Հիշում եմ և պահանջում 

Today’s Zaman. Ցեղասպանության հանելուկը Թուրքիայում

Թուրք իրավաբան, լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Օրհան Քեման Չենգիզը հոդված է գրել Հայոց ցեղասպանության հերքման՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին՝ պնդելով, որ Թուրքիայի համար «ժամանակը շրջանաձև գետ» է: Today’s Zaman պարբերականում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք ստորև.


 

«Բավականին հետաքրքիր մի երկխոսություն կա «Դա Վինչիի դևերը» ֆիլմում: Ալ Ռահիմը խոսում է Դա Վինչիի հետ ժամանակից: Նա ասում է. «Լսե՞լ ես «ժամանակը գետ է» արտահայտությունը: Քչերն են կարողանում հասկանալ, որ գետը շրջանաձև է…»:

 


Ինձ դուր է գալիս այդ փոխաբերությունը և կարծում եմ, որ այն հարիր է գործածել Թուրքիայի՝ իր անցյալի հետ հարաբերությունների մասին խոսելիս:

 


Էական չէ՝ որքան առաջընթաց կա, մենք միշտ հանգում ենք նույն կետին:



Հիշու՞մ եք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը «Հայոց հարցի» վերաբերյալ 1915-ի 99-րդ տարելիցին:

 


Նա ասել էր. «Մենք փորձ ունենք այնպիսի իրադարձություններում, որոնք ունեցան անմարդկային հետևանքներ, ինչպես, օրինակ, Առաջին համաշխարհայինի տարիներին մարդկանց տեղահանումներն էին: Այդ փորձը չպետք է կանխի թուրքերի և հայերի միջև կարեկցանքի հաստատմանն ու միմյանց հանդեպ փոխադարձ մարդկային վերաբերմունքին: Մենք հույս ունենք և հավատում ենք, որ նույն սովորություններն ու բարքերն ունեցող ազգերը հասուն մարդկանց պես կկարողանան խոսել անցյալի մասին և արժանապատիվ կերպով կհիշեն իրենց կորուստները»:

 


Իսկ այժմ լսեք՝ ինչ է նա ասել այս տարի, երբ տեղեկացել է Եվրախորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման մասին. «Ինչ որոշում էլ կայացնի Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, այն մի ականջից կմտնի, մյուսից դուրս կգա»:

 


Երբ խոսքն անցյալին առերեսվելու մասին է, Թուրքիայի ժամանակի գետը, հիրավի, շրջանաձև է: Մենք միշտ վերադառնում ենք նույն ստատուս քվոյին:



Սակայն ես մեկ անգամ չեմ նշել, որ 1915-ի վերաբերյալ կա անհերքելի առաջընթաց «բացության» առընչությամբ:



10 տարի առաջ էր, երբ Բիլգի համալսարանում փորձում էին «Հայոց հարցի» թեմայով անց կացնել առաջին համագումարը: Բողոքի մեծ ալիքը հանգեցրել էր միջոցառման հետաձգմանը: Այն ժամանակ գրեթե անհնար էր կիրառել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:

 


Եթե 10 տարի առաջ գործածվեր «Հայոց ցեղասպանություն»-ը, գրեթե երաշխավորված էր, որ տվյալ մարդուն կհետապնդեին թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով: Եվ ոչ միայն դա, նաև կհեղեղեին սպառնալի և վիրավորական բովանդակությամբ անթիվ հաղորդագրություններով:

 


Այսօր ամեն ինչ այլ է: 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչող գրքերը հանգիստ հանդիպում են գրախանութների դարակներին: Կարող եք կարդալ թերթերում հոդվածներ և լսել հեռուստատեսությամբ, որ 1915-ի կատարվածը ցեղասպանություն էր: Ապրիլի 24-ին կարող եք ականատես լինել մարդկային մեծ կուտակումների, որոնք բոլոր խոշոր քաղաքներում հիշատակում են Հայոց ցեղասպանությունը և պաշտպանված են ոստիկանությամբ:

 


Այս ամենը տեղի չէր ունենա, եթե դա չցանկանար կառավարությունը: Այստեղ հանգում ենք պարադոքսի: Բոլոր այն դիտողությունները, որ հայտնվում են քաղաքացիական հասարակության կամ այլ հարթակներում, մասնավորապես ԶԼՄ-ներում, չեն նշանակում, որ թուրքական պետությունը փոխել է իր պաշտոնական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

 


Պաշտոնական հերքումն անփոփոխ է: Մինչ քաղաքացիական հասարակության շրջանում տեղի են ունենում բոլոր այս քննարկումները, պետությունը հրամայում է աշխարհի բոլոր թուրք դեսպաններին հակափաստարկներ զարգացնել հայկական սփյուռքի փաստարկներին: Թուրքական պատմական ընկերակցությունը շարունակում է ստեղծել հերքման նման փաստարկներ:  

 


Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական քաղաքականությունը մի փոքր անգամ չի փոխվել: Եւ մենք մոտենում ենք ընտրության, որում Էրդողանն ակնկալում է ազգայնականների աջակցությունը: Ենթադրում եմ՝ այս գործոնները բացատրում են նրա դատողության վճռականությունը»:


Նույն շարքից