Հիշում եմ և պահանջում 

Ինքը՝ վարպետը. Հրանտ Մաթևոսյանի մասին

analitik.am

Հատվածաբար ներկայացնում ենք Հրանտ Մաթևոսյանի մասին թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանի անդրադարձը:

«Ուրեմն՝ Ինքը: Վարպետը: Հրանտ Մաթեւոսյանը:

Ապշեցուցիչ է իրադրությունները, ավելի ստույգ՝ հոգեւոր մթնոլորտը կանխատեսելու նրա ձեռնհասությունը. Ինքն էր, դեռ տարիներ առաջ, վախով տեսել մեր հոգին՝ ուրիշը վերծանելիս: Ապա հայրենիքն այնքան «զորացավ», որ բիցեպսը հաղթեց ուղեղին, սապոգները մտան դպրոց, անճանաչելիորեն աղավաղվեց մայրենին, մեր վարքն ու բարքը, եւ, իր իսկ համոզմամբ, ազգովի գրեցինք «հոկտեմբերի 27-ի» խայտառակ սցենարը ... ։

Ինքը գիտեր այս ամենը, Ինքը սարսափով էր տեսնում ու կախականջներին կանխատեսում վատթարը: Որովհետեւ երկիրը կենդանի օրգանիզմ է, այլ ոչ մի բուռ ավազ, որը թափվում է մատների արանքից. Երկիրը մենք ենք, ու երեւի նրան հերթական անգամ փրկելու համար մեզնից պահանջվում էր ավելի շատ կամք ու տղամարդկություն, ավելի շատ սրտացավություն, քան երբեւէ, ու ավելի շատ խելք, քան երբեւէ: Կամ՝ «Թե՞ մենք ունակ չենք նվիրումի»,- Ի՛նքն է ասել:- «Թե՞ մեր տված արյունը բազում աշխարհամարտերի՝ մեր տված արյունը չէր - տուրք էր կեսարներին: Թե՞ մեր ցմրուրս զոհողությունները հպատակի մեր տուրքերն էին օտար տիրակալներին: Թե՞ մարդկային մեր շքեղ շնորհների բացարձակամները այլ ժամանակների ու երկրների ապարանքներում- շնորհի բացահայտումն էին ի տես մեզ իշխողների»: Ինքն է գրել: Այսպես, հարցը դրված կտրուկ ու տղամարդավարի՝ իշխա՞ն ես, թե՞ հպատակ. կամ թեկուզ քրիստոնեավարի՝ տե՞ր ես: Զարմանալի՞ է, որ մեր (այսինքն՝ արյունակից) Վարպետին գնահատողն էլ էր այլազգին, հասկացողն էլ: Չարենցը դաս չեղավ, ու փրփրաբերան ընկեցիկն իր դարավոր, անմեկնելի չարությամբ էլի թունավորեց (փորձեց թունավորել) Հրանտ Մաթեւոսյանին: Բայց Ինքը բնազդաբար ճիշտ արահետն էր ընտրել, թե՞ ճիշտ արահետն էր նրան գտել: Վայրահաչոցը կար ու կա. տեսեք, թե ինչ կատարելության է հասնում համահայկական միակ բրենդը՝ հոշոտել լավին: Սովալլուկ փաղանգի վերջին հուսահատ փորձը նրան ուրացող դարձնելու զուր տվայտանքն էր, բայց Ինքը պինդ էր, որովհետեւ գիտեր, որ եղբորը չեն ուրանում, եւ որ գրասեղանին դրված թուղթը մաքուր պիտի լինի, իսկ գրիչն՝ աներեր:

Եվ փառք Աստծո, որ Ինքն իր թնդության մեջ բարի սամարացի էր ու առերեւույթ փխրունության մեջ՝ ի բնե անկոտրում: Եթե գրող էր պահանջվում՝ Ինքը եղավ. եթե ճշմարտախոս էր պահանջվում՝ Ինքը եղավ. ու եթե զոհ էր պահանջվում՝ էլի Ինքը եղավ: Մեր կիսատպռատության ու ծանծաղամտության զոհը: Հիմա Ինքը ֆիզիկապես չկա, այսինքն՝ սթափեցնող ներկայությունը, ու այդ անսահմանորեն իմաստալից տեղը, մատուռը նյարդաթուլագար թափթփուկներն անապատի վերածեցին՝ փոխարենն այնտեղ լցնելով ինքնագոհության, կասկածելի գրաճանաչության աղբը: Որովհետեւ չկա իսկական Տերը՝ Խազեինը, ու հիմա իրենք անտեր են, կինանտրոպիայի նորագույն տեսակ՝ դավաճանի կարմիր թեւկապով:
Միամտություն կլինի կարծել, թե Սարոյանն իր ժառանգական հայկականությունն էր ցույց տալիս՝ ասելով. «Իմ գրվածքները կընթերցվեն կրկին ու կրկին»: Մեծ մարդիկ, փառահեղ մարդիկ լավ գիտեն իրենց հարկը: Ինքը եւս գիտեր («...բայց դուք կմնաք անտեր: Վախենամ, որ կմնաք հովիվը կորցրած ոչխարի պես, որին գայլը կուտի»), ու Ինքը եւս գիտեր իր ստեղծածի գինը: Որովհետեւ էլ որտե՞ղ է վերջանում հազարամյա կոծն ու պարտասությունը եւ սկսվում մեծ աշխարհին հպարտ հայացքով նայելու քաջությունը. գիրը՝ խորակրկիտ, միտքը՝ խրոխտ, ներուժը՝ անչափելի:

Բայց որպեսզի անդառնալիորեն չտարրալուծվենք այսօրվա քաոսի մեջ, համոզված պիտի լինենք, որ ողջամտությունը, ի վերջո, մոտ է լույսին ու լուսապսակին (հրոսակի, տիրացվի, վարժապետի ու հարճի տարածք չէ սա), ինչպես Հրանտ Մաթեւոսյանն էր այդքան մոտ՝ գրչով, խոսքով, ինքնությամբ:

Եվ Ինքը հաղթեց: «Նա հաղթեց,- ինչպես մի անգամ գրեց Սարոյանի մասին,- հաղթեց ու կանգնեց նույնպես հաղթած իր եղբայրների կողքին՝ Սարոյանի, Չարենցի, Խաչատրյանի, Թամանյանի...»: Որովհետեւ որտեղ Ինքն էր բնակվում, եւ բնակվում է՛, մահը չունի տարածք եւ իշխանություն. իր նոր՝ դեռեւս հնարավոր տիրույթում, դեռեւս հնարավոր հայրենիքում, օրհասական արթնացումով մկրտվելու է Հրանտ Մաթեւոսյանի քաջ ժողովուրդը. իր որդիների ժողովուրդը՝ անխառն ու բացառիկ:

Նույն շարքից