Նյու Յորքում մարտի 10-ին մեկնարկել է 100 LIVES նախաձեռնությունը, որը կոչված է երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվեցին բազմաթիվ հայերի։
Անդրադառնալ ներկային՝ սահմանելով համաշխարհային «Ավրորա» մրցանակ (Aurora Prize for Awakening Humanity), որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով հնարավորություն են տալիս մարդկանց գոյատեւելու եւ հասնելու բարեկեցությանը:
Ամենամյա «Ավրորա» մրցանակը ենթադրում է նաեւ 1 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերում. հաղթողը գումարը հատկացնելու է այն կազմակերպությանը, որը նրան ոգեշնչել է մարդասիրական քայլեր կատարել:
«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներն են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների ճանաչված պաշտպան Հինա Ջիլանին եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։
2016 թ. ապրիլի 24-ին Երեւանում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։
«Պատիվ ունեմ միանալու 100 LIVES նախաձեռնությանը, քանի որ նրա եւ իմ Not On Our Watch հիմնադրամի նպատակներն ընդհանուր են. երկուսն էլ ձգտում են աշխարհի ուշադրությունը հրավիրել ցեղասպանության թողած ազդեցության վրա եւ փորձում են միջոցներ հատկացնել աշխարհով մեկ զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու համար: Բոլորս պետք է մտահոգվենք, որ աշխարհում մինչ օրս ցեղասպանություններ են տեղի ունենում։ Մենք, իբրեւ անհատներ, խմբեր եւ կառավարություններ, պետք է անհապաղ լուծենք այս խնդիրը»,- ասել է Ջորջ Քլունին:
«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի մյուս համանախագահը մարդու իրավունքների հայտնի պաշտպան, ԱՄՆ-ի Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի նախագահ Էլի Ուիզելն է։ Մնացած անդամները կհայտարարվեն առաջիկա մի քանի ամիսներին:
«Ավրորա» անվանումն ընտրվել է ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, ով մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության ընթացքում գործած բարբարոսությունների ականատեսը, կորցնում հորն ու եղբայրներին։ Հրաշքով փրկվելուց հետո նա կարողացել է իր մեջ ուժ գտնել եւ իր կյանքը նվիրել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու գործին՝ նկարահանվելով «Հոշոտված Հայաստան» ֆիլմի (1919 թ.) գլխավոր դերում։