Հիշում եմ և պահանջում 

Անգամ եթե մենք ասենք, որ Չանաքքալեի տոնակատարությունն ենք նշում, մեզ ոչ ոք չի հավատա. թուրքական Bianet կայքի հոդվածագիր

Թուրքական Bianet կայքի հոդվածագիր Էլիֆ Աքգյուլը գրել է Երևանում շարունակվող «Արարատի ստորոտին» մեդիա ֆորումի մասին, խոսել Չանաքքալեի ճակատամարտում տարած հաղթանակին նվիրված տոնակատարությունն Ապրիլի 24-ին տեղափոխելու անհեթեթության, Ցեղասպանությանն առերեսվելու անհրաժեշտության մասին:

 


Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.


 

«Անցյալ տարի՝ 2014 թվականի ապրիլի 24-ին, անձնագրումս առաջին կնիքն էր դրվել. Հայաստանի կնիքը:



 

Այսօր՝ գրեթե մեկ տարի անց, դարձյալ Հայաստանում՝ Երևանում եմ: Ապրիլի 24-ից առաջ մի խումբ լրագրողների հետ հանդիպել ենք «Արարատի ստորոտին»:

 


Հայերեն, ռուսերեն, իսպաներեն, բուլղարերեն, սերբերեն, թուրքերեն, արաբերեն… համաժողովի սրահը լցրած ձայների մի մասն են սրանք: Բոլորը եկել են մի հարցի պատասխան փնտրելու. Ցեղասպանության 100-ամյակին Թուրքիան ինչպիսի՞ կեցվածք է դրսևորելու:


 

Հետաքրքիր է, որ ոք ոք չի հարցնում. «Ցեղասպանություն իրականում եղե՞լ է», ոչ ոք չի փորձում «փաստեր» փնտրել: Գուցե ասեք՝ «այդ ի՞նչ տեսակ լրագրողներ են», սակայն լրագրողները գիտեն, որ ծովի մակարդակում ջուրը 100 աստիճանում է եռում: Այդ ջրի մասին խոսելիս «այսպես կոչված» չեն ասում: Եռում է և վերջ…բլթբլթալով:

 

Քննարկումներն էլ են շարունակվում բլթբլթալով: Շատ հաճախ այդ քննարկումների կենտրոնում հայտնվում է Թուրքիային ուղղված կոչը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, և դրան ի պատասխան Չանաքքալեի տոնակատարություններին Հայաստանին հրավիրելու քայլը: Այնքան աբսուրդ է, որ հարցնում են. «ի՞նչ կապ ունի»:


 

Ցավոք, համաժողովին Թուրքիայից եկած 4 մասնակիցներից մեկն եմ, և ուստի՝ հաճախ այդ հարցի պատասխանն ինձնից են ակնկալում:


Բայց ես այդ հարցի պատասխանը չգիտեմ:


 

Կրթությունս Թուրքիայի կրթության նախարարության հովանու ներքո եմ ստացել, որտեղ մենք, որպես Թուրքիայի քաղաքացիներ, Չանաքքալեի հաղթանակը նշում էինք մարտի 18-ին: Ոչ ոք մեզ հետ ապրիլի 24-ի մասին չէր խոսում:



 

Այսօր Ապրիլի 24-ին Չանաքքալեի տոնակատարության մասին հարցին ի՞նչ պատասխան տամ:



Այդ հարցը պատասխանի է սպասում:


 

Քանի որ այս տարի սովորական տարի չէ: Դարի առաջին Ցեղասպանության հարյուրամյակն է: Անգամ եթե մենք ասենք, որ Չանաքքալեի տոնակատարությունն ենք նշում, մեզ ոչ ոք չի հավատա: Կասեն՝ անցյալ տարի մահացածներին ցավակցելով՝ այս տարի ինչո՞ւ ենք տոնում:

Քանի որ այս տարի 100-րդ տարին է:



 

Մեջտեղում 100 տարի շարունակ ստեր լսած ու դրանց հավատացած մի ազգ կա: Հայաստանի ժողովրդից չէ, Թուրքիայի մասին եմ խոսում:

 


Դեյր Զորի անապատը որպես օազիս նկարագրող «Սարի գելին» փաստագրական ֆիլմը դպրոցում դիտելուց մի քանի տարի անց հայտարարվում է, թե տեղահանությունն «անմարդկային» էր:



 

«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած դեպքերը բոլորիս ընդհանուր ցավն է: Այդ ցավալի պատմությանն արդար հիշողության հեռանկարից նայելը մարդկային պատասխանատվությունն է» ասելուց հետո Առաջին աշխարհամարտի վավերագրությունը փոխելու ջանքերի մասին եմ խոսում:


 

Հայոց ցեղասպանություն, 1915, տեղահանություն… Սա պարզապես ժխտում չէ: Սա պետության կողմից սեփական ազգին խաբելն է, սեփական ժողովրդին այդ ստով մեծացնելն է: Այդ ստով մարդկանց սպանելն է, այդ ստի վրա հիմնվելով՝ մեղավորներին արդար ներկայացնելն է:


 

Այդ պատճառով 100-ամյակը միայն Ցեղասպանության ենթարկված հայերի հարցը չէ: 100 տարի առերեսվելու փոխարեն սուտ խոսողների համար առերեսվելու հնարավորություն է, որքան էլ որ նրանք փորձեն նոր պատմություն ստեղծել»:

Նույն շարքից