Հիշում եմ և պահանջում 

«Հայերը՝ նախաճաշին, քրդերը՝ ընթրիքին». RFI ռեպորտաժը Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին

Այս տարի լրանում է 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915-ից 1923 թվականները ժամանակակից Թուրքիայի տարածքում սպանվել է 1.5 մլն հայ, իսկ հազարավոր հայերի տեղահանության են ենթարկել կամ էլ ստիպել մահմեդականացվել: Անկարան ցայսօր հրաժարվում է Ցեղասպանությունը ճանաչելուց: Իշխանությունը ջանք չի խնայում, որպեսզի վերացնի հանցագործության հետքերը:

 


Սակայն Դիարբեքիրում, նրա շրջակա և Թուրքիայի հարավ-արևմտյան տարածքներում, հիմնականում քրդաբնակ վայրերում հայ ժողովրդի պատմությունը բերնեբերան է տարածվում: Զարմանալի է, որովհետև հայերի հանդեպ իրականացվող զանգվածային ոճրագործությունների քրդերն ունեին իրենց մասնակցությունը, սակայն հիշում են այդ ամենը և կողմ են հաշտեցմանը: RFI-ի հատուկ թղթակիցը այցելել է Դիարբեքիր և զրուցել քուրդ մարդաբան Ադնան Չելիքի հետ:

 


«100-ամյա ճիչ. 1915-ի Դիարբեքիրը հավաքական հիշողության հետքերով». այսպես է կոչվում քուրդ մարդաբաններ Ադնան Չելիքի և Նամիկ Դինչի գիրքը: Գրքում զետեղված են քուրդերի Հայոց ցեղասպանության վկայությունները: Դիարբեքիրում զանգվածային սպանություններին զոհ է գնացել ավելի քան 100 հազար մարդ: Օսմանյան իշխանության հրամանով՝ այդ հանցագործություններն իրականացնում էին հիմնականում տեղի քրդերը: Այսօր Քրդստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք Դիարբեքիրում 100-ամյա պատմություն ունեցող իրադարձությունները հիշում են երեկվա պես: «Հայոց ցեղասպանության պատմությունը քրդերի շուրթերին է»,- ասել է գրքի հեղինակ Ադնան Չելիքը:

 


«Տատիկս մահմեդականացված հայ էր: Երբ ես փոքր էի, միշտ լսում էի հայերի բնաջնջման մասին պատմությունները: Շատ պատմություններ լսել եմ տատիկիցս, շատերը պատմել են նաև գյուղացիները: Այստեղ շատ հիշարժան վայրեր կան, դա է պատճառը, որ ես որոշել էի գրել այս գիրքն այն մասին՝ ինչպես է քուրդ ժողովուրդը պահպանել Ցեղասպանության մասին հիշողությունը: Հայտնի է, որ  Թուրքիայի Հանրապետության ժամանակակից պատմության մեջ բացակայում են Հայոց ցեղասպանության մասին իրադարձությունները: Դա է պատճառը, որ երիտասարդ թուրքերն այդ մասին ոչինչ չգիտեն:



Մինչև 70-ական թվականները քրդերի մեծ մասը գրել-կարդալ չգիտեր և դուրս էր հանրակրթական համակարգից: Հայոց ցեղասպանության պատմությունը քրդերը բերնեբերան էին փոխանցում:

 


Իր ծագման առաջին օրիվ թուրքական պետությունը ոչ միայն հերքում էր Ցեղասպանության փաստը, այլև փորձում էր ոչնչացնել դրա բոլոր հետքերը, սակայն քրդաբնակ շրջաններում այդ պատմությունն այնուամենայնիվ փոխանցվում էր սերնդեսերունդ»:

 


Մարդաբանի խոսքով՝ երկար տարիներ քրդերը պայքարում էին իրենց իրավունքների համար: Տեղական քրդական իշխանությունները մտադիր են հայկական գյուղերը վերանվանել իրենց հին հայկական անուններով: Չելիքն ասում է, որ Ցեղասպանության տարիներին քրդերը մասնակցում էին այդ հանցագործություններին որպես մահմեդականներ ոչ-մահմեդականների դեմ: Իրենց մասնակցության համար քուրդերին պարգևատրում էին հայերի լքված տներով և հողատարածքներով: Սակայն շուտով հենց իրենք են դարձել թուրքական կառավարության զոհերը:

 


«Հայոց ցեղասպանությունից հետո, թուրք ղեկավարությունը շարունակում էր քուրդերի հետապնդումները: 20-ականների կեսերին Թուրքիայում սկսվեցին քրդական ապստամբությունները: Այդ ժամանակ քրդերը հասկացան, որ հայերի հետ հաշվեհարդար լինելուց հետո, հերթն իրենցն է: Քուրդերն այսպիսի մի ասացվածք ունեն. «Հայերը՝ նախաճաշին, քուրդերը՝ ընթրիքին»: Այսօր քրդերը տեսնում են հայերի զանգվածային սպանությունների և քուրդերի հետապնդումների միջև կապը, այդ պատճառով էլ պայքարում են թե՛ իրենց իրավունքների, թե՛ Հայոց հարցի համար»:

 


Քրդական շարժման ներկայացուցիչները հաճախ են ասում, որ այդ տարածքները ոչ միայն քրդական, այլև հայկական հողերն են: Ադնան Չելիքի կարծիքով՝ դեռ անելու շատ բան կա: «Նախ պետք է զանգվածային սպանությունների վայրերում հուշակոթողներ կառուցել և չմոռանալ, որ քուրդերի մեջ կային նաև այնպիսիք, որոնք Ցեղասպանությունից շատ հայերի են փրկել», – ասում է քուրդ մարդաբանը:

Նույն շարքից