Քրիստոսի հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, 100 տարի առաջ այս հողերում ապրող լայն զանգվածների կողմից էր տոնվում: Վանի, Մուշի, Սասունի նման հայահոծ շրջաններում 1915-ից առաջ ունեցած Զատկի ավանդույթները հիշվում են մինչ այժմ, գրում է «Ակօս»-ը:
Պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը հավաքել է Հայոց ցեղասպանությունից փրկվածների հուշերը, որից երևում է, որ 20-րդ դարասկզբին հայերը Սուրբ Զատիկը տոնելու ավանդույթներին ու սովորույթներին մեծ տեղ են հատկացրել:
Զատիկը Մուշում
1908 թվականին Մուշում ծնված Սաթենիկ Պետրոսյանը Զատկի օրերի ուրախությունն այսպես էր պատմում. «Տոնում էինք Զատիկն ու Սուրբ Ծնունդը: Քառասուն օր պահք էինք պահում, ընկույզով, ձեթով ուտելիքներ էինք ուտում: Զատկին հավկիթ էինք ներկում ու բաժանում հարևաններին: Սուրբ Ծննդին մայրս մեծ սինիով խմոր էր հունցում, այդ խմորը եփվում էր, հետո կտրատվում: Մեջը բոլորի, անգամ՝ կենդանիների անուններով վիճակ էր դրված լինում:
Մուշի Արինջքուս գյուղում 1904 թվականին ծնված Սեդրակ Հարությունյանն էլ նշում էր, որ Զատկին տարածված էր ձուկ ուտելը:
«Երբ հիվանդանում էինք, Վանա լիճ էինք մտնում, լվացվում ու լավանում էինք: Նոր տարուն ու Զատկին տառեխ ձուկ էինք ուտում, մեջը փուշ չկար»,- պատմում էր նա:
Զատիկը Վանում
Վանի Նարեկ գյուղում Զատկի տոնակատարությունները 1905 թվականին ծնված Սմբատ Դավիթյանն է ներկայացնում. «Զատկից առաջ պահք էինք պահում: Զատկին հավկիթ էինք ներկում, երբ ձվերով «կռվում էինք»՝ հաղթում էր նա, ով կոտրում էր դիմացինի հավկիթը: Եկեղեցին հավատացյալներով էր լցվում»:
Վանի Արջաք գյուղում 1908-ին ծնված Ազնիվ Ասլանյանից հավկիթ ներկելու մի տարբերակի ենք ծանոթանում: «Զատկին հավկիթ էինք խաշում, մի բույս կար, դրանով հավկիթները կարմիր էինք ներկում: Միմյանց տներն էինք գնում, շնորհավորում: Հարուստները նոր հագուստներ էին հագնում…»:
Զատիկը Սասունում
Ներկայիս Բաթման նահանգում՝ պատմական Սասունում, Զատիկը մեծ շուքով էր նշվում: 1903 թվականին ծնված Մանուկ Գրիգորյանը պատմում է, որ ամբողջությամբ հայկական Տալվորիկ գյուղում տոնը շատ էին կարևորում: «Զատկին հավկիթ էինք ներկում, կանաչ-կարմիր ձվերով կռվում էինք: Վարդավառ էինք տոնում, տրնդեզ (Տյառնընդառաջ-Tert.am)՝ դաշտերն էինք գնում ու կրակ վառում»:
Զատկից մեկ շաբաթ առաջ տղամարդկանց հավաքեցին
1915-ի և դրանից հետոյի զատիկները ցավալի հիշողություններով են լի: Ինչպես, օրինակ, 1910 թվականին Բաբերդում՝ ներկայիս Բայբուրթում ծնված Մասիս Կոջոյանի համար. «1915-ի ապրիլ ամսին՝ Զատկից մեկ շաբաթ առաջ, բոլոր տղամարդկանց բանտարկեցին: Նրանց թվում հայրս էլ կար: Բանտարկվելու հաջորդ օրը մայրս ուտելիք վերցրեց, և բանտ գնացինք: Հայրս մեզ զարմացած հայացքով դիմավորեց: Մտնելիս մեզ խուզարկեցին, և դրանից հետո միայն թույլ տվեցին ներս մտնել»:
Զատկին հացի մեջ հաջողության կոճակ էին դնում
Տղամարդկանց ձերբակալությամբ սկսված ցեղասպանության ժամանակահատվածում հարյուրավոր տարիներ այդ հողերում ապրած հայերը ոչնչացվելու էին: 1893 թվականին Մուշի Համզաշեյ գյուղում ծնված Տոնականն այդ ժամանակահատվածն ու հայրենիքում Զատկի օրերը մոռանալ չկարողացողների թվում է:
«Երբեմն Մուշն եմ հիշում… Հայրենիքում մեր տունը, մեր մերձավորներին: Մեր բակն եմ հիշում՝ բարձր բարդիներով շրջափակված, ամեն անգամ, երբ հիշում եմ գարնանը մեր տան մոտ բույն հյուսող արագիլներին, կարծում եմ, թե խելագարվում եմ...
Զատկին, կամ տարեդարձիս օրը, մորս անխմոր հացի մեջ հաջողության կոճակն եմ հիշում… մեկ առ մեկ, անուններով հիշում եմ մեր չթաղված հանգուցյալներին, անգերեզման մնացած մերձավորներին, կորսված եղբայրներիս, նրանց կանանց ու երեխաներին, ցավից լաց լինելով եմ հիշում: Կենդանակերպ դարձած զինվորներից փախչող, իրենց գետի պաղ ջրերը նետող անմեղ քույրերիցս, երիտասարդ հարսներիցս ո՞ր մեկին հիշեմ, ո՞ր մեկի համար սգամ…»:
Աղբյուրը՝ tert.am