2015 թվականի ապրիլի 24-ին կնշվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ 1915 թվականի այդ օրը Կոստանդնուպոլսի մոտ 700 հայեր կոտորվեցին երիտթուրքերի կողմից՝ ազգայնական քաղաքական շարժում, որը ցանկանում էր դարձնել օսմանյան կայսրությունը երկիր՝ կազմակերպված սահմանադրական կառավարության շուրջ։ Այդ սոսկալի պահը խթան է ծառայել իրադարձության համար, որը մենք կոչում ենք Հայոց ցեղասպանություն, որը բռնի կերպով վերջ է դրել ընդհանուր մոտ 1.3 մլն մարդու կյանքի։ Այս մասին The Huffington post-ում գրում է ֆոտոքննադատ և կինեմատոգրաֆ Մաուրիցիո դե Բոնիսը։
20-րդ դարը սկսվեց մարդկության դեմ այդ ամոթալի հանցանքով, որը նախորդել է Հոլոքոստին 25 տարով։ Նույնիսկ այսօր, այնուհանդերձ, գոյություն ունի ժխտման ու անհավատության ուժեղ հոսանք հայերի կրած կոտորածի մասին։ Թուրքիան երբեք պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և անընդհատ ջանքեր է գործադրում ողբերգության չափը փոքրացնելու ուղղությամբ՝ նվազագույնի հասցնելով զոհերի ընդհանուր թիվը կամայական և ակնհայտ կերպով։
Կասկած լինել չի կարող, որ անարդարության նման սարսափելի պատմությունը կարիք ունի լինելու հիշողության կենտրոնում՝ ինչպես սոցիալ-քաղաքական, այնպես էլ գեղարվեստական նկատառումներով։ Թեմայի վերաբերալ շատ կինեմատոգրաֆիական աշխատանքներ չկան։ Կարող ենք մտաբերել միայն մի քանիսը, որոնցից ամենանշանակալիները կարող են լինել կանադահայ Ատոմ Էգոյանի «Արարատը» (2002), Պաոլո և Վիտորիո Տավիանիների La masseria delle allodole-ն (2007) և թուրք-գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Վերքը» (2014)։
Լուսանկարչական ցուցահանդեսը Միլանում, որն անցկացվել է մոտ 20 տարի առաջ Քաղաքացիական հնագիտական թանգարանում, ցուցադրել է 8 նկար, որոնք արել է գերմանացի լուսանկարիչ Արմին Վեգները 1915-1916թթ., ժամանակաշրջան, երբ հայերի արտաքսումն ու կոտորածը հասել են սոսկալի չափերի։
Այսօր՝ այս հանցագործության 100-րդ տարելիցի պատվին, Բելգիայում Շարլերուայի լուսանկարչական թանգարանը Boghossian հիմնադրամի և Բեյրութի Սուրբ Ջոզեֆի համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպել է շատ հետաքրքիր ցուցահանդես, որը կրում է «Հայերը. Ճակատագրի նկարներ, 1906-1939» խորագիրը։ Ցուցահանդեսը կենտրոնացած է լուսանկարների վրա, որոնք դուրս են բերվել համալսարանի Արևելյան գրադարանի ֆոտոարխիվից։ Լուսանկարներն արել են ճիզվիտ միսիոներները, այդ թվում՝ Անտուան Փոյդեբարդը և Գիյոմ դե Ջեֆենիոնը։ Դրանք լույս են սփռում հայ պոպուլյացիայի վրա նույնիսկ մինչ 1915 թվականի հետապնդումների դրամատիկ հետևանքները։
Ցուցահանդեսը ներկայացնում է աշխատանքներ, որոնցոմ պատկերված են այն վայրերը, գյուղերն ու քաղաքները, որտեղ ապրել են հայերը։
Այսօր շնորհիվ նման աշխատանքների հնարավոր է իսկապես հասկանալ մարդու հիշողության կարևորությունը։ Հայոց ցեղասպանությունը չի կարելի թողնել, որ խորտակվի լռության մեջ։
Տեսողական արվեստը պետք է ձգտի առանցքային դեր խաղալ հիշողության փոխանցման գործում, հատկապես երիտասարդ սերունդների մոտ, ինչպիսին խաղացել է Հոլոքոստի գլոբալ ըմբռնման հարցում։
Այս դեպքում լուսանկարչությունն ու կինոն կարող են օգնել սկսել այդ ծայրաստիճան կարևոր գործընթացը, որը մենք կարող ենք սահմանել որպես անցյալի ակտուալացում՝ գործընթաց, որը փոխանցում է ողբերգության հիշողությունը պատմական, թանգարանային իրից դրամատիկ, զարհուրելի երևույթի, որը շարունակում է գոյություն ունենալ նաև այսօր։ Այն պետք է դառնա մեր ընդհանուր հիշողության տարր։ Եվ որպես այդպիսին՝ չի կարող, չպետք է ջնջվի ու մոռացվի։