Արցախի Հանրապետությունը սահմանադրորեն և փաստացի անկախ և ինքնիշխան է, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն է: Աշխարհագրորեն գտնվում է հյուսիսարևմտյան Ասիայում։ Արևմուտքից սահմանակցում է ՀՀ-ին, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոն է Շուշի քաղաքը։
Պատմականորեն կազմում է Մեծ հայքի Արցախ նահանգը։ Աշխարհագրական և քաղաքական դիրքով Արցախը կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։
Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն։ Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Արցախի Հանրապետությունից (ԼՂՀ)։
Ըստ արևմտյան պատմաբանների, Արցախի, ինչպես և Հայկական լեռնաշխարհի այլ հատվածների հայ բնակչությունը, կազմավորվել է նախնադարյան բնիկ ցեղերի և նախահայերի (պրոտո-արմենների) միաձուլման արդյունքում։ Վերջիններս այստեղ են հաստատվել արդեն մ.թ.ա. 7-րդ դարում ։ Պատմական աղբյուների հավաստմամբ Արցախը մտել է մ.թ.ա. 189 թ հռչակված Հայոց Թագավորության կազմի մեջ՝ որպես վերջինիս 15 նահանգներից մեկը։ Արցախի նահանգն ուներ 12 գավառ և Հայաստանի կազմի մեջ է մնացել մինչև մ.թ. 4-րդ դարավերջ։
Արցախի Հանրապետության ընդհանուր տարածքը կազմում է 11.458 կմ² և վարչակա-տարածքայնորեն բաժանված է 8 շրջանների: Մայրաքաղաք Ստեփանակերտը նույնպես շրջանի կարգավիճակ ունի։ Շրջանները իրենց հերթին բաժանված են 242 համայնքների։