The Boston Globe-ը հրապարակել է սյունակագիր Ջեֆ Ջեյքոբիի հոդվածը Հայոց ցեղասպանության և Հռոմի Պապի արված հայտարարության ու մեկնաբանությունների վերաբերյալ: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
Առաջին համաշխարհայինի տարիներին Թուրքիայում իրականացրած 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունները Ֆրանցիսկոս Պապը բնավ պատահական չէր «ցեղասպանություն» անվանել:
Կիրակի օրը Վատիկանում կոտորածների 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Պապն ասաց. «Սա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»: Գրեթե նույնպես էր արտահայտվել նաև Հովհաննես Պողոս II Պապը 2001 թվականին: Սակայն Ֆրանցիսկոսն ավելի հեռուն գնաց՝ հայերի ոչնչացումը հավասարեցնելով նացիստական Հոլոքոսթին և խորհրդային տարիներին Ստալինի կազմակերպած արյունահեղություններին:
Աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի՝ հայերի վրա ցեղասպանության նպատակով օսմանցիների կազմակերպած հարձակումը Պապը համեմատել է այնպիսի ծայրահեղ իսլամիստ ահաբեկչական խմբերի հետ, ինչպիսիք են ԻՍԻՊ-ը, Բոքո Հարամը և Ալ Շաբաբը:
Պապի արված հայտարարությանը Թուրքիան շատ զայրացած կերպով է արձագանքել. երկիրը հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին և մեղադրել Ֆրանցիսկոս Պապին պատմությունը խեղաթյուրելու և բարոյական վնաս պատճառելու համար: Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը Twitter-ում մեղադրել է Պապին «ատելություն և թշնամանք տարածող» իր «անհիմն պնդումների» համար: Հաշվի առնելով թեմայի շուրջ տարվող երկրի կառավարության ժխտողական քաղաքականությունը՝ այդ ամենը զարմանալի չէր: «Ցեղասպանություն» բառը գործածելը Թուրքիայում առ այսօր քրեական հանցագործություն է, իսկ թուրք դիվանագետներն իրենց ողջ ջանքերը հղում են աշխարհով մեկ Ցեղասպանության ճանաչման դեմ:
Լրագրող Թոմաս դե Վաալը Foreign Affairs-ում վերջերս գրել է, որ «Վաշինգտոնում ոչ մի պատմական հարց այդչափ ցավով չի քննարկվում, որչափ Հայոց ցեղասպանությունը»: Ցեղասպանություն բառի շուրջ քաղաքական բանավեճը ժամեր է տևում: Սակայն, ինչպես Պապն էր ասել՝ նույնիսկ պատմական բանավեճ լինելով՝ այն շատ անգամ է լուծվել: Դե Վաալը գրում է, որ Թուրքիան անդրդվելի է, և բացատրում է դա նյութական և հոգեբանական պատճառներով:
Որոշ թուրք քաղաքական գործիչներ վախենում են, որ օսմանցիների իրականացրած Ցեղասպանությունը կարող է հանգեցնել ֆինանսական փոխհատուցման կամ տարածքային զիջումների պահանջների: Դրանից բացի, Հոլոքոսթ բառի արդյունքում հորինված այդ բառի «հուզական ազդեցությունը» անմիջականորեն կապված է հասարակական մտքի հետ, ինչն էլ հանգեցնում է վերջնական լուծման: Շատ թուրքեր տեսնում են՝ ինչպես են իրենց «նախնիներին համեմատում նացիստներին»:
Ամեն դեպքում, թուրքական իշխանությունը միշտ չէր այդպիսի դժկամությամբ պիտակավորում դար առաջ հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանական սարսափը:
Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրության Ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշան չէր թաքցնում իր նպատակը: «Կառավարությունը որոշել է ոչնչացնել Թուրքիայում բնակվող բոլոր հայերին: Պետք է վերջ դրվի նրանց գոյությանը… և պետք չէ ուշադրություն դարձնել նրանց տարիքին ու սեռին, կամ էլ խղճի խայթ զգալ», – 1915 թվականի սեպտեմբերին Հալեպի պաշտոնյաներին հղված իր նամակում գրել էր Թալեաթը:
ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի՝ հայերի հանդեպ իրականացվող խոշտանգումների, մահվան երթերի և սպանդերի մասին Թալեաթին ուղարկված բազմաթիվ արձանագրություններն անպատասխան են մնացել: «Ձեր վիճաբանություններից որևէ օգուտ չկա: Մենք արդեն տեղահանել ենք հայերի 3/4-ին… Հայերի և թուրքերի միջև ատելությունն այժմ այնքան ուժեղ է, որ մենք պետք է նրանց վերջը տանք: Եթե դա չանենք, նրանք կսկսեն ծրագրել իրենց վրեժը: Անատոլիայում չպետք է հայեր լինեն», – ասել են Մորգենթաուին:
1914 թվականին երկրում ապրող մոտ 2 մլն հայից մինչև 1918 թվականն անհետացել էր 90 տոկոսը: Զոհերի թիվն անցնում էր մեկ միլիոնը, բազմաթիվ մարդիկ էլ հասցրել էին փախչել:
Դար առաջ տեղի ունեցած հայ քրիստոնյաների սահմռկեցուցիչ կտտանքների ականատեսների վկայությունները կարդալը հիշեցնում է մեզ այն մասին, որ ԻԼԻՊ-ի ջիհադիստների և Ալ Քաիդայի վայրագությունները նորություն չեն:
Հայերը ոչ միայն Ցեղասպանության զոհերին էին, այլև՝ ջիհադիստների: Կիրակի օրն իր ունկնդիրներին ուղղված հայտարարությամբ Հռոմի Պապն աղաչում էր լսել վտանգված քրիստոնյաների «համր և մոռացված ճիչերը», այդ քրիստոնյաներն այսօր «գլխատվելով, խաչվելով, կենդանի այրվելով՝ ենթարկվում են դաժան մահվան, կամ էլ ստիպված են լքել իրենց հայրենիքը»: Ֆրանցիսկոսը հիշեցնում էր աշխարհին, որ վճռականորեն տրամադրված իսլամական բռնություններին առանց վճռակամության առերեսվելու գինը չափազանց բարձր է:
1915 թվականի ջիհադիստնորը սպանում էին «եպիսկոպոսներին և քահանաներին, հավատացյալ կանանց, տղամարդկանց և ծերերին, նույնիսկ անպաշտպան երեխաներին և հիվանդներին»: Աշխարհը գիտեր՝ ինչ էր տեղի ունենում, այն ժամանակ հաճախ էին հաղորդվում այդ սարսափելի մանրամասները: Եւ, այսօրվա պես, այդ ամենը գրեթե ապարդյուն էր: