Հիշում եմ և պահանջում 

Courrier International. Հայոց ցեղասպանություն. լռության հարյուր տարի

Ֆրանսիական հեղինակավոր Courrier International պարբերականի խմբագրության տնօրեն Էրիկ Շոլը շաբաթվա խմբագրականում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: «Հայոց ցեղասպանություն. լռության հարյուր տարի» խորագրով հոդվածը ներկայացվում է ստորև.

 


Հռոմի Պապի ձայնը կարևոր է: Ինչպես և կարևոր են Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ բոլոր այլ ձայները՝ կլինեն Ֆրանսիայից, թե այլ տեղերից: Խոսքը զանգվածային սպանության համակարգված ծրագրի մասին է, որն ամփոփվում է երկու թվով. 1914 թվականին Օսմանյան կայսրությունում կար 2.133.190 հայ, իսկ 1922թ.՝ 387.800:

 


Յոթանասուն տարի առաջ Գերմանիան, պարտված և նացիստական ռեժիմից ձերբազատված. պատրաստվում էր դատապարտել իր նախկին ոճրագործ տերերին: 1945թ. դեկտեմբերի 12-ին Շավարշ Միսակյանը՝ Փարիզի հայկական «Հառաջ» պարբերականի խմբագիրը, գրել է. «Մենք հետևում ենք Նյուրնբերգյան դատավարությանը և մտքով ուղևորվում հեռու մի աշխարհ, որտեղ երեսուն տարի առաջ նույնօրինակ ոճրագործություն իրականացվեց… Միայն թե դատարանի առջև կանգնեին և պատժվեին Ցեղասպանությունն իրագործողները»:



Մի քանի օրից մի ամբողջ ժողովուրդ նշելու է այդ բարբարոսության հարյուրերորդ տարելիցը, բայց Թուրքիան այդպես էլ շարունակում է մերժել իր խղճի քննությունը կատարել: Հռոմի Պապի խոսքին հաջորդած Անկարայի վրդովված արձագանքը դա է վկայում. թուրքական վարչակազմը բավականություն է ստանում իր հետադիմության մեջ: Կարծես թե սերնդեսերունդ կրկնված և դպրոցական ձեռնարկներում հաստատված կեղծիքը դաջվել է երկրի պատմության վրա:

 


Նախորդ տարի Էրդողանի կառավարությունն այնուհամենայնիվ հասել էր նրան, որ ցավակցություն էր հայտնել զոհերի համար: Վերջիններիս սերունդների աչքում, իհարկե, դա անբավարար մի ժեստ էր, սակայն՝ անտանելի դարձած երկարատև լռությանը վերջ տալու առաջին քայլի նախապատկեր: «Պատմական իրադարձությունները, ինչպես Հոլոքոստը և 20-րդ դարի մեծ ոճրագործությունները, իրենց ներկայացվածությամբ, հանդես են գալիս սրտերի և մարմինների վրա տրավմատիկ հետք թողած բոլոր իրադարձությունների անունից: Դրանք բողոքում են իրանց եղելության դեմ և այդ առումով պահանջում լինել ասված, պատմված, հասկացված»,-բացատրում է փիլիսոփա Պոլ Ռիկյորը:

 


Ժամանակն է, որ թուրքական իշխանությունները ասեն բառերը: Կամ ավելի ճիշտ՝ մեկ պարզ բառ»:


Նույն շարքից