Շվեյցարական Le Temps պարբերականը տպագրել է Էն Անդոյերի «Ինչու է Հայոց ցեղասպանության ուրվականը հետապնդում Թուրքիայի որդերին» վերտառությամբ հոդվածը: Ներկայացնում ենք այն ձեր ուշադրությանը:
Երիտասարդ Մուհամեդ Էնեսը, հենված եկեղեցու բազալտե սյուներին, իր սուր ձայնով կոչ է անում անցորդներին առավել ուշադիր նայել Թուրքիայի արևելքում՝ Դիարբեքիր քաղաքում, գտնվող պատմական այս վայրին: «Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենահին եկեղեցին է: Այն ապաստան էր 3000 հոգևորականների համար, իսկ զանգակատունը ոչնչացվել էր 1915 թվականին, թնդանոթից», – ասում էր փոքրիկ տղան:
Մուհամեդը չափազանց փոքր է, որպեսզի հասցրած լիներ խաղալ Սուրբ Կիրակոսի ավերակներում. հայկական եկեղեցին վերականգնվել և վերաբացվել է 2011-ին: Նա նաև չափազանց փոքր է, որպեսզի լիովին հասկանա, թե ինչ են տեսել այս պատերը, այս քաղաքը և Թուրքիայի այս տարածաշրջանը. կոտորածներն ու տեղահանությունները տեղի են ունեցել տղայի ծնունդից գրեթե մեկ դար առաջ:
Դասերի ընդմիջումներին Դիարբեքիրի ղողանջները լսող երեխաները Հայոց ցեղասպանության մասին արդեն իսկ ավելի շատ բան գիտեն, քան երբևէ կիմանային իրենց պատմության դասագրքրից:
Շատ հաճախ, երբ խոսքը Թուրքիայի և Հայոց ցեղասպանության մասին է, թուրքական պետական ժխտողականությունը հասկացվում է որպես ողջ հասարակության ժխտում: Հայ ժողովրդի հիշողությունն այս հողի վրա է, չէ՞ որ նրանք այդքան երկար են այստեղ ապրել: Այն նաև այն մարդկանց գիտակցության մեջ է, որոնք ապրել են հայերի կողքին… այդ մարդիկ քրդերն էին:
«Այս տարածաշրջանի ժողովուրդը գիտի, որ ցեղասպանություն էր եղել, մարդիկ դա չեն էլ հերքում»,- ասել է Սուրբ Կիրակոս եկեղեցու պահակ Արամ Խաչիկյանը:
Արամը պատմում է իր պապիկի մասին, որը 1915 թվականի որբերից էր, ում որդեգրել էր մի քուրդ և մահմեդականացրել, սակայն «երբեք չէր թաքցրել, որ հայ է: Ի տարբերություն շատ ընտանիքների՝ մեր ընտանիքում դա երբեք գաղտնիք չէր»:
Հասարակական գիտությունների փարիզյան դպրոցի հետազոտող Ադնան Չելիքի տրամադրած տվյալների համաձայն՝ 1914 թվականին Դիարբեքիրում ապրում էր մոտ 60.000 հայ: «Սա խորհրդանշական տարածք էր Ցեղասպանության համար, որովհետև հայտնի էր իր հայ, քուրդ, սիրիացի և թուրքմեն բնակչությամբ», – ասում է Չելիքը:
Հայտնի է, որ այս նահանգի ղեկավար Մեհմեդ Ռեշիդը 1915 թվականին ինքն իրեն հեռագիր է ուղարկել՝ շնորհավորելով, որ տեղահանման կամ մահվան է ենթարկել 160.000 հայի:
Ադնան Չելիքը, ում տատիկը նույնպես մահմեդականացված հայ էր, վերջերս գիրք է հրատարակել Դիարբեքիրի քրդերի՝ Հայոց ցեղասպանության մասին հիշողություններով:
«Այստեղ հայերի բացակայությունը անդառնալի կորուստ է: Մարդիկ այնպիսի մանրամասներով են նկարագրում այդ բռնությունները, կարծես դրանք երեկ են տեղի ունեցել», – ասում է հետազոտողը:
Ոգեշնչված և նախանձախնդիր Ռեշիդը չէր կարող միայնակ իրականացնել 160.000 հայերի անհետացումն առանց դիարբեքիրցի որոշ ազդեցիկ ընտանիքների և քրդական ղեկավարների օգնության: Այս մարդկանց խոստանում էին հողատարածքներ, իսկ հայերի ոչնչացումից հետո՝ հայկական տներ:
«1915-ին տեղի քրդերի ազգայնական պահանջները դեռ չկային: Բոլոր նրանք, ովքեր մասնակցում էին Ցեղասպանությանը, հաճախ անում էին դա որպես մահմեդականներ՝ ոչ մահմեդական անհավատների դեմ»:
Աբդուլահ Դեմիրբասի դեմքը լրջանում է, երբ խոսում է «պետության ձեռքով ապակողմնորոշված քրդերի մասին»: «Պապիկս ինձ պատմել էր մի քահանայի մասին, որը մի քրդի համոզել է չսպանել իրեն՝ ասելով. «Մենք նախաճաշ ենք, դու էլ ճաշ կլինեք»: Այդպես էլ եղավ»,- ասում է նա:
Աբդուլահ Դեմիրբասը՝ տեղի քաղաքական ղեկավարը, Դիարբեքիրում շատերի պես ընդհանրություններ է տեսնում Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի Հանրապետությունում, տասնամյակ անց սկսված և մինչև 20-րդ դարի վերջը շարունակվող, քրդերի սպանությունների միջև:
«Կարևոր է, որ մենք՝ Ցեղասպանություն իրականաղնողներին օգնություն տրամադրողների թոռներս, առերեսվենք այդ անցյալին, ոչ միայն որպես պարտք, այլև ապագան միասին կառուցելու համար», – պնդում է քուրդ առաջնորդը:
Այդ հուժկու և թիկնեղ տղամարդը խոստովանում է, որ գրեթե լացում էր, երբ վերաբացվել էր տեղի հայկական եկեղեցին:
Արամ Խաչիկյանն ասում է, որ այն պարզապես եկեղեցի չէ. «Այն հավաքատեղի է բոլոր հայերի համար: Սփյուռքից շատ մարդիկ, իմանալով, որ եկեղեցին բացվել է, այլևս չեն վախենում գալ այստեղ»:
Աբդուլահ Դեմիրբասը նույնիսկ առաջարկում է այստեղ Ցեղասպանության թանգարան կառուցել:
«Մենք չենք համբերում՝ երբ են թուրքական իշխանություններն իրենց կամքով որևէ բան անելու, այնպես որ մենք պետք է ստիպենք նրանց անել դա»,- ասում է Դեմիրբասը:
Ադնան Չելիքը, սակայն, ավելի թերահավատ է. «Շատ քրդեր ընդունում են Ցեղասպանությունը, նրանք ներողություն են խնդրում, սակայն ի՞նչ է դա տալիս: Արդյո՞ք նրանք միակ մեղավորներն են: Կարևորն այն է, թե ինչ է պատրաստվում անել 100 տարի շարունակ Ցեղասպանությունը հերքող երկիրը»: