Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը դե ֆակտո ունենալով անկախ պետության բոլոր ատրիբուտները, մնում է դե յուրե չճանաչված: Վերոհիշյալ իրողությունը, սակայն, չի խանգարում ԼՂՀ-ին քաղաքական համակարգի մաս կազմել: ԼՂՀ-ն իր մշտական ներկայացուցչություններն ունի Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում ու Ավստրալիայում: Փաստացի ԼՂՀ-ն արտաքին հարաբերություններում ինքնուրույն իրագործում է սեփական շահերի պաշտպանության գործընթացը: Նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ԼՂՀ-ն դիտորդների կարգավիճակով ընդունում է աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական գործիչների: Այս համատեքստում ակնհայտ է դառնում ԼՂՀ-ում քաղաքական գործընթացների զարգացման միջազգային հանրության շահագրռգվածությունը: ԼՂՀ անկախության ճանաչման նպատակով ընթանում է խորհրդարանական խմբերի ու կազմակերպությունների կազմավորման գործընթացը: ԼՂՀ-ի հետ բարեկամության պաշտոնական խորհրդարանական խումբ է գործում Լիտվիայում: ԼՂՀ-ին սատարող կազմակերպություններ, որոնցում ընդգրկված են ազդեցիկ հասարակական ու քաղաքական գործիչներ, գործում են ԱՄՆ-ում, Բելգիայում ու Ֆրանսիայում: Իրավաբանորեն չճանաչված ԼՂՀ-ն առավել լուրջ քաղաքական դիրքեր ունի միջազգային հարթակում, քան մյուս չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված երկրները: Այս ենթատեքստում Բաքվի հիմնական նպատակներից է ԼՂՀ մեկուսացման փորձերը, որը սահմանափակվում է ընդամենը հանրապետություն այցելած հայտնի դեմքերին սեւ ցուցակում ընդգրկելով:
Նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ներկայացված լինելու ժամանակ ադրբեջանական ներկայացուցիչներն այդպես էլ չկարողացան բարձրացնել ղարաբաղյան հիմնահարցը: Լեռնային Ղարաբաղի պատերազմը համարվում է ասիմետրիկ հակամարտություն, որում թվական ու նյութական գերակայություն ունեցող Ադրբեջանը ջախջախիչ պարտություն կրեց թվաքանակով ու սպառազինությամբ իրեն զիջող հակառակորդից: Ուստի Ադրբեջանի ռազմական բյուջեն ու թվական գերակշռությունը «ջութակի» դեր է կատարում զուտ ներքին հանդիսատեսի համար: Իրականում գիտակցելով իր հնարավորությունները՝ Բաքվին մնում է հրահրել լոկ սպառազինության մրցավազք ու ռազմական գործողությունների վերսկսման պատրանք ստեղծել: Բացի այդ, բազմաթիվ ռազմական փորձագետների կարծիքով հայկական բանակը համարվում է ամենամարտունակը տարածաշրջանում: Մասնավորապես նման կարծիք է հայտնել ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Ուեյն Մերին՝ նշելով, որ հայկական ստորաբաժանումները ռազմական պատրաստվածության առումով մի քանի անգամ գերազանցում են հակառակորդին, ու գաղտնիք չէ, որ հայերն ունեն բանակ, իսկ ադրբեջանցիները՝ միայն զինված ուժեր: Չնայած ռազմական ծախսերի աճին ու գնումներին, ադրբեջանցիները չեն կարողանում հասնել ցանկալի գերակշռության: Նավթադոլարներն Ադրբեջանին հնարավորություն են ընձեռում ձեռք բերել արդիական զինատեսակներ ու հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր, սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչ առավելություն է դա տվել նրան, երբ պատրաստվածության ընդհանուր մակարդակը բավականին ցածր է մնում: Ներկայումս տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական առանցքային ուժերը շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ: Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Երեւանի հետ կապված է ոչ միայն երկկողմ համաձայնագրերով, այլ նաեւ Կոլեկտիվ անվտանգության շրջանակներում գործող պարտավորություններով: Բացի այդ Ռուսաստանի համար տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը ապահովելու առումով կարեւոր է պահպանել իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Մինչդեռ Ադրբեջանը՝ ազատվելով ռուսական զորքերից, կորցրել է Ռուսաստանի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը: Իր հերթին պատերազմի վերսկսման հավանականությունը բացառում է նաեւ ԱՄՆ-ն: Դեռեւս 2009 թ-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Կայդանոֆը հասկացնել տվեց, որ Ադրբեջանի կողմից ռազմական ավանտյուրայի դեպքում Միացյալ Նահանգները կճանաչի ԼՂՀ անկախությունը: Այս փուլում ԱՄՆ-ը շահագրգռված չէ Հարավային Կովկասում հակամարտության վերսկսմամբ մի շարք պատճառներից ելնելով:
Նախ սիրիական պատերազմում ներքաշված ամերիկացիների դիրքերը էականորեն կթուլանան նոր հակամարտության դեպքում: Միաժամանակ պատերազմի պարագայում հարվածի տակ կհայտնվեն Ադրբեջանում էներգետիկ մի շարք ծրագրեր, որոնցում ներքաշված են ամերիկյան ու օտարերկրյա մի շարք ընկերություններ: Պատերազմի դեպքում ժամանակակից հեռահար հրետանու առկայությունը հարվածի տակ կդնի ադրբեջանական ողջ նավթային ենթակառուցվածքները, որոնք կոչնչացվեն հաշված ժամերի ընթացքում: Իսկ առաջատար նավթային գիգանտները նման իրավիճակում թույլ չեն տա Ադրբեջանին պատերազմ հրահրել ու քամուն տալ իրենց միլիարդավոր դոլարները: Ներկայիս իրավիճակը ձեռնտու է նաեւ Իրանին: Մերձենալով Թել Ավիվի հետ ու մի շարք ռազմական պայմանագրեր կնքելով նրա հետ, Բաքուն հարաբերությունները փչացրեց ոչ միայն Մոսկվայի, այլ նաեւ Իրանի հետ: Սիմվոլիկ էր այն իրողությունը, որ Ալիեւը հրաժարվեց մասնակցել Իրանի նոր նախագահի երդմնակալությանը: Իհարկե, պատճառներ կային: Մասնավորապես Թավրիզում կառուցվում է հայոց պատմության թանգարան, Թեհրան է ժամանում Սերժ Սարգսյանը: Պատահականություն չէր, երբ 2010 թ -ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանում Իրանի դեսպան Ալի Սահայանին երկիմաստ ակնարկեց, որ Իրանը Լեռնային Ղարաբաղի հետ ընդհանուր սահմաններ ունեցող միակ երկիրն է: Տարածաշրջանային մյուս երկիրը՝ Թուրքիան ոտքով ու ձեռքով կապված է ամերիկյան քարկապով ու առաջնորդվում է Վաշինգտոնի հրահանգով: Արցախյան պատերազմի ընթացքում պաշտոնական Անկարան չշտապեց Բաքվին անհրաժեշտ օգնություն տրամադրել: Իհարկե, Ադրբեջան ուղարկվեց զենք-սպառազինություն, թուրք ռազմական հրահանգիչներ, փակվեց հայ-թուրքական սահմանը: Տարբերակը, որ պատերազմի դեպքում Թուրքիան զինված հարված կհասցնի Հայաստանին նույնքան աբսուրդային է, որքան հնարավոր պատերազմը: ՆԱՏՕ-ի կանոնակարգի համաձայն Թուրքիան կարող է պատերազմի մեջ ներքաշվել, եթե խախտվի նրա տարածքային անձեռնմխելիությունը, իսկ Հայաստանը չի պատրաստվում հարձակում ձեռնարկել Թուրքիայի դեմ: Ադրբեջանը հայտնվել է, մեղմ ասած, ոչ շահեկան իրավիճակում: Ուստի Ալիեւը, ներքաղաքական կայունությունն ապահովելու համար ստիպված է ընդամենը սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին: Իր գրեթե բոլոր հանրային ելույթներում Ալիեւը նախազգուշացրել է պատերազմի վերսկսման հավանականության մասին, եթե բանակցային գործընթացում առաջընթաց չգրանցվի: Ռազմական ռիտորիկայի ու պաշտպանական բյուջեի ընդլայնումը՝ սպառնալիքներին իրականության իլուզիա տալու նրա միակ հնարավորություններն են:
Հովիկ Պետրոսյան
«Անալիտիկ» շաբաթաթերթ (23 սեպտեմբեր)