղասպանության հետևանքներն ու այն դասերը, որոնք պետք է քաղել ցեղասպանությունների կանխարգելման նպատակով:

 

Իրավունքի և քաղաքականության հարցերին է անդրադարձել բանախոս, հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային դատարանների կողմից ցեղասպանությունների հարցի հետ կապված հարցերը ներկայացրել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ասոցացված դեկան Սյուզն Կարամանյանը, Ճանաչման ու փոխհատուցումների ուսումնասիրությամբ հանդես են եկել Նոլվեն Գիբերտն ու Սուն Կիմը` Հարավսլավիայի միջազգային տրիբունալից: Հայոց ցեղասպանության ընթացքում հայ կանանց հանդեպ սեռական բռնությունների անպատժելիության ու դրա հետևանքների հարցերը դիտարկվել են Արիզոնայի համալսարանի դասախոս Նայվա Նաբթիի կողմից, դատական համակարգերի ձախողման հարցերը քննարկել է Հարավսլավիայի միջազգային տրիբունալի իրավաբան, «Հարյուրամյակի նախագիծ» հիմնադրամի նախագահ Ալեքսիս Դեմիրճյանը:


Հայոց ցեղասպանության մշակութային դրսևորումներին, թուրքական մամուլում և թուրք հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության արծարծման պատմությանն ու ներկա վիճակին, քաղաքական ու հանրային շրջանակներում իրական պատկերին ու միտումներին անդրադարձել են Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Էնթընի Հոլսլախը, «Ակոս» օրաթերթի խմբագիր Ֆերդա Բալանսարը, Ստամբուլի Բիլգի համալսարանից Էսրա Էլմասը և Այդա Էրբալը` Նյու Յորքի համալսարանից:

 

Ֆիլմարտադրության մեջ Հայոց ցեղասպանության արտացոլումները քննարկել են Հարավային մեթոդիստների համալսարանից դոկտոր Լիզա Սիրագանյանը և դոկտոր Մարի-Օդ Բարոնյանը` Ամստերդամի համալսարանից:

 

Մարտի 7-ին դիտավորությունների և ժխտման խնդիրների քննարկումով հանդես են եկել Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Հանիբալ Թրեվիսը, Մասաչուսեթսի Լոուվելի համալսարանի պրոֆեսոր Լևոն Չորբաջյանը և Դոկտոր Սեյհան Բայրակտարը` Ցյուրիխի համալսարանից: Հայոց ցեղասպանության դերը 20-րդ դարի ռազմականացման հարցում քննարկել է դոկտոր Ուգյուր Ումութ Ունգյորը` Ուտրեխտի համալսարանից:

 

Հայոց ցեղասպանության համատեքստում ժողովրդագրական ու վիճակագրական ուսումնասիրությունների խնդիրներին անդրադարձել է դոկտոր Յակուբ Բիյակը` Հարավսլավիայի միջազգային տրիբունալից: Ցեղասպանության ուսուցման մեթոդոլոգիան ներկայացրել է Ջոյս Սահյունին` Քվեբեկի «Դյուրոքեր» քոլեջից, իսկ հայ գրականության մեջ արծարծումները քննարկել է դոկտոր Բարլո Տեր-Մկրտիչյանը` Ֆրեզնոյի պետական համալսարանից: Մշակութային ժառանգության ու ժխտողականության հարցերը դիտարկել են դոկտոր Նանոր Կեբրանյանը` Կոլումբիայի համալսարանից և դոկտոր Յուջին Սենսենիգ-Դաբուսը` Նոտր Դամի համալսարանից:

 

Նույն շարքից