Արգենտինայում բնակվող Սելվա Մարթա Մուրադյանը ներկայացրել է իր ընտանիքի պատմությունը, թե ինչպես է իր հորը, հորեղբորն ու հորաքրոջը հաջողվել փրկվել Հայոց ցեղասպանությունից և տարիներ անց հաստատվել Արգենտինայում: Մուրադյանների պատմությունը հրապարակել է Los Andes արգենտինական պարբերականը:
«Մի ժողովրդի ցեղասպանություն: Ավելի քան միլիոն ու կես հայ է սպանվել: 2015-ի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության ծրագրավորած և իրագործած կոտորածների 100 տարին:
Թուրքիան մինչ օրս չի ընդունում իր պատասխանատվությունը: Մարդկության դեմ կատարված այդ հանցագործության ժամանակ գրեթե մի ողջ ժողովուրդ կոտորվեց` ամենադաժան ու անմարդկային ձևով: Թուրքիան, իր մշտական ժխտողական կեցվածքով, ծածկում ու փորձում է քողարկել կատարվածն ու փաստերը:
Պատմական Հայաստանում բնակվում էին մեր տատիկն ու պապիկն՝ իրենց 4 երեխայի, եղբայրների, զարմիկների ու մյուս ազգականների հետ: Մեր պապին` Խաչեր Մուրադյանին, գլխատել են, իսկ տատին` Սելվեր Գուլեսերյանին` իր փոքր դստեր հետ միասին գնդակահարել: Այս մեծ ընտանիքից փրկվել են միայն 3-ը` Ֆլորան, Լեոնը և Մուրադը, քույր ու եղբայրներ, ովքեր հրաշքով միմյանց վերագտել են 10 տարի անց՝ ուրիշ երկրում:
Մուրադը` մեր հայրը, չորսից ամենափոքրն էր: Փրկվել է Աստծո ողորմածությամբ: Վերապրել է համակենտրոնացման ճամբարի բոլոր սարսափներն ու տանջանքները, որ կարող էր կրել 8-ամյա երեխան` միայնակ ու հալածված:
1928-ին եկել է Բուենոս Այրես, որտեղ միավորվել է հայրենակիցների հետ և ապրել մի քանի տարի, որից հետո վերջնականապես հաստատվել է Մենդոսայում, որտեղ զբաղվել է առևտրով և ընտանիք կազմել Ֆելիսա Ռամիրեսի հետ: Ունեցել է 3 երեխա` Կրուս Գաբրիելը, Սելվա Մարթան և Ֆելիսա: Մահացել է 1970 թվականին:
Այս գրառումը հարգանքի տուրքն է աշխարհի բոլոր հայերին, ովքեր վերապրել են 1915-ի հետապնդումներն ու տառապանքները և արդեն հեռացել են կյանքից: Նրանցից շատերը ապրել են մեր Արգենտինայում, որը ճանաչել է Ցեղասպանությունը»: